Իրավական մեխանիզմների օգնությամբ ՀՀ կողմից որոշակի հարցերի բարձրացումն ու դրանք չեզոքացնելու Ադրբեջանի ջանքերը միտված են, որ որեւէ խնդիր ու պահանջ ՀՀ կողմից այլեւս չբարձրացվի: Ադրբեջանի դեմ իրավական պահանջներից հրաժարվելու վտանգները թեմայով ասուլիսի ժամանակ այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը:
Նրա խոսքով, 2020 թվականից ի վեր բոլոր միջազգային ատյաններում, երբ խոսում ենք Ադրբեջանի կատարած հանցագործությունների մասին, Ադրբեջանից արձագանքում են, որ նման բան չի եղել: Եթե ՀՀ կառավարությունը հրաժարվի Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերից, բոլոր ճանապարհները այլ մեխանիզմներում փակվելու են մեզ համար. «Մենք չենք կարող լինել պահանջատեր մի խնդրի, որից հրաժարվել է մեր կառավարությունը»:
Փորձագետի խոսքով, Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ունի միջպետական 4 գանգատ, մեկն էլ ընդդեմ Թուրքիայի, 2 գանգատ էլ՝ Ադրբեջանն ընդդեմ ՀՀ կա ՄԻԵԴ-ում:
Կարդացեք նաև
Փորձագետի խոսքով՝ անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի ՄԻԵԴ-ը, մեր ներկայացրած գանգատները բավականին հիմնավոր են:
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանն էլ նկատեց, որ Ադրբեջանի դեմ հայցերը ինքնանպատակ չեն. «Այսինքն՝ ՀՀ համար դրական դատական ակտ ունենալը ոչ թե ինքնանպատակ է, այլ միջոց է, որը կարող է թույլ տալ վերականգնել Արցախի բնակչության իրավունքները, որը կարող է որոշ չափով ստեղծել Արցախ վերադարձի համար հնարավորություն»:
Արա Խզմալյանը նկատեց, որ Ադրբեջանը վերցրել է Խոջալուի միջադեպը, դրա շուրջ ստեղծել հստակ նարատիվ ու հսկայական ջանքեր է կատարել, այդ նարատիվը աշխարհով մեկ տարածելու համար՝ ցույց տալով, թե «ինչպիսի ոճրագործություն է արել» Հայաստանը. «Հիմա կա իրական հնարավորություն համարժեք գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին միջազգային դատարանների կողմից: Այդ հնարավորությունից հրաժարվելը նշանակում է շատ-շատ թուլացնել ցանկացած հնարավորություն ապահովելու վերադարձ, ապահովելու իրավունքների վերականգնում»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ խաղաղության պայմանագրի կնքումից հետո կարելի է գնալ գործարքի ու հետ վերցնել Ադրբեջանի դեմ բոլոր հայցերը:
Աննա Մելիքյանն էլ նկատեց, որ որեւէ երաշխիք չկա, որ կնքվելիք խաղաղության պայմանագիրը չի խախտվի. «Այս խաղաղության պայմանագիրը, որին հանրությունը մանրամասն ծանոթ չէ, որեւէ երաշխիք չի պարունակում արդարադատության ու մարդու իրավունքներին հասնելու առումով, դրույթ, գլուխ այդ հարցերին ուղղված չկա: Իսկ մեր կոնֆլիկտը տարածքային կոնֆլիկտ չէ: Այն սկսվել է ու շարունակվել է՝ հաշվի առնելով ատելությունն ու խտրականությունը, մարդու իրավունքների խախտումները, որոնք չեն դադարել ու շարունակվում են: Եթե մենք հրաժարվում ենք մեր պահանջից, դա հենց մեր դեմ է օգտագործվելու՝ ասելով, թե տեսեք մենք 30 տարի ասում էինք, որ ՀՀ-ն խաբում է, ագրեսոր է, իսկ մենք տուժած ենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ «Մեդիա» կենտրոնի