Օրերս ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու Երևանի քաղաքապետը հուշագիր ստորագրեցին, որով որոշում կայացրին Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում (Պարսկաստանի նախկին հյուպատոսարանի տարածքում) հիմնել բացառիկ արվեստագետ, հողարվեստի ուղղության հիմնադիր, նկարիչ, հավաքորդ Մարկոս Գրիգորյանի թանգարան: Նաեւ հայտարարեցին, որ այս տարի նշվում է Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակը, եւ որ թանգարանի հիմնադրումը լավագույն նվերն է մեծանուն արվեստագետի հիշատակին:
ԵՊՀ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Միլանի Ամբրոզյան ակադեմիայի անդամ, Մոնպելիեի ակադեմիայի թղթակից անդամ Լեւոն Չուգասզյանը, որը մտերիմ է եղել Մարկոս Գրիգորյանի հետ, Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ նման որոշումը անտեղյակության հետեւանք է, երբ մարդիկ չգիտեն, թե թանգարանների համար ինչպիսի տարածքներ պիտի հատկացվեն. «Պատերը պետք է զուրկ լինեն զարդարանքներից, պատուհաններ չպետք է լինեն, որպեսզի տարածքը առավելագույն չափով օգտագործվի նկարները կախելու համար, լուսավորությունը պետք է լինի վերեւից եւ այլն… Պետք է նաեւ տարածքն ընդարձակ լինի, որպեսզի նկարները կողք կողքի չլինեն, եւ նրանց միջեւ կոնֆլիկտ չառաջանա: Երբ որ այցելուն մտնում է թանգարան, պետք է կարողանա կենտրոնանալ առանձին նկարների վրա, ոչ թե շփոթվի եւ չկարողանա ըստ ամենայնի ընկալել դրանք: Մինչեւ անգամ Հայաստանի ազգային պատկերասրահում են ստիպված պատուհանները փակել, որպեսզի հավելյալ տարածք ունենան, ընդ որում, ոչ միայն մեր, այլեւ ուրիշ երկրներում, ինչպես, օրինակ, Մադրիդի Տիսեն-Բորնեմիսա թանգարանում են այդպես վարվել:
Ցավոք, մեզանում մարդիկ նման փորձառություն չունեն, քանի որ հայաստանցիներից քչերն են արտասահմանում թանգարաններ այցելում, հետեւաբար սա անտեղյակության հետեւանք է: Մի օրինակ էլ բերեմ, երբ ժամանակին Մայր աթոռում Հովհաննես Չիլինկիրյանի հավաքածուն կախեցին պատերից, պատերի ծեփը բացել էին, ինչի հետեւանքով երեւացող սեւ ու շագանակագույն քարերի գծերը կոնֆլիկտ էին ստեղծում կախված նկարների հետ: Հետո ստիպված սպիտակ վահանակներ դրեցին, որպեսզի նկարներն իրարից առանձնացված լինեն, եւ այդ կոնֆլիկտը չառաջանա, պատերի քարերի գծերի հետ, ու նկարները տեղ ունենան «շնչելու»:
Կարդացեք նաև
Պարոն Չուգասզյանը փաստում է, որ հատկացված տարածքը հարմար չէ Մարկոս Գրիգորյանի թանգարանի համար. «Հատկապես Մարկոս Գրիգորյանի հողի գործերը շատ մեծ են եւ մեծ տարածք են ուզում, ու բնավ իմաստ չունի դրանք խցկել կողք կողքի: Մարկոս Գրիգորյանը շատ ճաշակավոր մարդ էր: Երբ իր ձեռքով իր հողի գործերը կամ մյուս նկարները դասավորում էր Գրականության եւ արվեստի թանգարանի սրահներում, ես աչքովս եմ տեսել, թե ինչպիսի բծախնդրությամբ էր ընտրում եւ տեղերը, եւ ամեն ստեղծագործությունը, ինչի արդյունքում դա եղավ շատ ներկայանալի ցուցադրություն: Վստահ եմ, եթե Մարկոս Գրիգորյանը ողջ լիներ, պիտի շատ նեղվեր ու չհամաձայներ նման որոշման հետ: Մարկոս Գրիգորյանը շատ սիրում էր պարսկական արվեստը, ինքը զբաղվել է պարսկական արվեստի պրոպագանդմամբ, պարսիկ նկարիչների ցուցահանդեսներ, Պարսկաստանի բիենալեներն է կազմակերպել՝ Պարսից շահի տիկնոջ հովանավորությամբ: Նա շատ կարեւոր դեր է կատարել, անհայտությունից բարձրացրել, ներկայացրել է պարսիկ նկարիչներին, պարսկական հին թեյարանների պատերի նկարները: Ինքը չէր ուզենա, որ այսպիսի տարածքում լինեին իր աշխատանքները, որովհետեւ ոչ միայն այդ տարածքի արդեն իսկ զարդարված պատերը չեն համապատասխանում իր նկարներին, այլեւ որեւէ թանգարան այդտեղ ստեղծելը հարմար չէ: Պետք է բացարձակապես պատկերացում չունենալ, թե ընդհանրապես թանգարանն ինչ տեսակ է լինում, եւ բերել ու այդտեղ թանգարան սարքել:
Կարծում եմ, որ սա Մարկոս Գրիգորյանի հիշատակը հարգելու լավագույն միջոցը չէ, մանավանդ որ իր հարյուրամյակը հիմա չի լրանում, նա 1928 թվականին է ծնվել՝ Ռուսաստանի Կրոպոտկին քաղաքում: Մենք մտերիմ բարեկամներ ենք եղել եւ ես բազմաթիվ անգամներ եղել եմ Նյու-Յորքում Արշիլ Գորկու անունը կրող իր պատկերասրահում, երբ այցելել եմ Նյու Յորք, Մարկոսի հետ մենք Երեւանում ենք նույնպես շատ մտերիմ եղել, նա հաճախ է մեր տանը եղել:
Ընդհանրապես, նման որոշումներ կայացնելիս պետք է մասնագետների հետ խորհրդակցել, այն մասնագետների հետ, որոնք գոնե աշխարհի թանգարանները տեսել են: Ես գիտեմ, որ ինձանից բացի կան նաեւ ուրիշ մարդիկ՝ նույն Հայաստանի ազգային պատկերասրահի աշխատողներից, որոնք եղել են աշխարհի թանգարաններում եւ տեղյակ են, որ նման թանգարան չեն կազմում դրսում: Սա սխալ որոշում է, որը պետք է վերանայվի»:
Մեր հարցին՝ որեւէ այլ շենք պատկերացնո՞ւմ է, ուր կարելի էր Մարկոս Գրիգորյանի գործերը եւ հավաքածուն տեղակայել, Լեւոն Չուգասզյանն այսպես արձագանքեց. «Նման երկու տարածքներ կան, որոնք ներկայումս լքված են, մեկն Ամիրյան փողոցում է՝ մի հին, նախախորհրդային շրջանի շենք է սեւ քարից, որը շուրջ 30 տարի է, դատարկ է, երկրորդը Մանկական հանրախանութի տարածքն է Աբովյան փողոցում, որը կարող էր եւ Հայաստանի ազգային պատկերասրահի մնացած պատկերները հյուրընկալել, եւ մի մասն էլ օգտագործվել որպես Մարկոս Գրիգորյանի թանգարան:
Իսկ երրորդ տարբերակը հետեւյալն է՝ կարելի է Արամի փողոցի այն հատվածում , որից մուտքեր կան դեպի Ազգային Պատկերասրահ եւ Գրականության եւ արվեստի թանգարան, մայթի վրա սյուներ տեղադրել եւ այդ սյուների վրա կամարներ կառուցելով, դրանց վրա բարձրացնել երկրորդ, երրորդ, չորրորդ եւ մյուս հարկերը, այդպիսով եւ Գրականության եւ արվեստի թանգարանի տարածքը ընդլայնել, եւ Պատկերասրահի: Սյուները կամարների տակով անցորդներն էլ կարող էին անձրեւից ու ձյունից պաշտպանվել՝ այդ մայթով անցնելիս: Ի դեպ, այդպիսի շենքեր կան եւ Բոլոնիայում, եւ աշխարհի այլ քաղաքներում: Այսինքն, սյուներով ու կամարներով հարցի լուծումը կարող էր թեթեւացնել երկու թանգարանների վիճակը, եւ Մարկոս Գրիգորյանի Միջին Արեւելքի թանգարանին էլ կարելի էր ձեռք չտալ, ուղղակի տարածքն ընդարձակել»:
Պրոֆեսորն ընդգծում է. «Մարկոս Գրիգորյանը պատկանում է ոչ միայն մեր ժողովրդին, այլեւ այլ երկրների ու ժողովուրդների: Նրա գործունեությունը ոչ միայն Պարսկաստանի համար է կարեւոր, այլեւ ԱՄՆ-ի, հետեւաբար նախկին Պարսկական հյուպատոսարանի շենքը իբրեւ թանգարան գործածելը բոլոր իմաստներով անհարմար է: Պատահական չէ, որ Մարկոս Գրիգորյանի գործերը գտնվում են Ռոկֆելլերի անձնական հավաքածուում, իսկ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը Արշիլ Գորկու աշխատանքներից բացի՝ ցուցադրում է նաեւ Մարկոս Գրիգորյանի գործերը: Միջազգային կարեւորություն ունեցող նկարչի գործերը այդ տարածքում խցկելը ոչ միայն հարգանք չէ նրա հիշատակին, այլեւ վատ վերաբերմունք է Մարկոս Գրիգորյանի ժառանգության հանդեպ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ