Եթե որեւէ քաղաքական կամ պետական գործիչ, թոփ-մոդել կամ փոփ-աստղ հանրությանն է ներկայացնում իր անձնական կյանքի մանրամասները, դա կոչվում է «ռեալիթի-շոու», եւ որոշ ճաշակի տեր մարդկանց համար կարող է լինել հետաքրքիր: Բայց դա որեւէ կապ չունի «թափանցիկության» հետ (transparency)` այդ բառի Արեւմուտքում ընդունված իմաստով: Թափանցիկությունը տեղեկատվություն է, որը հանրությանն է ներկայացվում այս կամ այն որոշումն ընդունելու վերաբերյալ: Որովհետեւ քաղաքացիներին (ոչ թե պարապ հանդիսատեսներին, зевака-ներին) հետաքրքիր է ոչ թե այն, թե ինչպես է այս կամ այն պաշտոնյան խաշլամա եփում, այլ այն, թե որ գործոնների, որ պատճառների ազդեցության տակ է նա կատարել իր քայլը: Այդ պահանջի տրամաբանությունը պարզ է՝ այդ պաշտոնյան ապրում է մեր փողերով եւ աշխատում է (համենայնդեպս, պետք է աշխատի) մեզ համար:
Պարզ օրինակ: Վերջերս մի քանի ուժային պաշտոնյաներ SMS-ներ ստացան՝ հրաժարական տալու «խնդրանքով»: Ի՞նչն էին այդ պաշտոնյաները սխալ արել, եւ ի՞նչն է, որ նոր պաշտոնյաները հիմա ճիշտ են անում: Դրա փոխարեն հնչում են Սովետը հիշեցնող հերթապահ խոսքեր՝ «մենք պետք է ընդլայնենք, խորացնենք եւ բարձրացնենք, եւ այդ նոր մարտահրավերների համար նոր մարդիկ են պետք»: Ինչո՞վ, օրինակ, Կարեն Անդրեասյանը չէր համապատասխանում այդ «նոր մարտահրավերներին»:
Նույնը՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը: Առայժմ մենք կարդում ենք Փաշինյանի «արեւմտամետ» խոսնակների ցնծալից հայտարարությունները, որոնցից կարելի է եզրակացնել, որ մեր անվտանգության հետ կապված խնդիրներն այդ կանոնակարգով լուծված են: Մյուս կողմից՝ ընդդիմության մեծ մասի արձագանքը, որի իմաստն այն է, որ հիմա Ռուսաստանը մեզնից կնեղանա եւ վրեժ կլուծի: Այդ ամենն, իհարկե, սպասելի էր եւ, որոշ իմաստով, անխուսափելի:
Կան նաեւ փորձագետների (իսկական փորձագետների, ոչ թե իշխանության քարոզիչների) բավականին ուշագրավ դիտարկումները:
Կարդացեք նաև
Ինչն է, սակայն, պակասում: Պակասում է թափանցիկությունը, որը, կարծում եմ, այս դեպքում պետք է ի հայտ գա ԱԳՆ պաշտոնական մեկնաբանության տեսքով: Ինձ, մասնավորապես, հետաքրքիր է 3 հարց:
1/ Ինչո՞ւ այդ կանոնադրության մեջ չկա այն արձանագրումը, որ Հայաստանին արտաքին վտանգ է սպառնում, որը կա Ուկրաինայի եւ Վրաստանի հետ ԱՄՆ ստորագրած փաստաթղթերում (համապատասխանաբար՝ 2008 եւ 2009 թվականներին): Բացառված չէ, որ ՀՀ իշխանությունը կարծում է, որ նման վտանգ չկա՝ դրա մասին նույնպես պետք է խոսել:
2/ Որտեղի՞ց «ծլեց» Իսլամական պետության դեմ պայքարը, եւ արդյոք դա Հայաստանի առաջնահերթությո՞ւնն է:
3/ Ո՞ր սահմանն են այցելելու ամերիկացի «տեսուչները»՝ գուցե հայ-իրանակա՞ն, եւ այդ դեպքում այցը եւ ամբողջ փաստաթուղթը ձեռք է բերում որոշակիորեն այլ շեշտադրումներ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ