Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, ըստ որի՝ ընդլայնվում է զինապարտ քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման եւ բժշկական փորձաքննության ծառայությունների ծավալը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ, մասնավորապես, ընդլայնվում է տվյալ տարում 16 տարին լրացող արական սեռի քաղաքացիներին զինկոմիսարիատներում հաշվառման վերցնելու նպատակով առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպություններում իրականացվող բժշկական հետազոտությունների ծավալը։
Ըստ Պապիկյանի՝ զինկոմիսարիատների կողմից առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպություններին եւ բժշկական հաստատություններին հետազոտության ենթակա քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվելու է թվային տարբերակով։ Զինապարտ քաղաքացիների առողջական վիճակի լաբորատոր եւ գործիքային հետազոտությունների վերաբերյալ տեղեկատվությունը առողջապահական հաստատություններից նույնպես պետք է ստացվի միայն թվային տարբերակով։
Սուրեն Պապիկյանն ասաց, որ այս համակարգի ներդրմամբ՝ հետագայում բժշկական փորձաքննությունների ժամանակ կրկնակի փորձաքննության գնալու անհրաժեշտություն չի լինի։ «Օրինակ՝ ընթացիկ զորակոչի ժամանակ արդեն 1800-ից ավելի զինակոչիկ ուղարկվել է կրկնակի փորձաքննության։ Այդ թիվը, ըստ մասնագետների կարող է 90 տոկոսով պակասել, եթե ամեն ինչ տեղի ունենա էլեկտրոնային համակարգի միջոցով»,- հավելեց Պապիկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ