Լրահոս
Հայի արարող ձեռքեր
Օրվա լրահոսը

Սահմանապահը կարող է ինքնուրույն որոշել՝ օտարերկրացուն թույլ տալ մուտք գործել ՌԴ տարածք, թե ոչ. միգրացիոն փորձագետ

Հունվար 16,2025 13:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2025 թվականից սկսած՝ Ռուսաստանը խստացնում է իր միգրացիոն օրենսդրությունը՝ էապես նվազեցնելով օտարերկրյա քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը եւ ներդնելով արտաքսման նոր միջոցներ։ ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Ռուսաստանի իշխանությունները Հայաստանի քաղաքացիների նկատմամբ արտաքսման 1100 որոշում են կայացրել: Բացի այդ, 2024 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ ՀՀ 16337 քաղաքացու մուտքն արգելված է Ռուսաստանի Դաշնություն։

Տաթեւիկ Բեժանյան

«Հունվարի 1-ից արդեն իսկ երկու օրենք ուժի մեջ են մտել, որոնք շատ ուղիղ ազդելու են մեր միգրացիոն հոսքերի վրա: Ոչ վիզային երկրների քաղաքացիները, որոնք տարեկան յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում կարող էին 90 օր գտնվել ՌԴ-ում, այդ ժամկետը կրճատվել է: Հունվարի 1-ից սկսած՝ տարվա ընթացքում կարող են գումարային ընդամենը 90 օր գտնվել Ռուսաստանի Դաշնությունում»,- Մեդիա կենտրոնում կայացած «Ռուսաստանի կոշտ միգրացիոն քաղաքականությունը. ի՞նչ է սպասվում հայ աշխատանքային միգրանտներին» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը:

Նրա խոսքով, ռուսական կողմը իր հայեցողությամբ կարող է օտարերկրացուն թույլ չտալ մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն. «Միայն սահմանապահը կարող է որոշել՝ օտարերկրացուն թույլ տա՞ մուտք գործել ՌԴ տարածք, թե՞ ոչ: Սահմանապահը կարող է ինքնուրույն կայացնել նման որոշում անգամ այն քաղաքացիների հանդեպ, որոնք չունեն մուտքի արգելք եւ առաջին անգամ են մուտք գործում ՌԴ տարածք»:

Հրայր Հակոբյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Զբաղվածության ապահովության եւ աշխատանքային ներուժի զարգացման վարչության Գործատուների համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Հրայր Հակոբյանի խոսքով, արտագնա աշխատանքի մեկնելու մտադրություն ունեցող քաղաքացիները Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում ստանում են նախամեկնումային խորհրդատվություն, համապատասխան իրազեկում, նաեւ կարիքների գնահատում է կատարվում:

«Մենք նման մարդկանց նաեւ Հայաստանի աշխատաշուկայում առկա թափուր աշխատատեղերին ենք ծանոթացնում, փորձում ենք նրան օգնել այդ հարցում: Եթե, այնուամենայնիվ, անձը ցանկություն է հայտնում մեկնելու, առաջարկում ենք մեկ ուրիշ տարբերակ՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործող գործիքակազմին ենք ծանոթացնում, հարթակ ունենք, որը կոչվում է «Աշխատանք առանց սահմանների», որտեղ անձը կարող է մտնել եւ դիտել բոլոր այն թափուր աշխատատեղերը, որոնք առկա են ՌԴ-ում, Բելառուսում, Ղազախստանում կամ Ղրղզստանում: Այդ հարթակը հնարավորություն է տալիս անմիջապես դիմելու գործատուին եւ նրա հետ քննարկելու աշխատանքի տեղավորման հնարավորությունները»,-հավելեց Գործատուների համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետը:

Մանրամասն՝ տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031