«Կարծում եմ՝ ինձ երևի լավ չեք ճանաչում՝ ոչ շոուների սիրահար եմ, ոչ էլ որևէ դրվագից խուսափող կամ արձագանք տալու վճռորոշություն չունեցող անձ եմ։ Հետևաբար` շոուների թեման համարենք փակված»,- ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու արկածների, նրան՝ շոուի համար ձերբակալելու, հետո տուն ճանապարհելու մասին հարցին։
Նա վստահեցրեց՝ ոստիկանությունն ունի կոնկրետ գործառույթներ տարբեր պրոցեսներով․ «Կարող է տարբեր մեթոդաբանական վերաբերմունք ցուցաբերված լինել։ Ոստիկանությունն էլ նաև տարբեր դրվագներում որոշում է, թե որն է ամենաարդյունավետ եղանակը, պրոցեսը։ Կոնկրետ դրվագով ես քրեական գործ հարուցված լինելու-չլինելու մասին տեղեկություն չունեմ, ինքս կճշտեմ»։
Լրագրողը բորբոքվեց, թե պետության ներսում բանդիտներն ազատ ման են գալիս, տեսուչ են ծեծում, ավտոշարասյունով ման գալիս, բայց պատասխանատվության չեն ենթարկվում, Արփինե Սարգսյանն արձագանքեց․ «Կան տարբեր եղանակներ՝ մի դեպքում քրեական վարույթն է, մյուսում՝ օպերատիվ աշխատանքն է: Անհոգ եղեք, ոստիկանությունը ցանկացած դրվագով աշխատում է։ Եթե կան այնպիսի մարդիկ, որոնք ավտոշարասյունով են պտտվում, նրանց պետք է վերաբերմունք ցուցաբերվի։ Կտրվելով նախկին-ներկա անուն ազգանուններից, համակեցության պայմանների տրամաբանության մեջ պետք է մեզ հարց տանք՝ անձն ինչո՞ւ է ավտոշարասյունով պտտվում, պահնորդական ծառայությունից օգտվում և ինչո՞ւ են մեքենայում առկա թեկուզ օրինական զենք ունեցող մարդիկ»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ