«Ազատություն». Չնայած բանակցություններում առաջընթացին՝ Հայաստանի քաղաքականությունը Ադրբեջանում կասկածներ է հարուցում, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Չնայած Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագրում բարձր արդյունքների են հասել և առաջընթաց գրանցել սահմանների սահմանազատման գործընթացում՝ Հայաստանում ռևանշիստական միտումների առկայությունը, այդ պետության կողմից ռազմատենչ քաղաքականության իրականացումը և Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների պահպանումը մեզ մոտ լուրջ կասկածներ են առաջացնում», – ասել է Բայրամովը։
Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը հնչել է վրաց պաշտոնակից Մակա Բոչորիշվիլիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։
Վրացական դիվանագիտության նորանշանակ ղեկավարը Բաքվում վերահաստատել է՝ Թբիլիսին կարևորում է հարևանների հետ հարաբերությունները։
Կարդացեք նաև
«Մենք ռազմավարական գործընկերություն ունենք Հայաստանի հետ, ինչը շատ կարևոր է։ Անհրաժեշտության դեպքում Վրաստանը գործի կդնի իր ողջ ներուժը, Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերման համար», – ասել է Վրաստանի արտգործնախարարը։