«Ժողովրդավարություն եւ անվտանգություն» հ/կ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում իր խոսքն ուղղեց Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածին: «Առաջին սուտը, կուտը, խայտառակ մանիպուլյացիան նախօրեին Արարատ Միրզոյանի եւ Բլինքենի միջեւ ստորագրված Հայաստան-ԱՄՆ կանոնակարգային փաստաթուղթն է: Ինչ է դա նշանակում, որը որպես պատմական մեծ հաջողություն ներկայացնում է նիկոլական իշխանությունը: Դա սովորական զուգարանի թուղթ է…
Նման թուղթ 2009 թվականին ստորագրվել է Վրաստանի հետ: Տեսանք՝ ինչի վերածվեց Վրաստանը: Նման թուղթ Ամերիկան ստորագրել է Ղազախստանի, Մոլդովայի հետ: Այսօր Մոլդովայում 90-ականների Հայաստանն է: Լույսը տալիս են 40-45 րոպե:
Եվ այսպես, ի՞նչ է շահում Հայաստանը այդ կանոնակարգային փաստաթղթով: Ոչինչ: Բայց ի՞նչ է կորցնում Հայաստանը, ես հիմա հատ-հատ կթվարկեմ, կանդրադառնամ կոպեկ առ կոպեկ, լումա առ լումա: Բայց մինչ այդ ասեմ, որ Ադրբեջանի հետ կնքել են պայմանագիր $ 100 մլն.-ի ամերիկյան բեռնատար ինքնաթիռներ գնելու, որոնցով տեղափոխվելու է ռազմական տեխնիկա: Ո՞ւմ դեմ է ուղղված լինելու ռազմական տեխնիկան, բնականաբար, Ալիեւի կողմից տարածաշրջանի «ֆաշիստական» պետություն հռչակված Հայաստանի: Այսինքն, արձանագրենք. Հայաստանն այդ թղթով ոչինչ չի շահելու:
Ամերիկան ու Եվրոպական Միությունը մշտապես ասել են, որ չեն կարող անվտանգային երաշխիքներ տալ Հայաստանին: Ավելին, Թրամփը մի քանի օր առաջ հայտարարեց, որ Էրդողանը իր հարազատ բարեկամն է եւ շնորհավորում է Էրդողանին Սիրիայում տարած հաղթանակի համար: Հետեւաբար, պետք չէ մտածել, որ չորս օրից Թրամփը կգա եւ ամեն ինչ լավ կլինի: Ցավոք, մենք ունենք հայրենակիցներ, որոնք թքած ունեն Արցախի վրա, Հայաստանի վրա: Բայց որ իրեն ասում ես քո կերը պակասելու է, դառնում է «буревестник», դառնում է Զոյա Կոսմոդեմյանսկայա, դուրս է գալիս փողոց:
Կարդացեք նաև
Եվ այսպես, հունվարի 20-ին Թրամփը ստանձնում է ԱՄՆ նախագահի պարտավորությունները: Նա հայտարարել է, որ իր առաջին քայլերից մեկը լինելու է անօրինական միգրանտներին, եթե իրենք իրենց կամքով չվերադառնան իրենց հայրենիք, ձեռնաշղթաներով նստեցնելու է ինքնաթիռ եւ հետ ուղարկի: Նիկոլ ընտրած ու Մեքսիկայով փախած հպարտ հայրենակիցներ, ձեր ճամպրուկները հավաքեք, որովհետեւ Թրամփի թիվ մեկ քաղաքականությունը լինելու է բոլոր սահմանները փակելը եւ անօրինական միգրանտներին վռնդելը Միացյալ նահանգներից:
Հիմա մտածում եք, որ Ամերիկան չեղավ, կգնաք Եվրոպական Միություն: Չեք գնա: Կյանքում, առաջիկա 100 տարում, հիշեք, Հայաստանը որեւէ պարագայում, որեւէ իրավիճակում չի դառնալու ԵՄ անդամ: Բացատրեմ ինչու: Որովհետեւ վերջին շրջանում ԵՄ-ում լրջագույն քննարկումներ են շատ թույլ, ջնջխված, վատ տնտեսական վիճակում գտնվող ԵՄ անդամ երկրների, օրինակ, Բուլղարիայի, Մերձբալթյան երկրների հարցով: Ու եվրոպական լոկոմոտիվ երկրներն ասում են՝ ռադ արեք այդ բալաստը: Եթե նրանք ուզում են լուծել այդ բալաստի խնդիրը, որոնք դարձել են ԵՄ անդամ, կարծում եք պիտի մտածեն նո՞ր բալաստ բերեն:
Այդպես իրենք 2008 թվականին ԵՄ ընդունելու կտով խաբեցին Վրաստանին: Հիմա նիկոլականները մտածում են, թե հեսա վիզաների ազատականացում կլինի ու կգնան Եվրոպա»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նա նաեւ հիշեցրեց, որ ինքն է 10 տարի եղել Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, որ բանակցել է տարբեր փուլերում վիզաների ազատականացման հետ կապված: «Հիմա ասում եմ. այնպիսի ֆիլտրներ են դրված լինելու, որ ձեր տատն էլ, պապն էլ, պապուպապն էլ գերեզմանից դուրս գան՝ ձեր ձեռքը բռնեն, դուք Եվրոպա չեք գնալու:
Նիկոլը դրա մասին շատ լավ գիտի, բոլոր ՔՊ-ականները գիտեն, որ ձեզ խաբում են: Թուրքիայի օրինակը բերեմ, որը ՆԱՏՕ-ի անդամ է, ՆԱՏՕ-ի երկրորդ հզոր բանակն ունի: 1987 թվականից դիմել է ԵՄ անդամ դառնալու համար եւ նույն տարվանից ԵՄ-ն Թուրքիային միջնամատ է ցույց տալիս: Նույնիսկ Ուկրաինան, որտեղ, տեսնում եք, թե Արեւմուտքը ինչ ռազմական եւ ֆինանսական ներդրումներ է անում, Զելենսկին ծնկաչոք աղաչում է, ոչ ԵՄ անդամ են դարձնում, ոչ էլ ՆԱՏՕ-ի անդամ»,- ասաց տիկին Զոհրաբյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ