«Հրապարակ»-ի տեղեկություններով, իշխանությունները մտադիր են կրճատել են ԳԱԱ պատմության ինստիտուտի ֆինանսավորումը, ինչը անհանգստություն ու մտահոգություններ է առաջացրել։
Ինստիտուտի՝ շուրջ 20 տոկոսով ֆինանսավորման կրճատումն անխուսափելիորեն հանգեցնելու է կրճատումների, ինչը էական հարված է լինելու ինստիտուտի համար։ «Հրապարակ»-ի հետ զրույցում Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ըստ էության, չհերքեց մեր տեղեկությունը՝ նշելով, թե խնդիրը դեռ փակված չէ ու քննարկում է գնում, դեռ վերջնական որոշում չկա։
«Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի հետ հիմա աշխատում ենք, փորձում ենք հասկանալ, թե այդ կրճատման կամ ֆինանսի իջեցման պատճառը որն է։ Միջգերատեսչական հանձնաժողով է եղել, որը որոշում է կայացրել` ըստ վարկանիշների, թե ինչ․․․ Ինչպես հասկանում ենք, ամեն ինչ դեռ հստակ չէ, հենց այս պահին զբաղված ենք դրանով։ Մենք թուղթն ենք ստացել Նոր Տարվա նախաշեմին»,-մեզ հետ զրույցում ասաց Աշոտ Մելքոնյանը։
Հաշվի առնելով այն քաղաքականությունը, որը վարում է գործող իշխանությունը ազգային ինստիտուտների նկատմամբ, այսպես կոչված, «իրական ու պատմական» Հայաստանների պայքարը, արդյո՞ք պատահական է ֆինանսավորման կրճատման խնդիրը։ Աշոտ Մելքոնյանը ասաց՝ իրենց գիտական մոտեցումը հստակ է, իսկ ենթատեքստի հարցը պետք է հասցեագրել այն մարդկանց, ովքեր ունեն նման մոտեցումներ Հայոց պատմության վերաբերյալ։
«Մենք՝ որպես գիտնականներ, մեր դիրքորոշումն ունենք, պարզ չէ՞, որ Արեւմտյան Հայաստան եւ «Արեւմտյան Ադրբեջան» հասկացությունները նույն հարթության վրա չի կարելի դնել, որովհետեւ մի դեպքում կեղծիքի, մյուս դեպքում իրական պատմության մասին է խոսքը։ Նույնը կարող ենք ասել Հայոց պատմության ու Հայաստանի պատմության հետ կապված՝ այստեղ ուղղակի գրաբարի խնդիր գոյություն ունի եւ Հայոց պատմությունը նշանակում է Հայքերի պատմություն՝ երկու Հայաստանների պատմություն։ Գիտական տեսանկյունից մենք մեր ասելիքն ասում ենք, իսկ եթե քաղաքական ենթատեքստ կա, այդ մասին հարցը պետք է ուղղեք այն մարդկանց, որոնք նման մոտեցում ունեն», շեշտեց Պատմության ինստիտուտի տնօրենը։
Կարդացեք նաև
Խնդրեցինք նույն՝ գիտականության տեսանկյունից մեկնաբանել գործող իշխանությունների, այսպես կոչված, խաղաղության օրակարգն Ադրբեջանի հետ կամ Թուրքիայի հետ հաշտեցման հարցը։ «Դա քաղաքական հարց է, ինստիտուտի խնդիրը չէ։ Այսօրվա Ադրբեջանի ռազմական հռետորաբանության պարագայում ակնկալել խաղաղության պայմանագիր նշանակում է լինել միամիտ։ Չի երեո՞ւմ, որ Ադրբեջանն ամեն ինչ օգտագործում է՝ վիժեցնելու համար այդ պայմանագիրը։ Թուրքերը եւ նրանց կրտսեր Ադրբեջանը չեն փոխվել։ Որպես գիտնական՝ այդ մոտեցումը հստակ կարող եմ ասել՝ շատ անհավանական է, որ հավասարը հավասարի կեցվածքով որեւէ համաձայնագիր կնքվի»-պատմաբանի կարծիք հայտնեց Աշոտ Մելքոնյանը։
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: