«Մենք շատ ենք կարեւորում Վիշեգրադյան քառյակի հետ համագործակցությունը՝ նախ եւ առաջ ԵՄ-ի համատեքստում, նաեւ այդ 4 երկրի հետ մեր հարաբերություններն էլ ավելի սերտացնելու առումով» ,- Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կազմակերպած «Հայաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության խթանումը Վիշեգրադյան քառյակի փորձի հիման վրա» խորագրով եզրափակիչ համաժողովին նշեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
«Այդ երկրների հետ դինամիկան ակնհայտ է, Լեհաստանը մնում է մեր առանցքային երկրներից ԵՄ երկրների շարքում, Չեխիայի հետ նույնպես ունենք շատ խորը համագործակցություն եւ գործընկերություն, Սլովակիան վերջերս բացել է իր դեսպանությունը, եւ այժմ ունենք ծրագիր ակտիվացնելու մեր երկկողմ կապերը, նաեւ այս տարի որոշում է ընդունվել բացել Հայաստանի դեսպանություն Հունգարիայում եւ Հունգարիայի դեսպանություն՝ Հայաստանում… »,-հավելեց փոխարտգործնախարարը:
«ԵՄ-ի հետ գրեթե վերջնականացրել ենք բանակցությունները մեր առաջնահերթությունների նոր օրակարգի շուրջ, առաջիկա շաբաթներին կկազմակերպենք քաղհասարակության հետ համապատասխան հանդիպում՝ ներկայացնելու այդ արդյունքները: Դրա հետ մեկտեղ արդեն իսկ կապեր են հաստատվել ԵՄ նոր ղեկավար կազմի հետ: Վերջերս տեղի է ունեցել հեռախոսազրույց ԵՄ խորհրդի նախագահի եւ վարչապետ Փաշինյանի միջեւ»,-նշեց Պարույր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ առաջիկայում սպասում են բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցին Հայաստան։
Նախարարի տեղակալի խոսքով, արդեն մեկնարկել են բովանդակային բանակցություններ մուտքերի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ դեկտեմբերի ընթացքում, եւ այդ աշխատանքն ակտիվանալու է գալիք ամիսների ընթացքում, այդ համատեքստում կազմակերպվելու են մի շարք այցեր ճյուղային նախարարությունների կողմից՝ նախարարների մակարդակով:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ