«Ազատություն». Պաշտոնական Բաքուն պնդում է՝ Ադրբեջանում USAID-ի գործունեության համար իրավական հիմնավորում չկա, այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ադրբեջանում նրանց ներկայացուցչության համար հիմքեր չկան, և եկել է ժամանակը, որպեսզի նրանց գործունեությունն ամբողջովին դադարեցվի», – պնդել է Բայրամովը։
1991 թվականից ի վեր USAID-ն Ադրբեջանում մոտ 431 միլիոն դոլարի ներդրում է կատարել՝ ադրբեջանցիներին աջակցելով մի շարք ոլորտներում՝ առողջապահականից մինչև տնտեսական բարեփոխումներ։
Ամերիկյան կառավարական գործակալության հասցեին Բաքվից քննադատություն ու մեղադրանք է հնչում ամիսներ շարունակ։
Կարդացեք նաև
Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները՝ նրանց թվում նախագահ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը դեռ նախանցած տարի կառույցի ղեկավար Սամանթա Փաուերի հասցեին կոշտ քննադատություն էր հնչեցրել՝ նրան մեղադրելով ադրբեջանատյացության, թուրքատյացության մեջ, որպես օրինակ նշելով Փաուերի համագործակցությունը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ:
Պաշտոնական Վաշինգտոնը USАID-ի գործունեությունը Ադրբեջանում դադարեցնելու Բաքվի որոշմանը դեռևս չի արձագանքել։