«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած թեկնածուն` Մարկո Ռուբիոն, սուր հարցերի արժանացավ Սենատում։ Ռուբիոն ընդգծել է` հաստատվելու դեպքում իր առաջնահերթությունն է լինելու ԱՄՆ ազգային շահը:
ԱՄՆ նոր պետքարտուղարի հաստատման հարցով Սենատում կայացած լսումների ժամանակ հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն խոստացավ ԱՄՆ շահերին հատկացնել առաջնային նշանակություն։
«Մեր հիմնական ազգային շահը ամեն ինչից վեր դասելը մեկուսի [մի գաղափար] չէ: Առկա է ընդհանուր ընկալում, որ մեր ազգային շահերի վրա հիմնված արտաքին քաղաքականություն [վարելը] հնացած [մոտեցում] չէ»,- ասել է նա:
Ռուբիոն դրական ընդունելության է արժանացել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում` դեմոկրատների ու հանրապետականների կողմից։ Հիշեցնենք` տևական ժամանակ նա այդ հանձնաժողովի անդամ էր:
Կարդացեք նաև
«Նորընտիր նախագահ Թրամփը և սենատոր Ռուբիոն հստակ են… և հասկանում են, որ այնտեղ, որտեղ առկա է ազատություն և ժողովրդավարություն, Ամերիկան ունի ուժեղ դաշնակիցներ և վստահելի առևտրային գործընկերներ: Մարկոն կոմունիստական Չինաստանի, Կուբայի վարչակարգերը [հետ] պահելու մեծ փորձ ունի։ Վենեսուելան, Նիկարագուան, պատասխանատու են իրենց բռնաճնշումների համար։ Նա կաշխատի նախագահ Թրամփի հետ՝ պատժելու կոմունիստական ռեժիմներին՝ իրենց հանցագործությունների համար»,- նշել է հանրապետական սենատոր Ռիկ Սքոթ:
Ինչպես հայտնի է, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր համար առաջնային հարցերից է ուկրաինական պատերազմը դադարեցնելը: Դեմոկրատ սենատորները Ռուբիոյին խնդրեցին ուրվագծել, թե ինչ տեսք կունենա Ուկրաինայի պատերազմի հնարավոր ավարտը
Օրինակ, դեմոկրատ օրենսդիր Ժաննա Շահինը հարցրել է. «Ի՞նչ եք կարծում, ի՞նչն է կարևոր, որ մենք անենք, որպեսզի ապահովենք հնարավոր ամենաուժեղ բանակցային դիրքերը [Կիևի համար], եթե Ուկրաինան և Ռուսաստանը հայտնվեն բանակցությունների սեղանի շուրջ»:
Ռուբիոն պատասխանել է. «Կարծում եմ, ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը պետք է լինի այն, որ այս պատերազմը պետք է ավարտվի։ Եվ հարց է առաջանում՝ ի՞նչ դեր կարող ենք խաղալ։ Կարծում եմ, առաջինը պարզ դարձնելն է, և իմ տարաձայնությունները Բայդենի [ղեկավարած Պետքարտուղարության հետ] այս գործընթացի ընթացքում այն է, որ նրանք երբեք հստակ չեն սահմանել, թե որն է մեր վերջնական նպատակը [ուկրաինական] հակամարտությունում»:
Ռուբիոն անդրադարձել է նաև Գազայում հրադադարի հարցին. «Այժմ Մերձավոր Արևելքում կան հնարավորություններ, որոնք գոյություն չունեին 90 օր առաջ. [խոսքն այն մասին է, թե] ինչ եղավ Լիբանանում և Սիրիայում, կամ այն, ինչ, հուսով ենք, տեղի կունենա հրադադարի և պատանդների ազատ արձակման դեպքում։ Այժմ Մերձավոր Արևելքում կան գործոններ, որոնց վրա, կարծում եմ, կարող ենք հիմնվել, և որոնք կարող են բացել պատմական հնարավորությունների դուռը»:
Ռուբիոն նաև ընդգծել է` այսօր Միացյալ Նահանգների համար ամենամեծ սպառնալիքը Չինաստանի կոմունիստական կուսակցությունն է. «Նրանք ունեն այնպիսի տարրեր, որոնք Խորհրդային Միությունը երբեք չի ունեցել: Նրանք տեխնոլոգիական մրցակից են, արդյունաբերական մրցակից, տնտեսական, աշխարհաքաղաքական, գիտական մրցակից, և բոլոր ոլորտներում: Սա մարտահրավեր է, որը, կարծում եմ, դեր կունենա 21-րդ դարի ձևավորման գործում»:
ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում հաստատվելու պարագայում` կուբացի ներգաղթյալների որդին՝ Մարկո Ռուբիոն, կլինի լատինաամերիկյան ծագմամբ առաջին պետքարտուղարը։
Սպասվում է, որ Ռուբիոյի թեկնածության հարցով քվեարկությունը Սենատում կկայանա հաջորդ շաբաթ: