Լրահոս
Օրվա լրահոսը

«35 տարի անց հայերի վիճակը տարածաշրջանում ավելի քան մտահոգիչ է». գերմանական ԶԼՄ-ները պարբերաբար շրջանառում են փաստը, որ Ստալինի կամայական որոշման պատճառով է Ղարաբաղը տրվել Ադրբեջանին. «Ազգ»

Հունվար 17,2025 11:48

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գերմանական ԶԼՄ- ները երեկ Մյունխենում դատարանի դահլիճից սկսեցին լուսաբանել երկրի պատմության մեջ «աննախադեպ» մի դատավարություն, երբ Բունդեսթագի նախկին պատգամավորներ Ադրբեջանից կաշառք ստանալով, ծառայել են այդ երկրի շահերին: Այսպես էին մեկնաբանում մեր գործընկերները դատարանում դատախազության մեղադրանքները հերքող Աքսել Ֆիշերի, Էդուարդ Լինթների եւ նրանց օժանդակող 2 անձանց գործունեությունը՝ քննադատելով նաեւ բռնապետ Ալիեւի հանդեպ իրենց երկրի, աշխարհի հանդուրժողականությունը: Նրան ներկայացնելիս՝ ավելի հաճախ ցուցադրվում էր Ստեփանակերտի կենտրոնում ադրբեջանական դրոշը համբուրող բռնակալ ագրեսորի կադրը՝ հեռուստադիտողին փոխանցելով Արցախի հայազրկման, ցեղասպանության գլխավոր ոճրագործի դեմքը: Ազդակն ինձ համար հստակ է՝ նա էլ կանգնելու է դատարանի առաջ, ինչպես գերմանացի պատգամավորները երեկ: Մյունխենի դատարանը դեռ նոր է քննում հայությանը ծանոթ կաշառառու նախկին պատգամավորների գործը:

…Հունվարի 12-ին «Դոյչլանդֆունկն» առավոտյան եթերում անդրադարձավ Բաքվի ջարդերին: 35 տարի առաջ Բաքվում ադրբեջանցի ազգայնամոլների ձեռամբ իրականացված հայերի ջարդը սարսափելի ոճիր էր, արձանագրեց հաղորդման հեղինակ Դանիել Գութմաննը (Daniel Guthmann): Նա նկարագրեց, որ 90-ականների սկզբին, ԽՍՀՄ փլուզման ժամանակ, Ադրբեջանում ազգայնամոլներն ուզում էին իշխանության գալ, իսկ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ հակադրությունն ալիքվում էր, ԼՂ հարցն ուշադրության առանցքում հայտնվում: Հայաբնակ այդ վայրը Ստալինի քմահաճույքով, տրվել էր Ադրբեջանին, թեեւ ինքնավար մարզի կարգավիճակով, սակայն տեղի բնիկ հայ բնակչության կամքին հակառակ, եւ հակամարտությունը երկու հարեւան պետությունների, ժողովուրդների միջեւ արմատավորվել էր:

ԽՍՀՄ փլուզմանը զուգահեռ Ղարաբաղի ինքնորոշված բնակիչները հայրենի երկրին միանալու կամային որոշում ընդունեցին, որին այդ ժամանակ Հայաստանից սատարեցին, հաղորդմանը մասնակից սոցիոլոգ Թեսա Հոֆմանն է լրացնում: Նրա մեկնաբանմամբ Հայաստանից Ադրբեջան արտաքսված ադրբեջանցիները իրենց երկրի որ շրջանում էլ հայտնվում էին, ատելություն էին տարածում տեղի հայերի հանդեպ: 1988-ի փետրվարին Սումգայիթում առաջին սարսափելի կոտորածը եղավ, որին զոհ գնաց նվազագույնը 50 հայ: Սումգայիթում բազմաթիվ հայեր էին բնակվում: Նրանք արդյունաբերական այդ քաղաք էին տեղափոխվել բնակվելու Ղարաբաղից՝ չդիմանալով հայկական այդ շրջանների հանդեպ խորհրդային Ադրբեջանի իշխանության կիրառած տնտեսական ճնշումներին: Բաքվում էլ հայերի թիվը մեծ էր: 1990-ի հունվարին արդեն Բաքվում բնակվող հայերը խորապես մտահոգված էին ազգամիջյան լարված հարաբերությունները տեսնելով:

Այդ օրերին մոտ 100 հայ ադրբեջանցի ծայրահեղականների կոտորածի զոհ դարձավ, նշում է Դանիել Գութմաննը:

«35 տարի անց հայերի վիճակը տարածաշրջանում ավելի քան մտահոգիչ է: 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի նախագահ Ալիեւի զորքը զավթեց ԼՂ-ն՝ հայերին արտաքսելով իրենց բնօրրանից: Քաղաքակիրթ աշխարհից գրեթե ընդվզում չլսվեց»:

Գերմանական լրատվամիջոցները պարբերաբար շրջանառում են պատմական այն փաստը, որ Ստալինի կամայական որոշման պատճառով է Ղարաբաղը տրվել Ադրբեջանին:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031