Եվ եթե այդ քաղաքականութանը հակազդելու, իրավական գնահատական տալու փոխարեն ասում ենք՝ որեւէ պահանջ չունենք, դա նշանակում է, որ այդ քաղաքականությունը շարունակվելու է. փորձագետ
«Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ու դրա բովանդակությունը թափանցիկ չէ: Որեւէ երկխոսություն հասարակության կամ գոնե իրավապաշտպան շրջանակների հետ տեղի չի ունենում, որ գոնե հասկանանք ՝ արդյոք մարդու իրավունքների գործոնները որեւէ կերպ ներառված են, թե՝ ոչ »,- այսօր «մեդիա կենտրոնում» ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հկ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը:
Նրա խոսքով, եթե մարդու իրավունքները, արդարադատությունը հաշվի չեն առնվում, իսկ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի գործողությունները վկայում են, որ ոչինչ չի փոխվելու մոտ ապագայում, ապա որեւէ երաշխիք չկա, որ կնքվելիք խաղաղության պայմանագիրը պահպանվելու է, որեւէ խախտում այլեւս տեղի չի ունենալու: Ըստ բանախոսի՝ նախատեսված պայմանագրով գլխատված մարդկանց կամ նրանց ընտանիքների իրավունքները չեն վերականգնվելու, գերության մեջ խոշտանգված անձանց իրավունքները չեն վերականգնվելու, մոտը 150.000 արցախցիների իրավունքը չի վերականգնվում վերադարձի առումով. «90-ականներին որպես պետություն գուցե շատ թերացանք, որ հետեւողական չեղանք Բաքվից, Ադրբեջանի այլ տարածքներից բռնի տեղահանված ու այլ խախտումների զոհ դարձած անձանց իրավունքների պաշտպանության առումով ու իրավունք չունենք նույնը կրկնել… չկա երկարատեւ խաղաղություն՝ առանց մարդու իրավունքների եւ արդարադատության հարցերին անդրադառնալու: Երբ երկու կողմից էլ կան բողոքներ ու խնդիրներ, որոնց պետք է անդրադառնալ: Չենք կարող արթնանալ ու ասել, որ բոլորս իրար սիրում ենք ու որեւէ խնդիր չունենք, եթե այդ խնդրին արձագանք չի տրվել»:
Միջազգային իրավունքի փորձագետ Արա Խզմալյանն էլ նկատեց, որ քանի դեռ Ադրբեջանը որպես պետություն եւ Ադրբեջանի բնակչության զգալի զանգվածը, որպես էլեկտորատ շարունակում են ապրել հայատյացության գաղափարներով, խաղաղություն Ադրբեջանի ու ՀՀ միջեւ հնարավոր չէ. «Ընդորում, եթե պատմականորեն 90-ականներին, 2000-ականներին դա հնարավոր չէր մեր տարածաշրջանում, վերջին տարիներին տեսնում ենք շարունակական բախումներ այլ աշխարհամասերում. սա արդեն ոչ թե մեր տարածաշրջանի, այլ երկու ազգի միջեւ խնդիր է, որի շարժիչ ուժը Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունն է: Եվ եթե այդ քաղաքականութանը հակազդելու, իրավական գնահատական տալու փոխարեն ասում ենք՝ որեւէ պահանջ չունենք, դա նշանակում է, որ այդ քաղաքականությունը շարունակվելու է»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ