Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացման գործընթացում առկա տվյալները էլեկտրոնային համակարգ մուտքագրելու, ուղեգրումների գործընթացն էլեկտրոնային համակարգով իրականացնելու, Պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմափորձաքննական կենտրոնի իրավասությունները, տարբեր տարիքային խմբերի քաղաքացիների բժշկական հետազոտությունների ծավալները հստակեցնելու, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության կարգում տեխնիկական բնույթի մի շարք այլ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում:
Հարցը ներկայացրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով. «Որոշման նախագծի համաձայն՝ զինապարտ քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացման գործընթացում կարգավորում ենք քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ տվյալներն էլեկտրոնային համակարգ մուտքագրելու, ուղեգրումների գործընթացն էլեկտրոնային համակարգով իրականացնելու հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես՝ ընդլայնվում է տվյալ տարում 16 տարին լրացող արական սեռի քաղաքացիներին զինկոմիսարիատներում հաշվառման վերցնելու նպատակով առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպություններում իրականացվող բժշկական հետազոտությունների ծավալը:
Զինկոմիսարիատների կողմից առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպություններին և բժշկական հաստատություններին հետազոտության ենթակա քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրվում է թվային տարբերակով, էլեկտրոնային առողջապահության Armed համակարգի միջոցով: Զինապարտ քաղաքացիների առողջական վիճակի լաբորատոր և գործիքային հետազոտությունների վերաբերյալ տեղեկատվություն առողջապահական հաստատություններից ստացվում է միայն թվային տարբերակով՝ Armed համակարգի միջոցով: Գործիքային МРТ, ուլտրաձայնային և ռենտգենաբանական հետազոտության նկարներ և լաբորատոր գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքները, արտածումները և եզրակացությունները պետք է ներբեռնվեն էլեկտրոնային առողջապահության Armed համակարգ և պահպանվեն 10 տարի ժամկետով: Ախտորոշման համար հիմք հանդիսացող կամ բուժման ընթացքը նկարագրող օբյեկտիվ զննության, լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքները, ներառյալ՝ քաղաքացու ամբուլատոր քարտում առկա ամբողջ տեղեկատվությունը պարտադիր պետք է մուտքագրվեն էլեկտրոնային առողջապահության համակարգ՝ թվային տարբերակով»:
Կարդացեք նաև
Սուրեն Պապիկյանը նշել է, որ Կառավարության 2018 թվականի համար 404 N որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկի թվայնացման շրջանակում հաստատված հիվանդության աստիճանը կամ փուլը որոշելու նպատակով էլեկտրոնային առողջապահական համակարգի կողմից կարող է բժշկին առաջարկվել իրականացնել լրացուցիչ հետազոտություններ: «Ներկայումս, երբ թիվ 404 որոշմամբ հիվանդությունների ցանկը գոյություն ունի, և նկարագիրը կա, թե այդ հիվանդությունը ինչպիսի նկարագիր պետք է ունենա, բժիշկը տալիս է եզրակացություն, սակայն կա հիվանդության ախտորոշման տարբերակներ, որոնք ցույց են տալիս հիվանդության աստիճանը: Համակարգն ավտոմատ կարող է բժշկին առաջարկել ամբողջական ստուգել, որի բերումով մենք այլևս խնդիր չենք ունենա հետագայում բժշկական փորձաքննության ժամանակ կրկնակի փորձաքննությունների գնալու: Ընթացիկ զորակոչի ժամանակ 1800-ից ավելի զինակոչիկ ուղարկվել է կրկնակի փորձաքննության: Այդ թիվն, ըստ մասնագետների, 90 տոկոսով կարող է պակասել, երբ ամեն ինչը տեղի ունենա էլեկտրոնային համակարգի միջոցով: Դրա հարակից բոլոր հետազոտությունները կարվեն, և հարց չի առաջանա, թե հիվանդության ինչ աստիճանում է գտնվում զորակոչիկը կամ անձը»,-ասել է նախարարը:
Սուրեն Պապիկյանի խոսքով՝ կատարվող փոփոխությունները հնարավորություն կտան մինչև զորակոչային տարիքը հայտնաբերել հավանական հիվանդությունները և նախաձեռնել նպատակային բուժման գործընթաց, քաղաքացու վերաբերյալ ստանալ թվային առողջապահական տվյալներ, ունենալ առողջական հետազոտությունների հետագծելիությունը, ինչն ամենակարևոր հանգամանքներից մեկն է, դրանով իսկ ապահովելով գործընթացի արդյունավետությունը:
Քննարկվող թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք գիտենք արդեն, որ զորակոչային գործընթացներ մուտք գործելու պահից մեր տղաների շրջանում զանգվածայնորեն հիվանդություններ են ի հայտ են գալիս: Այս որոշման իմաստն այն է, որ այդ հետազոտություններն արխիվացվեն, որ 17 տարեկանում, եթե հիվանդություն ի հայտ գա, որն ազատում է զորակոչային պարտականությունից, մենք հնարավորություն ունենանք նայելու՝ ինչպես եղավ, որ ամբողջ կյանքը երեխան առողջ է եղել, մեկ էլ 18 տարեկանը լրանալուց երկու ամիս առաջ հիվանդությունների փունջ է հայտնվում: Այս թեմայի մասին մենք շատ ենք խոսել. սա անվտանգության, քաղաքական, հակակոռուպցիոն պայքարի հետ կապված պրոբլեմ է»:
Անդրադառնալով բանակից անօրինական ճանապարհներով ազատվելու երևույթին՝ վարչապետը նշել է, որ դրա 30-ամյա գործընթացի բերած շերտերը մենք ամբողջությամբ չենք գիտակցում. «Ես ուզում եմ մի հետևության մասին կիսվել, որը առաջին հայացքից տարօրինակ կհնչի, որի մասին երևի առաջիկայում ավելի մանրամասն խոսելու առիթ կունենամ: Ես զգում եմ, որ մեր իրականության մեջ ավելի ու ավելի նկատելիորեն աղջիկներն ավելի մրցունակ են դառնում, քան տղաները բոլոր առումներով՝ կրթության, ինտելեկտուալ, կազմակերպչական ստեղծարար աշխատանքի մեջ: Մեր իրականության մեջ աղջիկներն ավելի, եթե աշխատուժ ձևակերպենք՝ որակյալ աշխատուժ են դառնում, քան տղաները: Ես ինչ-որ առումով սկսել եմ մտածել, որ դա կապ ունի այս երևույթի հետ, որովհետև 15 տարեկանը լրանում է, դեֆորմացիայի պրոցես է սկսվում»:
Վարչապետն անընդունելի է համարել մեր իրականության մեջ տարածված այն երևույթը, երբ տղաների հանդեպ չափից դուրս հոգատար վերաբերմունք է ցուցաբերվում. «Սա մեր մեջ խորը դեգրադացիաներ, պրոբլեմներ է առաջացրել: Մենք այս պրոբլեմը պետք է որևէ ձևով լուծենք: Մենք մեր տղաների 60 տոկոսին կյանքի մեկնարկում դնում ենք ոչ լեգիտիմ իրավիճակի մեջ ու դեգրադացնում նրանց ամբողջ հետագա կյանքը»:
Երկրի ղեկավարի խոսքով՝ այստեղ պարզ լուծումներ չկան. «Սա շատ բարդ հարց է: Մենք այսբերգի վերևի հատվածի մասին ենք խոսում, իսկ խորքում տեղի են ունենում պրոցեսներ, որոնք մեզ համար լրջագույն խնդիրներ են առաջացնում»:
Հայաստանում առաջին անգամ կիրականացվի ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիր
Կառավարությունը հաստատել է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը: Որոշման ընդունմամբ ակնկալվում է ներդնել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրերի իրականացման իրավական հիմքը, որը համապատասխանելու է ՀՀ գործող օրենսդրությանը, ինչի արդյունքում կհստակեցվեն թե՛ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրի բովանդակությունը, թե՛ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրն իրականացնող մարմնի գործառույթները, թե՛ արդյունավետորեն կիրականացվեն ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց կրկնակի զոհականացումից պաշտպանելու համատեքստում:
Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը, ՀՀ-ում ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին օրենքն ընդունվել է դեռևս 2017-ին, որն ուժի մեջ էր մտել 2018-ին, իսկ 2024-ի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել լրամշակված նոր օրենքը՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված մարդկանց պաշտպանության մասին»: Լրամշակված այս օրենքի համաձայն՝ Կառավարությունը պետք է հաստատի նաև Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիր: «Առաջարկվում է, որ այդ ծրագիրն ուժի մեջ կմտնի և կգործի 2026 թ.-ից, և ուղղված է լինելու ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիային, կենցաղային բռնություն գործադրած անձին հոգեբանական և սոցիալական աջակցության տրամադրման, առողջության վերականգնման, վնասակար սովորույթներից ձերբազատման միջոցով վերջինիս կողմից կրկին բռնություն գործադրելու կանխարգելմանը: Ծրագրի իրականացմամբ նպաստելու ենք ընտանեկան բռնության զոհերի ապահովությանն ու անվտանգությանը, ընտանեկան, կենցաղային բռնություն գործադրած անձի վարքի փոփոխությանը՝ նվազեցնելով բռնության կրկնման ռիսկը»,- ասել է նախարարի տեղակալը:
Հայաստանում ծրագիրն իրականացվելու է առաջին անգամ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ որպես լիազոր մարմին, ծրագիրը կիրականացնի օրենսդրությամբ սահմանված դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված հասարակական կազմակերպության միջոցով, որի համար նախագծով սահմանվել են հստակ չափորոշիչներ։ Օրինակ՝ տվյալ կազմակերպությունը առնվազն պետք է ունենա լիազոր մարմնի կողմից հատուկ վերապատրաստում անցած մեկական սոցիալական աշխատող, հոգեբան և իրավաբան։ Կազմակերպությունը ծրագիրը պետք է իրականացնի մոդուլների միջոցով, որոնցից յուրաքանչյուրը կարող է իրականացվել առանձին կամ մի քանի մոդուլի համադրմամբ, և յուրաքանչյուր դեպքում մոդուլները բռնարարք գործած անձի համար կիրառվելու են՝ հաշվի առնելով գնահատված կարիքը, տարիքը, սեռը, առողջական վիճակը:
Ծրագրի թիրախային շահառուները լինելու են ընտանեկան կամ կենցաղային բռնություն գործադրած այն անձինք, որոնց նկատմամբ ոստիկանության կողմից կայացվել է նախազգուշացում, անձինք, որոնց նկատմամբ դատարանի կողմից կիրառվել է պաշտպանական որոշում: «Նախազգուշացումը կիրառվում է այն դեպքում, երբ բռնությունը կիրառվում է առաջին անգամ և չկա հիմնարար ենթադրություն, որ բռնությունը կկրկնվի: Իսկ պաշտպանական որոշումը բացառապես դատարանի հիմքով կայացված որոշում է, և բռնության ենթարկված անձին բռնարարքից հեռու պահելու համար կազմակերպությունը կամ անձը կարող է պաշտպանական որոշման համար դիմել դատարան կամ խնամակալության հոգաբարձության մարմին, և այդ դեպքում ռեաբիլիտացիան կհամարվի պարտադիր»,- նշել է Տաթևիկ Ստեփանյանը:
Ըստ Ներքին գործերի նախարարության ոստիկանության տվյալների՝ 2023 թ. տրվել է 424 նախազգուշացում, իսկ 2024 թ.-ին՝ 574 նախազգուշացում: Ըստ դատական դեպարտամենտի տվյալների՝ 2023 թ.-ին կայացվել է 14 պաշտպանական որոշում, իսկ 2024 թ. 6 ամիսներին՝ 13 պաշտպանական որոշում:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նաև նշել է՝ նախկինում ծրագրեր կային ընտանեկան կամ կենցաղային բռնության ենթարկված անձանց համար, հիմա լրացվում է շղթան նաև բռնություն գործադրած անձանց համար. «Ծրագրի նպատակն է նաև կրթության կամ հոգեբանական կամ այլ գործիքների միջոցով կանխարգելել հետագայում նման վարքագիծը և դեպքերի կրկնությունը»:
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ նման համակարգերի ներդրմամբ շատ կարևոր, խորքային, սոցիալ-հոգեբանական փոփոխություններ են տեղի ունենում երկրում և հանրության շրջանում: «Իհարկե, դեռ պետք է գնահատել, թե ինչ խորություն և ծավալ ունեն դրանք, բայց ընկալումը, թե ընտանիքը մյուսների համար անթափանց տարածք է, փոխվում է, և անհրաժեշտորեն պիտի փոխվի, և սա որևէ կերպ կասկածի տակ չդնում մարդու անձնական կյանքի անձեռնմխելիությունը: Իսկ ընտանեկան կամ կենցաղի պատերի անձեռնմխելիությունը գործում է այնքան, քանի դեռ այնտեղ չեն ոտնահարվում հանրության շահերը: Իսկ ցանկացած պատերից ներս ցանկացած տեսակի բռնություն ուղիղ առնչվում է հանրության շահերին, որովհետև պատերի ներսի բռնությանը չարձագանքելու դեպքում այն այլ դրսևորումներ էլ է ունենում, ընդ որում՝ կանխատեսելի և անկանխատեսելի»,- ասել է վարչապետը:
Երկրի ղեկավարի խոսքով՝ հանցավոր մղումները շատ դեպքերում ձևավորվում են ընտանեկան՝ կենցաղային բռնության պայմաններում, երբ բռնությունը դառնում է կուլտուրա, իսկ երբ բռնությունը տանը կուլտուրա է, տնից դուրս է գալիս բակ, բակից՝ թաղ, թաղից՝ դպրոց, դպրոցից՝ հանրություն և այսպես շարունակ: «Ես հիշում եմ, ինչ քննարկումներ կային, երբ որ բռնության հետ կապված օրենքներ էին ընդունվում: Մեզ թվում էր՝ ինչ-որ վատ բան ենք անում, մեր ավանդույթները քանդում ենք: Բայց բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է. եթե այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը։ Ո՞վ է ասել, որ դա լավ բան է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այստեղ պետք է գործել լիարժեք և վճռական՝ իհարկե, բոլոր մնացած հավասարակշռությունները չխախտելով:
Վարչապետն ընդգծել է նաև հանրության շրջանում ծրագրերի վերաբերյալ պատշաճ իրազեկում իրականացնելու կարևորությունը:
Գործադիրն ընդունել է Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու վերաբերյալ որոշում
Գործադիրն ընդունել է «ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին» որոշում: Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ Փարաքարի ղեկավարի պաշտոնը թափուր դառնալուց հետո համայնքի ավագանու անդամների 1/3-ը նախաձեռնել է Փարաքարի ղեկավարի ընտրության օր սահմանելու նիստ, որից հետո՝ նոյեմբերի 29-ին գումարված նիստի համաձայն, Փարաքար համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օր էր սահմանվել 2024 թվականի դեկտեմբերի 11-ը:
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյան, ավագանու արտահերթ նիստով խմբակցությունների կողմից համայնքի ղեկավարի թեկնածու կամ թեկնածուներ չեն առաջադրվել, և գործող կարգավորումներով՝ դրանից հետո, համապատասխան արձանագրություններից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Կառավարությունը, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի կարգավորումների համաձայն, պիտի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և միաժամանակ նոր արտահերթ ընտրություններ նշանակելու որոշում կայացնի:
Դավիթ Խուդաթյանը նշել է, որ Կառավարության որոշմամբ ավագանին լուծարվում է, և նոր ընտրություն նշանակելու մասին որոշում է կայացվում: Դրանից հետո ԿԸՀ-ն տարվա առաջին ընտրական օրը՝ 2025 թվականի մարտի 31-ին, Փարաքարում կանցկացնի արտահերթ ընտրություններ:
Անդրադառնալով որոշմանը Նիկոլ Փաշինյանը նշել է՝ արդեն երկրորդ համայնքն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անցկացնում է նախնական քվեարկություն, որի արդյունքները գնահատվել են դրական: «Այս համատեքստում՝ ժողովրդավարական ևս մեկ շատ կարևոր ինստիտուտ է կայանում Հայաստանի Հանրապետությունում, և հետևաբար, նախնական ընտրություններում Փարաքարի հաղթած թեկնածուն մարզպետի կողմից կնշանակվի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Այսինքն՝ այստեղ, ըստ էության, ամեն ինչ բաց, պարզ և թափանցիկ է»,- ընդգծել է վարչապետը:
Հաստատվել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրության արդյունքները
Գործադիրը հաստատել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում Տիգրան Սիմոնյանի ընտրության արդյունքները: Ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը տեղի է ունեցել 2024 թ. դեկտեմբերի 10-ին: Մրցույթին մասնակցելու համար գրանցվել էր մեկ հավակնորդ՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Սիմոնյանը:
Մրցույթն ընթացել է ինստիտուտի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն: Նիստին մասնակցել են խորհրդի 20 անդամներից 18-ը: Ռեկտորի ընտրությունը կայացել է մեկ փուլով, որի արդյունքում հոգաբարձուների խորհրդի անդամների գաղտնի քվեարկությամբ 17 կողմ, 1 դեմ ձայնով Տիգրան Սիմոնյանն ընտրվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Տիգրան Սիմոնյանն արդեն իսկ շուրջ 1 տարի բուհի ժամանակավոր պաշտոնակատարն է եղել և այս ընթացքում կարողացել է ապահովել բուհի բնականոն գործունեությունը:
Տիգրան Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել. «Բուհը նաև պատասխանատվություն է զգում՝ մասնակցելու այն աշխատանքներին, որոնք հաստատվել են անցած տարի Կառավարության կողմից, մասնավորապես՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ռազմավարության ծրագրի աշխատանքներին: Հավատացեք, որ բուհն ամենայն պատասխանատվությամբ է մոտենալու նաև այս հարցերին»:
Վարչապետը շնորհավորել է նորընտիր ռեկտորին և հաջողություն մաղթել:
Օրենսդրական նախաձեռնություն. կկանոնակարգվի պետության սեփականությանը պատկանող հողերի անհատույց օգտագործման տրամադրման կամ նվիրատվության գործընթացը
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերով առաջարկվում է պետական, ինչպես նաև ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողերը մշտական (անհատույց) օգտագործման կամ նվիրատվության տրամադրել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգերով, պետական գույքի կառավարման լիազոր մարմնի կողմից Հողային օրենսգրքով, օգտագործման տրամադրման կամ նվիրատվության մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգերով։ Ներկայումս գործող կարգավորումների համաձայն, ըստ էության պետական սեփականություն հանդիսացող հողերի սեփականատեր հանդիսանում է պետությունը, սակայն զրկված է օրենսդրությամբ սահմանված կարգով լիարժեք տնօրինելու և տիրապետելու հնարավորությունից, և ըստ էության, հողամասերի հանրային օգտակարության բարձրացման կամ տնտեսական շրջանառության մեջ դնելու ուղղությամբ քայլեր չեն իրականացվում։ Բացի այդ, ներկա պահին պետական մարմինների տնօրինությանն են հանձնված օտարման կամ հետագա կառավարման համար նախատեսված հողամասեր, որոնց գծով, Կառավարությունը՝ ի դեմս կոմիտեի, համապատասխան լիազորություններ չունենալու պատճառով, չի կարողանում իրականացնել արդյունավետ կառավարում, այդ թվում՝ անհատույց օգտագործման կամ նվիրատվության տրամադրում։ Բացի այդ, անհրաժեշտ է ամբողջությամբ հստակեցնել պետության սեփականությունը հանդիսացող հողերի նկատմամբ Կառավարության և կոմիտեի իրավասությունները, քանի որ գործող օրենսդրությամբ պետության սեփականությունը հանդիսացող հողերի օտարման, ինչպես նաև նվիրաբերության իրավասությունը պատկանում է վերջիններիս։ Նախագծերի ընդունմամբ կկանոնակարգվի պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողերի անհատույց օգտագործման տրամադրման կամ նվիրատվության գործընթացը, ինչն էլ կնպաստի պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը։
Կկանոնակարգվի կազմակերպությունների, ընկերությունների և հիմնադրամների սեփականությունը համարվող գույքի նկատմամբ մշտադիտարկում իրականացնելու գործընթացը
Կառավարությունն ընդունել է որոշում՝ պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, կազմակերպությունների, ընկերությունների և հիմնադրամների սեփականություն համարվող, այդ թվում՝ վարձակալության տրամադրված անշարժ գույքի նկատմամբ մշտադիտարկում իրականացնելու գործընթացի կանոնակարգման նպատակով։ Որոշման պահանջներին համապատասխան իրականացվող մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ կան կազմակերպություններ, ընկերություններ և հիմնադրամներ, որոնք ինչպես իրենց անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն համարվող անշարժ գույքն, այնպես էլ իրենց սեփականությունը համարվող անշարժ գույքն իրենց կանոնադրական գործառույթների շրջանակում օգտագործվում են ոչ նպատակային։ Մասնավորապես, կան ոչ արդյունավետ աշխատող ընկերություններ, որոնց տրամադրված անհատույց օգտագործման հանձնված և իրենց սեփականության իրավունքով պատկանող տարածքները գերազանցում են իրենց կանոնադրական գործառույթների իրականացման, ինչպես նաև առկա աշխատողների համար անհրաժեշտ աշխատատեղերի մակերեսները։ Նույն իրավիճակում են նաև կազմակերպությունները և հիմնադրամները, որոնք նույնպես ոչ արդյունավետ են օգտագործում իրենց սեփականության իրավունքով պատկանող տարածքները։ Նման իրավիճակում պետական գույքի կառավարման լիազոր մարմինն ինչպես պետական գույքերի, այնպես էլ ընկերությունների մշտադիտարկման շրջանակում զրկված է մի շարք դեպքերում պետության կողմից ընկերություններին, կազմակերպություններին և հիմնադրամներին վերջիններիս կողմից իրենց գործառույթները պատշաճ իրականացնելու նպատակով սեփականության իրավունքով պատկանող գույքի ուսումնասիրության հնարավորությունից։ Այս հանգամանքով պայմանավորված՝ առաջարկվում է մշտադիտարկում իրականացնել նաև կազմակերպությունների, ընկերությունների և հիմնադրամների սեփականություն համարվող գույքի նկատմամբ։ Արդյունքում՝ կկանոնակարգվի կազմակերպությունների, ընկերությունների և հիմնադրամների սեփականությունը համարվող գույքի նկատմամբ մշտադիտարկում իրականացնելու գործընթացը, կբարձրանա պետական գույքի կառավարման արդյունավետությունը։
Օլիմպիական խաղերի մեդալակիրներն ու միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացրած շախմատիստները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից
Սպորտի ոլորտում բացառիկ նվաճում ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատելու գործընթացի կատարելագործմամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Լրացում է կատարվել 2019 թվականի փետրվարի 15-ի՝ «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» որոշման մեջ: Որոշմամբ սահմանված են սպորտի ոլորտում բացառիկ նվաճումներ ունենալու հանգամանքները, որոնց առկայության դեպքում քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից:
Ըստ հիմնավորման՝ սպորտի բնագավառի առանձնահատկություններով պայմանավորված՝ առկա են մի շարք սպորտային նվաճումներ, որոնք իրենց բնույթով բացառիկ ու եզակի են, և որոնք առկայության պարագայում մարզիկի նվաճումը համարվում է բացառիկ: Մասնավորապես՝ մինչև մարզիկի 26 տարեկան լրանալը Օլիմպիական խաղերում մրցանակակիր դառնալը / ոսկե, արծաթե կամ բրոնզե մեդալ/ կամ շախմատում միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացնելը կհամարվի բացառիկ նվաճում: Միաժամանակ, փոփոխություններ և լրացումներ կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման մեջ: Այն բխում է սույն կարգավորումների համատեքստում՝ բացառելու միևնույն սպորտային նվաճումը և՛ որպես տարկետման, և՛ որպես պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատելու հիմք դիտարկելուն:
ՀՀ դրոշի ներքո հանդես եկող մարզիկներից նախատեսվող բացառիկ նվաճմանն այս պահին համապատասխանում է 7 մարզիկ, որոնցից 2-ը Օլիմպիական մրցանակակիր են, իսկ 5-ը՝ շախմատիստներ, որոնցից որոշ մարզիկներ արդեն իսկ զորակոչվել են պարտադիր զինվորական ծառայության:
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվեն սպորտի ոլորտում բացառիկ նվաճում ունեցող մարզիկների սպորտային գործունեության համարժեք գնահատումը, անընդհատությունը, և կամրագրվի նրանց բացառիկ նվաճումը:
Սահմանվել է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցության հաշվեհամարի բացման և տնօրինման կարգը
Կառավարության մեկ այլ որոշմամբ հաստատվել է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցության հաշվեհամարի բացման և տնօրինման նոր կարգը: Առաջարկվող հատուցման նոր մոդելը լուծում է արտակարգ իրավիճակներում գտնվող ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի հրատապ աջակցության խնդիրը՝ վերջինիս տրամադրելով միանվագ դրամական աջակցություն՝ հիմնված չափորոշիչներով սահմանված կարիքի գնահատման վրա։ Մոդելի հիմքում շահառուի և նրա խնամքին գտնվող խնամառուների կենսական նվազագույն պայմանների ապահովման գաղափարն է։
Հաշվի առնելով միջազգային փորձը՝ որոշմամբ առաջարկվում է ՀՀ-ում ներդնել այնպիսի մոդել, որն ապահովում է բազային մակարդակի աջակցություն և կիրառելի է արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման համար: Այն հնարավորություն է տալիս կիրառել ընդհանրական բանաձև, որը պարզ է կիրառման տեսանկյունից: Առաջարկվող բանաձևն ընդգրկում է հետևյալ հիմնական բաղադրիչները՝ բազային արտակարգ վճար, բնակարանային նպաստ, խնամակալի աջակցություն:
Կբարելավվեն գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները
Կառավարությունն ընդունել է որոշում՝ վերջին շրջանում ՌԴ ռուբլու փոխարժեքի նվազման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակում ստացվող վճարումները ՀՀ դրամով փոխանակելու դեպքում տնտեսավարողների մոտ առաջացող վնասների հետևանքով Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում խաղողի մթերումների նպատակով ներգրավված վարկերի սպասարկման բեռը որոշակիորեն թեթևացնելու նպատակով ծրագրի պայմանները բարելավելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Ըստ հիմնավորման՝ ծրագրի շրջանակում խաղողի մթերման նպատակով 2022 թ. մինչև սեպտեմբերի 1-ը վարկերը տրամադրվել են մինչև 3 տարի մարման և 1 տարի արտոնյալ ժամկետով, սուբսիդավորումը՝ 10 տոկոսային կետով, իսկ սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը՝ մինչև 4 տարի մարման և 2 տարի արտոնյալ ժամկետով, սուբսիդավորումը՝ 11 տոկոսային կետով։
Վերջին շրջանում ՌԴ ռուբլու փոխարժեքի նվազման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակներում ստացվող վճարումները ՀՀ դրամով փոխանակելու դեպքում տնտեսավարողները կրում են զգալի վնասներ և դժվարանում են սպասարկել ներգրաված վարկերը։ Վարկերի սպասարկմանը խոչընդոտում են նաև Վերին Լարսի սահմանային անցակետում եղանակային պայմաններով պայմանավորված, ինչպես նաև փորձաքննության և փորձաքննության արդյունքները ստանալու պատճառաբանությամբ կոնյակ արտահանող տրանսպորտային միջոցների տևական ժամանակով հատուկ պահպանվող տարածքում կանգնելու պատճառով մատակարարման ժամկետների խախտման հետևանքները։ Ըստ արտահանող տնտեսավարողների կողմից տրամադրված տեղեկատվության՝ լրացուցիչ փորձաքննության է ենթարկվում արտահանվող ընդհանուր քանակության մինչև 12 տոկոսը, իսկ փորձաքննության արդյունքների հիման վրա որոշումները կայացվում են 30-ից մինչև 60 օրվա ընթացքում։ Այսպիսով՝ առաջարկվում է ծրագրում կատարել համապատասխան լրացում, ըստ որի՝ ծրագրի շրջանակում խաղողի մթերումների նպատակով 2022 թ.-ին տրամադրված վարկերի համար ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ կարող են մինչև 6 ամսով երկարաձգվել վարկերի մարման ժամկետները՝ պայմանով, որ վարկերի մարման ժամկետների փոփոխության դեպքում 2022 թ. տրամադրված բյուջետային երաշխիքների մարման ժամկետները չեն փոխվում։
Միջազգային համագործակցություն
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2023 թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ համաձայնագիրն ապահովում է համապատասխան իրավական շրջանակ, որը հիմք է հանդիսանում առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի կնքման և կողմերի միջև համագործակցության համար։ Համաձայնագրով նախատեսվում է Վերականգնման վարկերի բանկից ստանալ մինչև 26.000.000 եվրո վարկ՝ «Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացում. փուլ IV» ծրագրի համար և մինչև 2.000.000 եվրո դրամաշնորհ՝ վերոնշյալ ծրագրի իրականացման և խորհրդատվության համար անհրաժեշտ հարակից միջոցառումների համար:
Հավանություն է տրվել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև գույքի գնահատման ծառայությունների ոլորտում վարչական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ կարգավորման նպատակն է սահմանել տեղեկատվական փոխգործակցության կարգը և այն ուղղված է ԵՏՄ անդամ պետությունների վարչական համագործակցության ապահովմանը` գույքի գնահատման ծառայությունների միասնական շուկայի միության շրջանակներում գործունեությունը ապահովելու նպատակով:
Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի համար Ասիական զարգացման բանկի միջոցներից վարկի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Համաձայնագրով համաֆինանսավորվող ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությանն աջակցելն է՝ կառուցելու Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային ենթահատվածը։ Համաձայնագրի շրջանակներում կառուցվելու է կլիմային և աղետներին դիմակայուն շուրջ 27,1 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը (որը կհասնի շուրջ 100 կմ/ժ), կբարձրացվի երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։
Այլ որոշումներ
Կառավարությունը սահմանել է ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող անապահովության սահմանային միավորը: Ըստ այդմ, առաջարկվում է ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար անապահովության սահմանային միավորը 2025 թվականի համար պահպանել 2024 թվականի համար սահմանված չափով՝ 28.00:
Գործադիրի որոշմամբ «Կառմիլան» ՍՊԸ-ը կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքով և սարքավորումներով նախատեսվում վերանորոգել և կահավորել Վանաձորում գործող մսամթերքի կիսաֆաբրիկատների արտադրամասը և վերազինել նոր արտադրական սարքավորումներով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 10 մլն դրամի ներդրում՝ շինարարական աշխատանքների իրականացման, սարքավորումների և հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 7 աշխատատեղ 96 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2025 թ. առաջին կիսամյակը ընկած ժամանակահատվածում նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 8-ի՝ 100 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 596 հազ դրամ: