Բոլոր վարորդներն էլ, հավանաբար, տրանսպորտային միջոց շահագործելիս հանդիպել են ժամանակավորապես տեղադրված ոստիկանական անցակետի, որտեղ ոստիկանության ծառայողները կանգնեցնում են տրանսպորտային միջոցները, ստուգում վարորդի եւ տրանսպորտային միջոցի փաստաթղթերը, վարորդի ներկայությամբ զննում տրանսպորտային միջոցի սրահը, բեռնախցիկը եւ այլն։
«Ոստիկանության մասին» օրենքը՝ հակադրության մեջ մարդու մասնավոր եւ ընտանեկան կյանքի իրավունքի հետ. փաստաբան
«Տրանսպորտային միջոցի եւ դրանում առկա պահոցների, պայուսակների, բեռների եւ այլ բաց եւ փակ հատվածների զննություն իրականացնելու ոստիկանության իրավունքը հանդիսանում է վիճելի իրավունք, քանի որ այն որոշակիորեն հակադրվում է անձի մասնավոր եւ ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքին»,- «Առավոտին» տրամադրած պարզաբանման մեջ ընդգծել է փաստաբան, իրավագիտության թեկնածու Արսեն Սարդարյանը։
Վարորդի ներկայությամբ տրանսպորտային միջոցի զննումն ամրագրված է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ, մասնավորապես, նշվում է.
Կարդացեք նաև
«Ճանապարհային երթեւեկության անվտանգությանն սպառնալու կամ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտվելու դեպքերում, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների հետախուզման, տրանսպորտային միջոցներով ապօրինի բեռներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ եւ հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ, ինչպես նաեւ հետախուզվող անձանց տեղափոխման մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում ոստիկանությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով՝… վարորդների կամ քաղաքացիների ներկայությամբ զննել տրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ փոխադրվող բեռը՝ քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր եւ իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ եւ հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում…»։
«Օրենքն օգտագործում է «հիմնավոր կասկածի» առկայության հանգամանքը որպես զննություն իրականացնելու նախապայման, սակայն երբ այդ հանգամանքի առկայության գնահատումը տրված է վարչական մարմնի հայեցողությանը, դրա իրավական արժեքը, մեղմ ասած, կասկածելի է դառնում»,-նկատել է տալիս իրավագիտության թեկնածուն։
Ներքին գործերի նախարարությունից փորձեցինք ճշտել «հիմնավոր կասկած» եզրույթի իրավական նշանակությունը։
«Հիմնավոր կասկածն» ուղղակիորեն սահմանված չէ». ՀՀ ՆԳՆ
Պարզվում է՝ «հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկած» եզրույթը ՀՀ օրենսդրական ակտերով «ուղղակիորեն սահմանված չէ», սակայն հիմք է ընդունվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ֆոքսը, Քեմփբելը եւ Հարթլին ընդդեմ Միացյալ Թագավորության» գործի որոշումը, համաձայն որի՝ հիմնավոր կասկածը ենթադրում է փաստերի կամ տվյալների առկայություն, որոնք օբյեկտիվ դիտորդի մոտ կստեղծեն համոզմունք առ այն, որ համապատասխան անձը հնարավոր է կատարած լինի իրեն վերագրվող խախտումը։
Ավելին, ՆԳՆ-ից շեշտեցին՝ «հիմնավոր կասկածը կարող է առկա լինել ինչպես կոնկրետ տրանսպորտային միջոցի, այնպես էլ՝ որոշակի հատկանիշներով իրար նման (այդ թվում՝ նույն ժամանակահատվածում կամ նույն երթուղով երթեւեկող) տրանսպորտային միջոցների վերաբերությամբ»։
«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածով սահմանված կարգով հատուկ միջոցառման ժամանակ, որն ըստ ՆԳՆ իրավաբանական վարչության՝ «պլանավորված, որպես կանոն, ոստիկանության ուժերի եւ միջոցների ավելի լայն ներգրավմամբ իրականացվող, ոստիկանության խնդիրներից բխող նպատակին հասնելուն ուղղված գործողություն է», զննումներ կատարելու համար հիմնավոր կասկածի առկայություն անհրաժեշտ չէ։
Տրանսպորտային միջոցը «բնակարան» է. ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
Արսեն Սարդարյանի դիտարկմամբ՝ «Ստացվում է, որ «Ոստիկանության մասին» օրենքը թույլ է տալիս ոստիկանության աշխատակցին բացել ավտոմեքենայի բեռնախցիկը, դռները, մեքենայի ներսում գտնվող պահոցները եւ նույնիսկ բացել բեռները՝ պայուսակներ, արկղեր եւ այլն։ Այլ կերպ ասած, փաստացի «Ոստիկանության մասին» օրենքը թույլ է տալիս առանց դատարանի որոշման սահմանափակել անձի անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը եւ փաստացի խուզարկել տրանսպորտային միջոցը»։
Իրավագետը մեջբերեց ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 56-րդ կետը, որը սահմանում է «բնակարան» իրավական հասկացությունը։ «Բնակարան» հասկացության մեջ, բացի բուն կեցավայրից, մտնում են նաեւ «ավտոտնակը, այգետնակը, հյուրանոցային համարը, նավախցիկը, գնացքի ճամփորդախցիկը, դրանց այլ բաղկացուցիչ մասերը, համապատասխանաբար դրանց անմիջական հարող մասնավոր տարածքները, մասնավոր եւ ծառայողական տրանսպորտային միջոցը, ինչպես նաեւ աշխատասենյակը»։
Հայաստանի Սահմանադրության 32-րդ հոդվածի 3-րդ կետում կարդում ենք. «Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով»։
Ավելին, Քրեական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 6-րդ կետը հստակեցնում է. «Բացառությամբ դեպքի վայրի զննության, անձի բնակարանում ապացուցողական եւ վարութային այլ գործողություններ կարող են կատարվել դատարանի որոշմամբ կամ տվյալ անձի համաձայնությամբ: Ամեն դեպքում, բնակարանում խուզարկությունը, առգրավումը եւ դեպքի վայրի զննություն չհամարվող զննությունը կարող են կատարվել միայն դատարանի որոշմամբ»:
Սարդարյանը եզրակացնում է. «Ստացվում է, որ ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի վերոգրյալ իրավակարգավորմամբ ավտոտրանսպորտային միջոցում գտնվող առարկաների գաղտնիության իրավունքը պաշտպանության առումով հավասարեցված է բնակարանում գտնվող առարկաների պաշտպանությանը, եւ այդ իրավունքը բացառապես կարող է սահմանափակվել դատարանի որոշմամբ, սակայն ՀՀ «Ոստիկանության մասին» օրենքը ոստիկանությանը թույլ է տալիս առանց դատարանի թույլտվության տրանսպորտային միջոցի բեռները զննելու, այսինքն՝ խուզարկելու»։
Քաղաքացիները պարտավոր են չխոչընդոտել ոստիկանության ծառայողներին. ՆԳՆ
ՀՀ ՆԳՆ իրավաբանական վարչությունը, սակայն, հղում կատարելով «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին» ՀՀ օրենքին` նշեց, որ քաղաքացիները պարտավոր են չխոչընդոտել ոստիկանության ծառայողների կողմից տրանսպորտային միջոցի եւ բեռի՝ քաղաքացիների ներկայությամբ զննմանը։
Կառույցից հավելեցին՝ եթե վարորդը համաձայն չէ զննման հիմքի կամ հիմնավոր կասկածի առկայության հետ, ապա նա իրավունք ունի բողոքարկել ոստիկանության ծառայողի գործողությունները դատական կամ վարչական կարգով։
Առկա է լեգիտիմ շահերի բախում. Սարդարյան
Իսկ Արսեն Սարդարյանը եզրահանգում է՝ առկա է լեգիտիմ շահերի բախում, քանի որ «Մի կողմից խնդիր ունենք ոստիկանությանը բավարար գործիքակազմ տրամադրելու իր առջեւ դրված գործառույթները՝ հանցավորության դեմ պայքար, հասարակական անվտանգության ապահովում եւ այլն, իրականացնելու համար, իսկ մյուս կողմից ունենք անձի անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի պահպանության խնդիր»։
Ըստ փաստաբանի՝ շահերի լեգիտիմ բախմամբ պայմանավորված՝ վերաբերելի իրավական ակտերի դրույթները վիճահարույց են։
«Այս պայմաններում ձեր բարձրացրած հարցերի վերջնական պատասխանը կարող է տրվել միայն դատական իշխանության կողմից»,-«Առավոտի» հետ զրույցում եզրափակեց Արսեն Սարդարյանը։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.01.2025