Շարունակելով հայ-թուրքական սահմանի բացման թեմայով տնտեսագետների հետ անցկացվող հարցազրույցների շարքը՝ Ermenihaber.am-ն այս անգամ զրուցել է տնտեսագետ, «Հայաստանի գործատուների հանրապետական միության» պատվավոր նախագահ Գագիկ Մակարյանի հետ։
– 2024-ին ի՞նչ ծավալի ապրանքաշրջանառություն է եղել Հայաստանի և Թուրքիայի միջև, ի՞նչ ենք արտահանում և ի՞նչ ենք ներմուծում։
– Թուրքիայի հետ ապրանքաշրջանառության ծավալները նվազել են։ Մենք Թուրքիայից 5000-ից ավել ապրանքատեսակներ ենք ներմուծում։ Այդ վերլուծությունը կատարվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից ու երբ 6 ամսով արգելք դրվեց թուրքական ապրանքների վրա ու դա առաջացրեց էական խոչընդոտներ ներքին տնտեսության մեջ, որովհետև մեր տնտեսության մեջ շատ էին կիրառվում թուրքական հոսքագծեր, տեխնիկա ու սարքավորումներ, հագուստ, սնունդ և այլն։
Կես տարով արգելք դնելուց հետո մաս-մաս 1000-ից ավելի ապրանքներ թույլատրեցինք, այդ ժամանակ նվազել էր մինչև 0, հետո բարձրացավ, իսկ այժմ մոտավորապես 150 մլն դոլար է կազմում։ Նախկինում այդ ցուցանիշը կրկնակի ավել է եղել։ Վերջերս չեմ ուսումնասիրել, բայց նախկինում ևս Թուրքիան պաշտոնական առևտուրը Հայաստանի հետ ցույց էր տալիս 0։ Մենք միշտ ցույց ենք տվել 200-ից մինչև նույնիսկ 300 մլն դոլարի ներմուծում Թուրքիայից։ Չնայած ինչ-որ ապրանքներ մենք էլ ենք արտահանում Թուրքիա, մոտավորապես 2-3 մլն դոլարի, անցյալ տարի 50 մլն դոլարի ոսկի ենք արտահանել, բայց Թուրքիան պետական մակարդակով այդ ցուցանիշները թաքցնում է։ Կանոնները պետք է լինեն հավասար ու թափանցիկ և երբեք չպետք է համարվի, որ Թուրքիան սահմանը բացել է ու պիտի դա մեզ վրա թանկ վաճառի։ Այսինքն` դրա դիմաց ցանկանա զիջումներ, ինչ-որ նախապայմաններ և այլն։
Կարդացեք նաև
Այս բոլորի դեպքում մեզ համար վտանգ չի լինի, որովհետև, եթե մենք մեր ներքին շուկան պաշտպանենք լրացուցիչ քվոտաներով կամ ներմուծման տուրքերով, որոնք չեն հակասի ԱՀԿ-ի պայմաններին, ապա կլինենք պաշտպանված։
Հիշատակեմ Իրանի օրինակը, որն աստիճանաբար սկսեց Հայաստանին տալ քվոտաներ և 5%–ի չափով իջեցրեց մոտ 720 ապրանքների համար մաքսատուրքերը, որոնք իր տնտեսությանը չեն վնասի իրենց քանակներով։ Հայաստանից Իրան արտահանվող ապրանքները շատ քիչ են, պատճառը մաքսատուրքերն են, որ դեռևս բաց են մնում և մենք չենք կարողանում մրցակցել իրենց շուկայում, իսկ երկրորդ պատճառն այն է, որ մենք այդպիսի քանակներ չենք կարողանում ապահովել։
Թուրքիայի դեպքում մենք կարող ենք ինչ-որ ապրանքներ վաճառել, որի կարիքն ինքն ունի հատկապես հումքային ապրանքներ, շինանյութ, նույնիսկ գյուղատնտեսական որոշ ապրանքներ։ Իսկ մենք Թուրքիայից ներկրում ենք կենցաղային տեխնիկա, կտոր, տեխնոլոգիական հոսքագծեր, վերելակներ, շինարարական նյութեր, ներկեր և այլն։ Հայաստանի տնտեսությունը պիտի զարգացման ինդուստրալիզացման ճանապարհը բռնի ու այդ ուղղով արագ գնա և դրա հետ մեկտեղ էլ պետք է սահմանափակի այն ապրանքների մուտքը Հայաստան կամ չափավորել քանակները, որպեսզի իր ներքին շուկան դրանից չտուժի` այլ ընդհակառակը օգտվի։
Եթե մեզ պետք են այնպիսի ապրանքներ, որոնց հիման վրա մենք կթողարկենք կամ դա որպես կոմպլեկտացիա կօգտագործենք մեր ապրանքների մեջ, ուրեմն դա կարելի է թույլ տալ, քանի որ դրա շնորհիվ մեր ազգային արդյունաբերությունը, տնտեսությունը կզարգանա։ Բայց եթե դրանք այնպիսի պատրաստի ապրանքներ են, որոնք միայն մրցակցելու են մեր ապրանքների հետ, ապա պետք է կիրառենք սահմանափակումներ և զգուշորեն վերաբերվենք։
– Ըստ Ձեզ՝ Հայաստանը տնտեսապես պատրա՞ստ է սահմանի բացմանը։
– Ես կասեի, որ առանց այդ սահմանափակումների՝ ոչ։ Մենք անպայման, եթե հիմա էլ բացվի սահմանը պետք է այս սահմանափակումները դնենք։ Եթե ասենք, որ առանց նախապայմանների ոչ մի բան չենք սահմանափակում, ապա դա կլինի սխալ։ Մեծ աչալրջությամբ պետք է նայել հատկապես գյուղատնտեսական ապրանքներին, քանի որ մեր գյուղատնտեսությունը հազիվ աճ է ցույց տալիս, այդ աճը շատ չնչին է 1․5-2%, բայց եթե հարված հասցնենք, ապա մեր գյուղատնտեսությունը կխորտակվի։
ԱՆԻ ԳԱԼՍՏՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում