Լրահոս
Հայի արարող ձեռքեր
Օրվա լրահոսը

Բուռն դժգոհություն Բաքվից, անպարկեշտ հայտարարություն Ալիեւի հասցեին

Հունվար 16,2025 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Ալիեւն առաջին անգամ կասկածի տակ դրեց Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որին Ռուսաստանի նախագահը 2 օրվա ընթացքում երկու անգամ զանգահարել էր, ներողություն էր խնդրել 38 մարդու կյանք խլած ավիավթարի համար, Բաքվի միջազգային օդանավակայանում զոհերի հրաժեշտի արարողությանը մասնակցելուց հետո «Ադրբեջանական հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում դեկտեմբերի 29-ին դարձյալ հույս էր հայտնել, որ իրենց բոլոր պահանջները կկատարվեն:

Ադրբեջանը պահանջում է, որ Ռուսաստանը պատժի ինքնաթիռի միջադեպի մեղավորներին ու փոխհատուցում տրամադրի։ Ալիեւը նշել էր, որ առաջին պահանջն էր, որպեսզի Ռուսաստանը ներողություն խնդրի Ադրբեջանից ավիավթարի համար, ինչը արվել է։ Բացի այդ, Ալիեւը պահանջում է պատժել մեղավորներին, փոխհատուցում տալ ադրբեջանական պետությանը եւ տուժած ուղեւորներին, նրանց հարազատներին ու անձնակազմի անդամներին։

Նա կրկին շեշտել էր, որ ինքնաթիռը կործանվել է «գետնից գնդակոծության պատճառով»: Նրա խոսքով՝ վերջնական վարկածը, անշուշտ, հայտնի կդառնա սեւ արկղերի վերծանումից հետո, սակայն նախնական վարկածները եւս հիմնված են փաստերի վրա։ «Իսկ փաստն այն է, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը դրսից խոցվել է Ռուսաստանի տարածքում՝ Գրոզնի քաղաքի մոտ, եւ գործնականում կորցրել է կառավարումը։ Մենք նաեւ գիտենք, որ մեր ինքնաթիռը անկառավարելի է դարձել էլեկտրոնային պատերազմի պատճառով: Սա ինքնաթիռին հասցված առաջին վնասն է եղել», – ասել էր նա:

Ուշագրավ էր, որ Ալիեւը հրապարակավ դժգոհեց, որ վթարին հաջորդած երեք օրերին Ռուսաստանից ոչինչ չեն լսել, բացի «զառանցական վարկածներից», ապա ռուս պաշտոնյաներին մեղադրեց կատարվածը կոծկելու փորձեր անելու մեջ: Ընդգծելով, որ, իհարկե, ինքնաթիռը դիտավորյալ չի խոցվել, Ալիեւը նկատել էր, որ իրեն «բարեկամ երկիր համարող» պետությունը պետք է ընդուներ մեղքը, ժամանակին ներողություն խնդրեր Ադրբեջանից: «Ցավոք սրտի, առաջին երեք օրերին Ռուսաստանից ոչինչ չլսեցինք, բացի խելահեղ վարկածներից,-ասել էր Ալիեւը` հավելելով,- մեզ համար վրդովեցնող եւ զարմանալի պահերից մեկն այն էր, որ ռուսական պաշտոնական կառույցներն առաջ քաշեցին ինչ-որ գազի բալոնի պայթյունի վարկածներ: Այսինքն՝ դա բացահայտ ցույց տվեց, որ ռուսական կողմը ցանկանում է կոծկել հարցը, եւ դա, իհարկե, ոչ մեկին պատիվ չի բերում»:

Հետաքրքրական էր, որ Ալիեւը նախընտրեց գործածել` «իրեն բարեկամ պետություն համարող» ձեւակերպումը` խուսափելով «իրեն ռազմավարական գործընկեր համարող պետությունը» արտահայտությունից:

Ադրբեջանի նախագահը նաեւ հայտնել էր, որ առաջին իսկ օրից իրենք առաջարկել են, որպեսզի միջադեպի ուսումնասիրմամբ զբաղվի միջազգային փորձագետների խումբը, սակայն Մոսկվան առաջարկել է, որ հարցը քննի Միջպետական ավիացիոն կոմիտեն, ինչից իրենք կտրականապես հրաժարվել են։ «Իսկ պատճառը պարզ է, որովհետեւ գաղտնիք չէ, որ այս կառույցը հիմնականում բաղկացած է ռուս պաշտոնյաներից, այդ կառույցը ղեկավարում են ՌԴ քաղաքացիներ: Հնարավոր է, որ այստեղ օբյեկտիվության գործոններն ամբողջությամբ ապահովված չլինեին», – նշել էր նա։

Դեկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, Ղազախստանն իր տարածքում կործանված Ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի սեւ արկղերն ուղարկել է Բրազիլիա՝ Ավիավթարների հետաքննության եւ կանխարգելման կենտրոն՝ վերծանման նպատակով։

Ղազախստանում կործանված ադրբեջանական ինքնաթիռի «սեւ արկղերը» վերծանման համար Բրազիլիա ուղարկելն ամենաճիշտ որոշումն էր։ Հունվարի սկզբին հայտարարեց Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը: «Ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ինքնաթիռի կործանման պատճառները հետաքննելու համար։ Բացի այդ, հրավիրվել է 17 միջազգային փորձագետ։ Կառավարական հանձնաժողովը որոշել է սեւ արկղերն ուղարկել Բրազիլիա՝ վերծանման, որտեղ արտադրվել է օդանավը։ Վստահ եմ, որ սա միակ ճիշտ որոշումն է՝ ապահովելու հետաքննության օբյեկտիվությունն ու անաչառությունը»,- ասել էր Տոկաեւը։

Հունվարի 6-ին Ադրբեջանի նախագահ Ալիեւը ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհված անձնակազմի ընտանիքի անդամների եւ ողջ մնացած բորտուղեկցորդների հետ հանդիպմանը կրկին հայտարարեց, որ ադրբեջանական ինքնաթիռի աղետի մեղավորը Ռուսաստանի ներկայացուցիչներն են. «Մենք պահանջում ենք արդարություն, պահանջում ենք պատժել պատասխանատուներին, պահանջում ենք լիարժեք թափանցիկություն եւ մարդկային վերաբերմունք»։

Նշելով, որ այժմ ընթանում է սեւ արկղերի հետազոտությունը, Ադրբեջանի նախագահն ասել էր, որ մոտ ապագայում կստացվեն արդյունքները, եւ ողբերգության ողջ պատկերը կպարզվի, ինչը կարեւոր է վթարի ամբողջական հետաքննության եւ դրա մեղավորների պատժման գործում։ «Այս միջադեպը ծածկադմբոց անելու եւ անհեթեթ վարկածների վրա պնդելու ռուսական պետական կառույցների փորձերը մեզ մոտ զարմանք, ափսոսանք եւ արդարացի վրդովմունք են առաջացնում», – շեշտել էր Ալիեւը։

Ադրբեջանի նախագահը նաեւ նշել էր, որ ադրբեջանական ինքնաթիռը անկառավարելի վիճակի է բերվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով եւ ակնհայտորեն խոցվել է գետնից բացված կրակի հետեւանքով։ «Բայց ինչո՞ւ է ինքնաթիռն ուղարկվել Ակտաու։ Այս մասին դեռ տեղեկություն չունենք։ Արդյո՞ք դա տեղի է ունեցել տեղի ավիադիսպետչերների որոշմամբ, թե՞ օդաչուները հասկացել են, որ Ռուսաստանի օդային տարածքում էլեկտրոնային պատերազմի համակարգերն այլեւս թույլ չեն տա վայրէջք կատարել, եւ իրենք են կատարել այս ընտրությունը: Այս մասին դեռ տեղեկություն չունենք։ Բնականաբար, սեւ արկղերի բացումից հետո այդ ամբողջ տեղեկատվությունը կհայտնվի»,-ասել էր Ալիեւը։ Ադրբեջանի նախագահը նաեւ հայտարարել է, որ Գրոզնիի օդային տարածքը փակվել է արդեն ինքնաթիռի խոցումից հետո։ «Եթե ժամանակին միջոցներ ձեռնարկվեին Գրոզնի քաղաքի տարածքում Ռուսաստանի օդային տարածքը փակելու համար, եթե պահպանվեին բոլոր կանոնները, ինչպես նաեւ Ռուսաստանի ռազմական ուժերի եւ քաղաքացիական ծառայությունների միջեւ համակարգում լիներ, այս ողբերգությունը չէր լինի»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

«Ակնհայտ է, որ չնայած Վլադիմիր Պուտինի կողմից ներողության հայցմանը, Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում առկա է որոշակի լարվածություն», – հայտնում էին լրատվականները։

Հունվարի 7-ին արդեն հայտնի դարձավ, որ ադրբեջանական կործանված ինքնաթիռի «սեւ արկղերի» տվյալներն ուղարկվել են Ղազախստան: Բրազիլիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների վթարների հետաքննության կենտրոնն ավարտել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ կործանված ադրբեջանական ինքնաթիռի «սեւ արկղերի» վերծանումը, հաղորդեց Reuters-ը։ Ըստ լրատվամիջոցի՝ տվյալներն ուղարկվել են վթարի հետաքննություն իրականացնող Ղազախստանի համապատասխան մարմիններին։ Այլ մանրամասներ չէին հաղորդվում։

Ի դեպ, Ռուսաստանի Հանրային պալատի համակարգող խորհրդի անդամ Վլադիմիր Կարասեւը, ըստ համացանցում տարածված տեղեկությունների, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հասցեին թույլ է տվել անպարկեշտ արտահայտություններ այն բանի համար, որ Ադրբեջանի նախագահը Ռուսաստանին էր մեղադրել ինքնաթիռի կործանման համար։

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունն օրերս հայտնել է, որ Վլադիմիր Կարասեւի վիրավորական հայտարարությունների կապակցությամբ դիվանագիտական առաքելությունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին բողոք է հղել, նշելով, որ նման հայտարարություններն անընդունելի են: Այս մասին դիվանագիտական առաքելությունը հայտնել է ադրբեջանական Minval-ին։ Դեսպանատունը տեղեկացրել էր, թե կոչ է արել ռուսական կողմին ապագայում կանխել նման միջադեպերի կրկնությունը։ «Մենք շարունակում ենք վերահսկել իրավիճակը»,- հավելել էր ադրբեջանական կողմը։

Ռուսաստանյան լրատվականներն իրենց հերթին հայտնեցին, թե Կրեմլից արձագանքել են, որ տեղյակ չեն Կարասեւի հայտարարությունների մասին։ «Իհարկե, ռուսական պետության արտաքին քաղաքականությունը ձեւակերպվում եւ որոշվում է Ռուսաստանի նախագահի կողմից եւ իրականացվում է արտաքին գործերի նախարարության եւ այլ գերատեսչությունների կողմից՝ արտաքին գործերի նախարարության համակարգմամբ։ Սա այն է, ինչի վրա մենք պետք է կենտրոնանանք»,- ընդգծել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ադրբեջանական ինքնաթիռի կործանմամբ ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունը հազիվ թե փլուզվի: Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններն այնպիսի խորության են, որ դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանը կգնա այդ հարաբերությունների վերանայման` նույնիսկ Ալիեւի հրապարակային դժգոհությունների, պահանջների եւ անգամ, որոշակի վիրավորական արտահայտությունների պարագայում, ինչպես նաեւ ադրբեջանական համացանցում Ռուսաստանի հասցեին ուժգին դժգոհությունների ու հակաքարոզչության պայմաններում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 15.01.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031