Շվեդ պատմաբան եւ գրող Սվանտե Լունդգրենը եբրայագիտության դոկտորի կոչում է ստացել Ֆինլանդիայի Աբո Ակադեմիա համալսարանում:
Նրա գիտական հետաքրքրությունները ներառում են նաեւ Հայոց ցեղասպանությունը եւ արեւմտյան միսիոներական ու մարդասիրական գործունեությունն արեւմտահայերի շրջանում:
–Հարգելի՛ Սվանտե, դուք Հյուսիսային Եվրոպայի այն սակավաթիվ մտավորականներից եք, որոնք հետեւողականորեն մեծացնում են իրազեկվածությունը արեւելյան քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի ծանր վիճակի մասին: Ֆրանսահայ հետազոտող Տիգրան Եկավյանի «Արեւելքի փոքրամասնությունները. պատմության կողմից մոռացվածները» ուսումնասիրությունը կարդալով՝ ասես համոզվում ես, որ Մերձավոր Արեւելքում ոչ մահմեդական փոքրամասնություններն այլեւս ապագա չունեն: Ելնելով Երուսաղեմի Հայկական թաղամասի վերաբերյալ ձեր աշխատությունից եւ մյուս ուսումնասիրություններից՝ ինչպիսի՞ն է ձեր տեսակետն այս հարցում:
-Համաձայն չեմ: Եթե նայենք ավելի լայն պատկերին՝ Մերձավոր Արեւելքի ողջ տարածաշրջանին, ապա փաստ է, որ քրիստոնյաներն այժմ բացարձակ թվով նախկինից ավելի շատ են, թեեւ նրանց մասնաբաժինն ընդհանուր բնակչության մեջ նվազել է: Այնուամենայնիվ, պատերազմից բզկտված երկրներում, ինչպիսիք են Իրաքը եւ Սիրիան, քրիստոնյաները մեծապես տուժել են, եւ նրանց թիվը կտրուկ նվազել է: Մյուս երկրներում իրավիճակը կայուն է, ինչպես Եգիպտոսում՝ մինչեւ 10 միլիոն քրիստոնյա ղպտիներով: Բայց որոշ դեպքերում էլ (օրինակ՝ Երուսաղեմի հայկական թաղամասի), որոշակի քրիստոնեական համայնքի գոյատեւումը վտանգված է: Ես հիացած եմ Երուսաղեմի հայ երիտասարդների խիզախությամբ եւ նվիրումով, որոնք պայքարում են, եւ հույս ունեմ եւ աղոթում եմ, որ նրանք հաղթեն:
Կարդացեք նաև
–Վերջերս ադրբեջանական կառավարությունը փորձում է ազդեցություն ստեղծել սկանդինավյան երկրներում՝ հովանավորելով անհատական ուղեւորություններ Շվեդիայից եւ Ֆինլանդիայից Ադրբեջան: Որքանո՞վ կարող են նման նախաձեռնությունները նշանակալից լինել սկանդինավյան քաղաքականության եւ հասարակական կարծիքի ձեւավորման գործում:
-Ունեն որոշակի նշանակություն, բայց չպետք է չափազանցնել: Քանի որ այս հովանավորված ուղեւորությունները բացահայտվում են, սովորաբար հակազդեցություն է ստեղծվում քննադատական բանավեճով այն մասին, թե ինչու են մարդիկ թույլ տալիս, որ ավտոկրատ ռեժիմներն օգտագործեն իրենց: Վերջին տարիներին թե՛ Շվեդիայում, թե՛ Ֆինլանդիայում տեսել ենք, որ ադրբեջանական այս նախաձեռնությունները հանգեցնում են այն բանին, որ Բաքվի ռեժիմի բռնապետական բնույթը բացահայտվում է ավելի լայն հանրության համար:
Արծվի Բախչինյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում