Լրահոս
Հայի արարող ձեռքեր
Օրվա լրահոսը

Հայաստանը վարում է անիմաստ արտաքին քաղաքականություն. ռազմավարական փաստաթուղթ՝ անորոշության ու ռիսկերի մեծ տոկոսով. Վահե Հովհաննիսյան

Հունվար 16,2025 13:42

ԱՄՆ-Հայաստան ռազմավարական համագործակցության փաստաթուղթը ստորագրվեց այդ երկրի վարչակազմի փոփոխությունից 6 օր առաջ։

ԱՄՆ-Վրաստան ռազմավարական համագործակցության փաստաթուղթը ստորագրվել է 2009 թ-ի հունվարի 9-ին, իսկ հունվարի 20-ին արդեն պաշտոնապես նախագահ դարձավ Բարաք Օբաման։ Այսինքն՝ թուղթը ստորագրվեց վարչակազմի փոփոխությունից 11 օր առաջ։

Սա կարող է խոսել այն մասին, որ մեր տիպի երկրների համար ԱՄՆ-ում կա ավանդույթ. հեռացող վարչակազմերը ստորագրում են նման փաստաթուղթ՝ ի նշան համատեղ նախկին աշխատանքի։

Եթե Վրաստանի համար սա ժեստ էր Սահակաշվիլիի արկածախնդիր ու ընդգծված խելագար հակառուսականությանը, որը հանգեցրել էր տարածքային կորուստների և ՌԴ-ի հետ հարաբերությունների էական վատացմանը(այսինքն ժեստ էր արդեն կայացած փաստին), ապա Հայաստանի պարագայում դա կարող է համարվել բոնուս՝ ապագա տարածքային կորուստների և ՌԴ-ի հետ հարաբերությունների էական սրման համար։

Պակաս կարևոր չէ, թե ով է փոխարինում փաստաթուղթ ստորագրած վարչակազմերին։ Դեմոկրատ Օբաման այլ թեմա է, հանրապետական Թրամփը՝ իր հեղափոխական հայացքներով՝ լրիվ այլ։

Թրամփը կարող է ընդհանրապես չհիշել այս փաստաթղթի մասին և կառուցել խիստ պրագմատիկ հարաբերություններ մեր տարածաշրջանում, կամ ընդհանրապես չկարևորել Հարավային Կովկասը։

Այդ դեպքում մեզ կմնան միայն տարածաշրջանային երկրների և Ռուսաստանի հետ վատացող հարաբերությունները։

Ըստ էության, Հայաստանը վարում է անիմաստ արտաքին քաղաքականություն։  ՀՀ արտաքին քաղաքականության նպատակը ոչ թե ՀՀ շահն է, այլ՝ իշխանության վերարտադրման շանսը՝ կոնսոլիդացնել մի ընտրազանգված, որը ցանկանում է հավատալ, թե այսուհետ ԱՄՆ-ն զորք կուղարկի թուրքերին ջարդելու, իսկ վաղը չէ մյուս օրը մենք ԵՄ անդամ ենք՝ բարձր սոցիալական նպաստներով։

Իմաստավորված արտաքին քաղաքականությունը այլ ժանր է։ Ճիշտ օրակարգ և ճիշտ խնդիրներ ձևակերպես՝ ՌԴ-ի հետ, ԵՄ-ի հետ, ԱՄՆ-ի հետ, կլինի տեսանելի արդյունք, բայց դրա համար սոլիդ իշխանություն է պետք։ Կարո՞ղ ես ԱՄՆ-ից բերել, ասենք, Հայաստանի հետպատերազմյան վերականգնման բազմամիլիարդանոց փաթեթ. դա այլ խոսակցություն է (ԱՄՆ-ը նման բազմաթիվ հաջողված փորձեր ունի), կարողանո՞ւմ ես Ռուսաստանից բերել նոր նախաձեռնություն, օրինակ՝ անվտանգության էական ապահովման, կամ ռազմատնտեսական համագործակցության, դա այլ խոսակցություն է, կարողանո՞ւմ ես ԵՄ-ից ստանալ տեխնոլոգիական վերազինման լուրջ աջակցության փաթեթ, դա ուրիշ բան։ Բայց այս իշխանությունը բացի դատարկ թղթերից ու իր հասարակության վրա սուտ հույսեր ծախելուց՝ այլ բան չի անում։

Մեր նորագույն պատմության մեջ մի լավ օրինակ կա ստրատեգիական որոշման. Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը (2006-2007)։ Բոլորը դեմ էին՝ ռուսները, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, թուրքերը։ Բայց գազամուղը կառուցվեց, որովհետև մեզ համար ուներ կենսական նշանակություն, ու բոլորը համակերպվեցին կամ նույնիսկ ողջունեցին՝ փաստը կատարվելուց հետո։

Բայց ցավոք, քարոզչությամբ սնվող հասարակություններին դատարկ թուղթը կարելի է ավելի լավ ներկայացնել, քան շոշափելի արդյունքը։ Այսօր, ագրեսիվ պետական քարոզչության ֆոնին, մեր հասարակությանն ավելի քան կարևոր է բացատրել նույնիսկ տարրական թվացող բաները։ Օրինակ այն, որ նոնսենս է, երբ առավոտյան Իրանից ակնկալում ես աջակցություն և պաշտպանություն՝ Սյունիքի վրա ադրբեջանաթուրքական հարձակման դեպքում, իսկ երեկոյան ստորագրում ես փաստաթուղթ, որի մեջ որպես միակ պրագմատիկ քայլ նախատեսված են նույն Իրանի դեմ արվելիք գործողությունները։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031