Լրահոս
Օրվա լրահոսը

Աննախադեպ եւ համակ ուշադրություն` Հայաստանի քայլերի նկատմամբ

Հունվար 17,2025 12:00

«Հայաստանը չի կարող միաժամանակ ԵՄ եւ ԵԱՏՄ անդամ լինել», հիշեցնում են Կրեմլից

Տնտեսական եւ սոցիալական խնդիրների բախվող ԵՄ-ին անդամակցելը նման է «Տիտանիկի» տոմս գնելուն

Անցած մի քանի օրերը Հայաստանի արտաքին քաղաքականության համար կարեւոր իրադարձություններով հարուստ էին եւ այդ իրադարձությունները լայն արձագանք ստացան Հայաստանի ռազմավարական գործընկերների կողմից:

Հայաստանի համար վճռորոշ այս փուլում` հունվարի 9-ին, Հայաստանի կառավարությունը հաստատեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը եւ ուղարկեց Ազգային ժողով։

Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը, այսօր հայտարարել է դաշինքի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը՝ ելույթ ունենալով Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում։ «Մենք նաեւ լսում ենք, որ կան դրական շարժումներ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու ուղղությամբ: Դա ընտրություն է, եւ մենք պետք է բոլոր դիմումները շատ-շատ մանրամասն ուսումնասիրենք եւ նույնը կանենք Հայաստանի դեպքում։ Սակայն այս ընտրությունը, եթե Հայաստանը որոշի դիմել, կապված է պարտավորությունների հետ։ Եվ ես վստահ եմ, ինչպես նաեւ իմ ծրագրում է՝ տարվա առաջին կեսին այցելել Հայաստան՝ տեղում տեսնելու, թե ինչ պետք է անենք նախապես կամ ինչի մասին է անհրաժեշտ փոխանակել տեղեկատվություն», – ասել է նա։

Կառավարության որոշումը ներքին եւ միջազգային լայն արձագանք է ստացել։ Ռուսաստանից Հայաստանին զգուշացնում են ԵԱՏՄ-ից դուրս գալու տնտեսական հետեւանքների մասին` սպառնալով Հայաստանին տնտեսական խնդիրներով ու բարդություններով:

Թեեւ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի ընդունումը չի նշանակում Եվրամիության անդամակցություն, եւ այդ հարցով անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել, Ռուսաստանից անմիջապես արագությամբ արձագանքեցին Հայաստանի կառավարության որոշմանը:

«Հայաստանը չի կարող միաժամանակ ԵՄ եւ ԵԱՏՄ անդամ լինել», – հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Ի՞նչ է նշանակում Հայաստանի անդամակցությունը ԵՄ։ Այս պահին դժվար է ասել, սակայն եթե այս հարցը դիտարկում ենք հիպոթետիկ հարթության մեջ, ապա երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինելն անհնարին է»,- նշել է նա։ Կրեմլի խոսնակի պնդմամբ՝ «դա, իհարկե, Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն պետք է հաշվի առնել, որ անդամակցությունը ԵԱՏՄ-ին ձեռնտու է»։

Թեմային ավելի առարկայական անդրադարձ էր կատարել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, արդեն որոշակիորեն հնարավոր մարտահրավերների մասին ակնարկելով:

Հայաստանի մուտքը Եվրամիություն անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցության հետ, շեշտել է Օվերչուկը: Նա համոզմունք է հայտնել, որ ԵԱՏՄ-ի հետ կապերի դադարեցման դեպքում երկրում կաճեն էներգիայի եւ սննդամթերքի գները, 70-80 տոկոսով կկրճատվի արտահանումը:

ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն եւ ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժ, հետեւաբար պատկերացնել, որ այդ երկու միությունները կարող են ընդհանուր կետ ունենալ, անհնար է, ասել է Օվերչուկը եւ հավելել, թե այդ օրինագիծը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնում: «Սովորական մարդիկ կկորցնեն եկամուտներ, աշխատանք եւ կսկսեն ավելի շատ վճարել ամենաանհրաժեշտի համար: Փոխարենը, նրանք, ամենայն հավանականությամբ, կստանան առանց վիզայի ճամփորդելու հնարավորություն, իսկ Հայաստանը կզրկվի բնակչությունից», – կանխատեսել էր ՌԴ փոխվարչապետը:

Օվերչուկը նաեւ պնդել էր՝ այժմ ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելն արտոնություն է, իսկ տնտեսական եւ սոցիալական խնդիրների բախվող ԵՄ-ին անդամակցելը նման է «Տիտանիկ»-ի տոմս գնելուն: ՌԴ փոխվարչապետի համոզմամբ՝ եթե օրինագծի հեղինակներն ազնիվ լինեին, այն կլրացնեին հոդվածով, որ դրա ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանը դադարեցնում է անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Իսկ նման հոդվածի բացակայությունը, ըստ Օվերչուկի, նշանակում է, որ հեղինակներն իրենց հաշիվ են տալիս ԵԱՏՄ-ից ելքի հետեւանքների մասին:

ԵՄ-ից առաջարկեցին եւս երկու տարով երկարաձգել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը

Վերջին օրերին ադրբեջանական սպառնալիքների եւ հնարավոր ռազմական գործողությունների կանխատեսումների ֆոնին՝ հայտնի դարձավ, որ Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է եւս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը։

«Ազատությանը» ԵՄ արտգործնախարարի գրասենյակից հայտնել էին. «Անդամ երկրները ողջունել են առաջարկը եւ այս պահին քննարկում են անհրաժեշտ օրինական ակտերը՝ Եվրամիության խորհրդի համապատասխան մարմինների հետ։ Խորհրդի որոշումը երկարաձգման շուրջ սպասվում է առաջիկա օրերին»։

ԵՄ դիտորդները Հայաստան էին ժամանել 2 տարի առաջ՝ 2023-ին։ Առաքելության ժամկետը լրանում է այս փետրվարին։ Բաքուն տեւական ժամանակ նրանց մեղադրում է լրտեսության եւ տարածաշրջանի կայունությունը խախտելու մեջ՝ պահանջելով Երեւանից դադարեցնել դիտորդների գործունեությունը սահմանին:

Ի պատասխան Ադրբեջանի այդ մեղադրանքներին՝ Բարձր ներկայացուցչի գրասենյակից նշել են. «Հայաստանում Եվրամիության առաքելության մանդատը շատ հստակ է՝ դիտարկել եւ զեկուցել տեղում՝ հողի վրա Հայաստանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը եւ նպաստել հայ-ադրբեջանական կարգավորման հարցում Եվրամիության ջանքերին: Դիտորդական առաքելության տեղակայումից ի վեր զինված միջադեպերի թիվը սահմանամերձ տարածքներում զգալիորեն նվազել է։ Ինչպես հայտնի է, ԵՄ-ն Ադրբեջանին պարբերաբար տեղեկացնում է առաքելության գործունեության մասին»։

Ինչպե՞ս են Բրյուսելում գնահատում Հայաստանի կառավարության որոշումը, որով հավանություն տրվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին։ Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսն այս առիթով «Ազատությանը» պատասխանել է. «Մենք տեղեկացել ենք այդ որոշման մասին եւ պատրաստվում ենք ուսումնասիրել այն։ Մենք քննարկումների մեջ ենք Հայաստանի իշխանությունների հետ, այն բոլոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ԵՄ- Հայաստան հարաբերություններին, որոնք ընթանում են դրական ուղղությամբ»: Արդյոք Հայաստանն իսկապես Եվրամիությանը անդամակցելու հնարավորություն ունի՞, Բրյուսելի դիվանագիտական ներկայացուցիչն ասել է՝ ամեն երկիր ինքն է այդ որոշումը կայացնում։ Մարագոսի խոսքով՝ կան ԵՄ պայմանագրի դրույթներ, որոնք բացատրում են, թե ինչպես պետք է անդամակցությունը տեղի ունենա։

Բայց արդյոք Եվրամիությունը սպասո՞ւմ է Հայաստանին իր ակումբում, Մարագոսը պատասխանել է. «Եվրամիությունը խիստ հավատարիմ է Հայաստանի հետ իր հարաբերությունները խորացնելու հանձնառությանը։ Մենք բանակցում ենք գործընկերության նոր օրակարգի շուրջ։ Ինչպես նաեւ հայտարարել ենք «Դիմակայունություն եւ աճ» ծրագիրը, որի իրականացման փուլում ենք»։

Իր հերթին ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է՝ Եվրամիությունը կվերլուծի եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծն ու հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ: Նա շեշտել է՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել, որքան հիմա՝ ընդգծելով՝ դա հաստատվեց նախորդ տարի մի շարք որոշումներով, մասնավորապես՝ վիզաների ազատականացման երկխոսության գործարկմամբ եւ Եվրոպական խաղաղության հիմնադրամից տրամադրված 10 միլիոն եվրոյի աջակցությամբ։

Օրերս պաշտոնական Մոսկվան անդրադարձել է նաեւ ԵՄ դիտորդների թեմային: Հայաստանի կառավարությունը պետք է լուծի իր խնդիրները հարեւան երկրների հետ, այլ ոչ թե աջակցության համար դիմի ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` 2024 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում։ «Մենք մի օր անխուսափելիորեն կգանք նրան, ինչի մասին հիմա խոսում են ՌԴ-ն, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, այն է՝ տարածաշրջանի երկրները պետք է լուծեն խնդիրները իրենց անմիջական հարեւանների հետ»,- նշել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է Հայաստանի մերձեցումն Արեւմուտքի հետ ազդել տարածաշրջանի անվտանգության վրա:

Լավրովը հավելել է, որ խնդիրներ չի տեսնում արեւմտյան երկրների եւ ԵՄ-ի հետ Հայաստանի շփումների առումով։ «Բայց երբ երկրները, որոնք հեռու են մեր տարածքից, ավանդույթներից եւ պատմության՝ ոչ գաղութային հարթությունում պատկերացումներից, հայտարարում են, որ ԵՄ առաքելությունը կապահովի անվտանգությունը, օրինակ, Սյունիքի մարզում, ես դա իրականում չեմ հասկանում», նկատել է Լավրովը։ Նա նաեւ հավելել է, թե ռուսական կողմի տեղեկություններով` «ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը մեծամասամբ զբաղվում է ոչ այնքան Հայաստանին, որքան արեւմտյան դաշինքներին հետաքրքրող հարցերով»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.01.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031