«Փորձելու եմ ամփոփել մի տարի, որի մեծ մասում չեմ եղել ՊԵԿ-ում»,- 2024 թվականի ամփոփիչ ասուլիսն այսօր ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսպես սկսեց: Ապա նկատեց, որ հարկային եկամուտների առումով հետաքրքիր տարի ենք ունեցել. հավաքել են 2 տրլն 390.9 մլրդ դրամի հարկային եկամուտներ ու տուրքեր, ինչը 2023 թվականի համեմատ ավելի է 117 մլրդ դրամով:
«Հարկային եկամուտներում գրանցվել է 5,1 տոկոս աճ կամ աճը կազմել է շուրջ 117 մլրդ դրամ»,-ասաց ՊԵԿ նախագահը:
Նրա խոսքով՝ հարկային մարմինների կողմից գանձվել են ավելի քան 1 տրիլիոն 940 մլրդ դրամի, իսկ մաքսային մարմինների կողմից՝ ավելի քան 450 մլրդ դրամի մուտքեր:
«Հարկային մարմինների կողմից հավաքագրումների 11 տոկոսանոց աճ կա, իսկ մաքսային մասով, որը ներմուծումներին է վերաբերում, անկում ունենք: Խոսքը ներմուծման նվազումների մասին է, մասնավորապես՝ ավտոմեքենաների և ծխախոտի գծով ներմուծման նվազման: Ներքին տնտեսությունում հավաքագրվող հարկերը բավականին առաջանցիկ են եղել տնտեսական զարգացումներից, բայց ներմուծումից հարկերը՝ ոչ, որը մեր գնահատմամբ, իհարկե, ժամանակավոր երևույթ է»,- ասաց Հակոբյանը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով եկամուտների հայտարարագրման համակարգին՝ ՊԵԿ նախագահն ասաց, որ արդեն մոտ 59000 քաղաքացիներ հայտարարագրել են: Ու որ ավելի հեշտ կարողանան հայտարարագիր ներկայացնել, ՊԵԿ-ը ակտիվ իրազեկելու է, այդ թվում մարզերում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ