«Հաշվի առնելով, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը ստորագրվել է անցումային կառավարության կողմից, նշանակում է, որ այն համաձայնեցված է Թրամփի քաղաքական թիմի հետ։ Այստեղ որևէ խնդիր չի կարող լինել։ Թրամփը չի գալու ասի՝ այսի՞նչ փաստաթուղթ է, ես չեմ ուզում սրանով առաջնորդվել»։
Այս մասին նշել է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը՝ Հարավային Կովկասի վրա Դոնալդ Թրամփի գալիք վարչակազմի հնարավոր ազդեցության թեմայով «Ապագա հայկականը» կազմակերպության նախաձեռնած առցանց միջոցառման ժամանակ։
Aravot.am-ը Սուրեն Սարգսյանին հարցրեց՝ արդյո՞ք նախագահ Թրամփի վարչակազմը հավատարիմ կմնա նախորդ վարչակազմի՝ Հարավային Կովկասի հետ կապված դիրքորոշումներին և հանձնառություններին։
30 տարիների աշխատանքի արդյունք
Կարդացեք նաև
«Ինչ վերաբերում է [ռազմավարական գործընկերության մասին] համաձայնագրին, որը կնքվել է Բայդենի վարչակազմի հետ, այդ մոտեցումը, կարծում եմ, ինքնին սխալ է, որովհետև փաստաթուղթը կնքվել է Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև։ Դա 30 տարիների աշխատանքի արդյունք է, և հեռացող վարչակազմն ընդամենը ֆիքսել է իր չորս տարիների աշխատանքը՝ Հայաստանին տրամադրելով այդ կարգավիճակը», – նկատեց Սարգսյանը։
«Մենք պետք է նախաձեռնող և ակտիվ լինենք»
Թե ինչպես կաշխատի Հայաստանի հետ Թրափի վարչակազմը նաև ռազմավարական փաստաթղթի համատեքստում, ամերիկագետի կարծիքով՝ այս հարցը կախված է հայկական կողմից։
«Մենք պետք է նախաձեռնող և ակտիվ լինենք, եթե ուզում ենք Միացյալ Նահանգների հետ հարաբերություններն ամենատարբեր ոլորտներում խորացնել», – ընդգծեց Սարգսյանը։
Հարավային Կովկասի աշխարհագրական կարևորությունը
Բուն Հարավային Կովկասի կարևորության մասին, ամերիկագետի գնահատմամբ՝ մեր տարածաշրջանը ԱՄՆ-ի համար երբևէ չի եղել ռազմավարական կարևորագույն նշանակության տարածաշրջան։
Ըստ նրա՝ Հարավային Կովկասը կարևորվում է իր աշխարհագրությամբ, քանի որ սահմանակից է ԱՄՆ թիվ մեկ հակառակորդ Իրանին, թիվ մեկ մրցակից Ռուսաստանին, ռազմավարական դաշնակից Թուրքիային։
«Այս առումով տարածաշրջանը չափազանց կարևոր նշանակություն ունի Միացյալ Նահանգների համար, բայց տարածաշրջանը Միացյալ Նահանգների համար հետաքրքիր է իր տարածաշրջանային շահերի կոնտեքստում։ Երկկողմ հարաբերություններն այդքան էլ էական չեն, որքան Միացյալ Նահանգների տարածաշրջանային քաղաքականությունը», – ասաց Սուրեն Սարգսյանը։
Հայաստան-Վրաստան փոխանակում
Նա նկատել տվեց, որ նախորդ տարի Վաշինգտոնը սառեցրեց Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության կարգավիճակը, որի մասին փաստաթուղթը երկու երկրների միջև կնքվել էր դեռևս 2009 թվականին։
Սարգսյանը պնդեց․ «Ըստ էության՝ Միացյալ Նահանգներն այդ կարգավիճակը Վրաստանից վերցրել է և տվել է Հայաստանի Հանրապետությանը»։
Այլ հարցերին պատասխանելիս՝ Սուրեն Սարգսյանը շեշտեց, որ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հանձնաժողովի ստեղծման մասին կանոնադրությունը ռազմական դաշնակցություն չի ենթադրում, սակայն Հայաստանին հնարավորություն է ընձեռում տարբեր ոլորտներում խորը համագործակցություն վարել Նահանգների հետ։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ