Aravot.am-ը սկսում է մեդիագրագիտությանը նվիրված հոլովակների շարք, որը կոչվում է «Առավոտյանների ընտանիքը»։
Հոլովակները հասանելի կլինեն Առավոտի կայքէջում, սոցիալական ցանցերի էջերում շաբաթական երկու անգամ՝ ժամը 20։00-ին։
Առավոտյանների ընտանիքում պապիկ, մայրիկ և թոռնիկ ավատարներն են: Նրանք ներկայացնում են մեդիագրագիտությանը վերաբերող կարճ տեսահոլովակների շարք՝ իրենց սերնդի թիրախային լսարանին հետաքրքրող՝ «Առավոտի» կայքէջում և սոցիալական հարթակներում։ Պարզ բառապաշարով, զվարճանքի տարրեր պարունակող տեսահոլովակների միջոցով անդրադարձ է կատարվում մեդիագրագիտությանը, թվային անվտանգությանն առնչվող տարբեր հարցերի։
Հոլովակներում ներկայացվում են տարբեր իրավիճակներ, կանոններ, որոնց պետք է հետևել մեդիագրագետ լինելու համար։
Կարդացեք նաև
Ավատարները ստեղծվել են AI գործիքների միջոցով՝ նախ գեներացվել են ավատարների կերպարները, այնուհետև ներդրվել է ձայնը։
Այսինքն՝ այս նախագծի շրջանակում գործարկվում է մեդիագրագիտության տարածման տեխնոլոգիա +մեդիա մոդելը։
Մեդիագրագիտության վերաբերյալ կարճ հոլովակների շարքի ստեղծման անհրաժեշտություն է առաջացել՝ հաշվի առնելով հասարակության շրջանում նկատվող մեդիագրագիտության՝ ընդհանուր առմամբ ցածր մակարդակի և շատ դեպքերում տեղեկացվածության պակասի պատճառը։
Մեդիագրագիտության վերաբերյալ մեր նախորդ ուսումնասիրությունը, որը վերաբերում էր ծնողական համայնքի և երեխաների մեդիագրագիտության կարողությունների մակարդակի և դրա ազդեցությանը նրանց վարքագծի վրա, ցույց էր տվել, որ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել իրազեկման արշավներին, ավելի մատչելի բովանդակություն ստեղծել մեդիագրագիտության, մեդիայի և թվային անվտանգության վերաբերյալ, բարձրացնել մեդիագրագիտության ոլորտի փորձագետների, մասնագետների նկատմամբ վստահությունը։
Առավոտյանների ընտանիքի մայրիկ
Կօգնեմ ձեզ դառնալ մեդիագրագետ, որ կարողանաք օգնել նաև ձեր երեխաներին, ընտանիքի մյուս անդամներին։ Իմ նպատակն է աջակցել ձեզ ճիշտ կողմնորոշվել համացանցային օվկիանոսում, չխաբվել առցանց խանութների առաջարկներին, չհավատալ տնից եկամուտ ստանալու պատահական առաջարկներին, չտարածել ձեր և ձեր երեխաների անձնական տվյալները և այլն։ Ձեր օգնականը կլինեմ մեդիագրագիտությանն առնչվող բոլոր հարցերում։
Առավոտյանների ընտանիքի պապիկ
Ես առավոտյանների ընտանիքի պապիկն եմ։ Արդեն բավականին երկար ժամանակ է՝ սոցցանցերից օգտվում եմ և վարպետացել եմ շատ հարցերում։ Արդեն շատ լավ գիտեմ, թե որ կայքերով լուրեր կարդամ, որ չխաբվեմ, գիտեմ, որ չպետք է բացեմ այն նամակները, որոնցով ինձ ժառանգություն է առաջարկվում, որ քաղաքային հեռախոսով եկած «վախեցնող» զանգերից խուճապի չպետք է մատնվեմ, չհավատամ թոշակները բարձրացնելու մասին կեղծ լուրերին, նախ դրանք ստուգեմ։
Չկարծեք, թե ես սխալներ չեմ անում։ Իմ փորձից ելնելով՝ քայլ առ քայլ օրինակներով ցույց եմ տալու ձեզ, թե ինչպես խուսափել թվային դաշտում սխալներից, դառնալ մեդիագրագետ։
Առավոտյանների ընտանիքի թոռնիկ
Ես առավոտյանների ընտանիքի թոռնիկն եմ։ Գիտեմ, որ իմ ընկերներից շատերը խնդիրներ են ունեցել համացանցում սխալ քայլերի պատճառով։ Օրինակ՝ իմ ընկեր Վարդանի ծնողները նրան պատժեցին, երբ պարզեցին, որ իրենց բանկային քարտից Վարդանը համակարգչային տարբեր խաղերի համար գումար է վճարել, իսկ մեր բակի Սյուզին կարծելով, թե ընկերուհու հետ է շփվում, ՏիկՏոկով իր նկարներն ուղարկել է բանտում գտնվող մի հանցագործի։ Իմ ցանկությունն է հեռու պահել ընկերներիս այդ ծուղակներից, սովորեցնել մեդիագրագիտության ոսկե կանոնները։
Առավոտյանների ընտանիքը․ «վախեցնող զանգեր»՝ մեդիագրագիտության ի՞նչ կանոնների հետևել, որ չդառնաք ապատեղեկատվության զոհ
Առավոտյանների ընտանիքի շարքի առաջին տեսանյութում ներկայացվում է մի տարածված իրավիճակ, երբ քաղաքային հեռախոսով մարդիկ «վախեցնող» զանգեր են ստանում, որի ժամանակ իբր իրենց հարազատները ահաբեկված ասում են, թե վթարի են ենթարկվել։ Մինչդեռ դա չի համապատասխանում իրականությանը։ Այս զանգերին հիմնականում պատասխանում են տան տարիքով բնակիչները, որովհետև մեծամասամբ նրանք են օգտվում քաղաքային հեռախոսից։ Զանգերը նրանց վախեցնելու նպատակ ունեն։
Տեսանյութում հատուկ ուշադրություն է դարձվում մեդիագրագիտության կարևորությանը։
Հոլովակում ներկայացվում են մեդիագրագիտության հիմնական կանոնները։
Տեսանյութը նպատակ ունի բարձրացնել հանրության շրջանում մեդիագրագիտության մակարդակը։
Տեսանյութը պատրաստվել է Հանրային լրագրության ակումբի «Hack2Check. մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն» ծրագրի շրջանակում, որն իրականացվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ համագործակցությամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում:
Տեսանյութում արտահայտված են հեղինակների տեսակետները, և դրանք պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ։
Տեսահոլովակները պատրաստվել են «ԿԱՅԾԵՐ» արհեստական բանականության տեխնիկական աջակցությամբ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ