Լրահոս
Օրվա լրահոսը

«Մսյո Ազնավուր» ֆիլմը մի տեսակ կարծես թե Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմի ակամա շարունակությունը լինի»

Հունվար 17,2025 11:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դեժավյու – ֆրանսերեն déjà vu, որ թարգմանաբար նշանակում է՝ «արդեն տեսած»։ Հենց նման անսովոր պահի բերումով ստեղծվեց այս հոդվածը: Ստացվեց այնպես, որ երկու օր շարունակ, նույն ժամին, նույն տեղում, իսկ ավելի որոշակի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ պատահաբար հանդիպեցինք ռեժիսոր Լևոն Իվանյանին, իր տիկնոջ` դերասանուհի Գայանե Մկրտչյանի հետ և երկու դեպքում էլ նույն հարցը տվեցին, թե ի՞նչ եք անում այս կողմերում: Ստացա շատ պարզ պատասխան, որ «եկանք «Մսյո Ազնավուր» ֆիլմը դիտելու:

Լևոն Իվանյանն ու Գայանե Մկրտչյանը

Առաջին օրն այս պատասխանը շատ պարզ հնչեց, իսկ երկրորդ օրը պարզապես թվաց, թե այս պահը կրկնվո՞ւմ է արդյոք, թե՞ իրական է, այնքան, որ նույնն է: Իվանյանի պատասխանը, թե «չէ, չի թվում, մենք իսկապես երկրորդ անգամ ենք ֆիլմը դիտում», ավելի հետաքրքրեց ու, եթե երեկ պատահական էի համարում մեր հանդիպումը, այսօր ինչ որ կարգի օրինաչափություն տեսա ու լրագրողի հետաքրքրության բերումով փորձեցին պարզել, թե ի՞նչն է յոթ տասնամյակն անց երկու փորձառու արվեստագետներին երկու օր շարունակ բերել նույն ֆիլմը դիտելու:

Մեր այն հարցին, թե հաճա՞խ եք այցելում կինոթատրոններ, արվեստագետ ամուսինները պատասխանեցին, որ ամենևին ոչ: Քիչ անց Իվանյանն ավելացրեց. «Մենք հազվադեպ ենք «կինո» գնում և սա թերևս առաջին դեպքն է, որ ոչ միայն «կինո» ենք գնացել, այլ նույնիսկ անհամբեր ձևով, երկրորդ օրը նորից ենք գնացել, այն էլ գնացել ենք հատկապես նույն ֆիլմը դիտելու»:

Ավելի հետաքրքրեց` և ինչո՞ւ: Պատասխանը միանգամից հնչեց. «Որովհետև սա բացառիկ ֆիլմ է հայ իրականության համար, հայության վերաբերյալ այսպիսի միջազգային ամենաբարձր մակարդակի ֆիլմ, թերևս մեկ-երկու-երեքը միայն կարողանամ թվարկել, և այն էլ երրորդը չգիտեմ, թե որն է: Ամեն դեպքում դա Ալ Պաչինոյի խաղացած «Բժիշկ մահը» չի` Ջեք Գևորգյանի մասին: Իսկ «Մսյո Ազնավուր» ֆիլմը մի տեսակ կարծես թե Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմի ակամա շարունակությունը լինի, որտեղ ցեղասպանությունից մի կերպ փրկված և Ֆրանսիայում հայտնված հայ մարդն է, որ գերագույն աշխատասիրության և մեծագույն ճիգերի շնորհիվ ոչ միայն գոյատևում է այս աշխարհում, այլ հասնում է մարդկային գործունեության հնարավոր ամենաբարձր գագաթին և այդով պատիվ է բերում ոչ միայն իրեն, իր ազգին, այլ ամենաբարձր պատիվ է բերում այն երկրին, որտեղ ինքը ապաստանել է, որը իրեն փրկության հույս ու կայծ է տվել: Եվ այդ ծանրագույն փորձությունները հաղթահարելուց հետո՝ հայ մարդը նաև ներկայացնում է համաշխարհային մարդուն ընդհանրապես»:

Մի փոքր դադարից հետո՝ Լեւոն Իվանյանն ավելացրեց. «Չգիտեմ, ասել, թե չասել, բայց ուզում եմ ասել, սա հայ մարդու գործունեությանը նվիրված ստեղծագործական այնպիսի մի աստիճան է, որ հազիվ թե մի որևէ հայ արվեստագետ-ռեժիսոր կարողանա միջազգային այս բարձր ձևաչափի ֆիլմ նկարահանել»:

«Կարելի է նշել, իհարկե, Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի միջազգային փառատոնային հաղթարշավը, բայց մեր երկրի կինոարտադրությանը հատկացված գումարները այնքան խղճուկ չափեր են միջազգային կինոյի ծախսվող գումարների համեմատ, որ մտածել, թե միայն փայլուն մտքով բարձրակարգ կինո կստեղծվի, առնվազն միամտություն է»:

«Եվ ուզում եմ ասել, որ հայ մարդը, հայ հանդիսատեսը, հայ մասնագետները և հայ կառավարությունը, որպես ուղղակի մարդկային պարզ շնորհակալության ակցիա, նախ համատարած գան դիտելու ֆիլմը, ապա մասնագիտական կառույցները պետք է նախաձեռնեն առաջարկել ֆիլմը տարբեր ամենաբարձր վարկանիշ ունեցող փառատոների: Իսկ կառավարությունը, հազար հնարավոր ձևերից, գոնե մի ձևով հանրայնորեն բարձրաձայնի իր բարձր գնահատականը ֆրանսական ստեղծագործական խմբին և իր դերի փայլուն դերակատարման համար անգերազանցելի Ազնավուրի դերակատարին»:

«Հա, ի դեպ. շատ հեռու կարոտի պես հաճելի, փայլուն ու գրագետ էր արված ֆիլմի հայերեն թարգմանությունը, ենթագրերը, բարձրակարգ կրկնօրինակումը և ֆիլմի հրաշալի հայերեն հնչողությունը, որն այդպես էլ չկարողացա պարզել, թե որտեղ է արվել և ովքեր են կրկնօրինակել, բայց կեցցեն այդ հրաշալի արված գործի բոլոր մասնակիցները»:

«Հրաշալի, ինքնատիպ և, ամենակարևորը, միջազգային ամենաբարձր կարգի բացառիկ աշխատանք է»: «Մենք էլ, բոլորս, ֆիլմի նկատմամբ պիտի ունենանք մեր բացառիկ, գրեթե համազգային վերաբերմունքը»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝ կադրեր «Մսյո Ազնավուր» ֆիլմից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031