Լրահոս
Հայի արարող ձեռքեր
Օրվա լրահոսը

Հայի արարող ձեռքեր

Հունվար 16,2025 13:30

Գասպար Ղարիբյան՝ անուն, որ հայտնի է, ճանաչված հայ մշակույթի եւ արվեստի սիրահարներին, գնահատողներին, ինչպես նաեւ սփյուռքի հայ հասարակությանը եւ շատ-շատ օտարների։ Նրա արվեստը բազմաթիվ, բազմաթեմա քանդակներն են, որոնք ամենաճշգրիտ նրբությամբ, թեկուզ լուռ, բայց շատ խոսուն են։

Դիտողին տանում են մի ուրիշ աշխարհ, իսկական արվեստի հիասքանչ աշխարհը: Հարյուրավոր քանդակների հեղինակ Գ. Ղարիբյանին միշտ հուզել է մեր ազգայինը, մեր ազգի պատմությունը, որն այդքան հարուստ է փառահեղ էջերով, քաջարի, անպարտ հերոսներով։ Դարեր շարունակ նրանք մաքառել են հայրենիքի ազատության, ազգի ինքնության, քրիստոնեական կրոնի՝ մեր մեծագույն հավատքի համար։ Պատմական փաստացի տվյալների հիման վրա նրանցից շատերի սխրագործությունների նկարագրությունները մեզ են հասել՝ Վարդան Մամիկոնյանի, Ղեւոնդ Երեցի…

Գ. Ղարիբյանը երկար ժամանակ մտածել էր կերտել Վարդան Մամիկոնյանի եւ Ղեւոնդ Երեցի արձանները, որոնք համահունչ լինեն կերպարներին եւ քանդակ կերպարները «խոսեն» գալիք սերունդների հետ իրենց քարեղեն լեզվով։

Շատ հեղինակներ կերպարներ քանդակելիս յուրովի են մոտենում քանդակի կերտմանը, Գ. Ղարիբյանն էլ երբեք չի կրկնել իր նախորդներին, իր ստեղծագործական մտահղացմամբ հավատարիմ է մնում պատմական փաստերին։ Քանդակներ, որոնք իրենց մնայուն տեղն են գտել ԱՄՆ-ի շատ քաղաքներում՝ Դեյտրոյիթ, Կոլորադո, Ֆրեզնո, Արիզոնայի նահանգ Սկացկել, Գլենդել… եւ ԱՄՆ-ից դուրս։ Քրիստոնեության 1700-ամյակի կապակցությամբ, նրա լավագույն քանդակներից՝ «Գրիգոր Լուսավորչի տանջանքները» (բրոնզից եւ քարից պատրաստած, 1,30 սմ բարձրությամբ) Հռոմի Պապի հովանավորությամբ տեղադրված է Վատիկանի թանգարանում։

Խաչքարե՛ր, բազմիմաստ, տարբեր առիթների, հիշատակների նվիրված։ Զաքարյան խաչքարը, Ցեղասպանության 100-ամյակին, Մհերի դուռը եւ այլն…

Շատ հուզիչ է եւ շատ խորիմաստ «1915 թվական» խաչքարը՝ կոտրված խաչքար՝ վերեւում աղավնին, կտուցին՝ անլռելի, հավերժ ղողանջող զանգ՝ կարծես ասում է՝ ո՜վ մարդկություն, խաղաղությամբ դատապարտեք հայերի դեմ գործած այդ մեծ ոճրագործությունը։ Վերջերս ԱՄՆ-ի Բրբանկ քաղաքում, Ղեւոնդ Երեցի անունը կրող տաճարի բակում կանգնեցված նույնանուն հերոսի եւ Վարդան Մամիկոնյանի արձանների բացումը եղավ։ Իմիջիայլոց, տաճարի մուտքերի (5 մուտք) զարդաքանդակները նույնպես շնորհաշատ քանդակագործի աշխատանքներն են։

Եղիշեի «Պատմություն վասն Վարդանանց»-ի հերոսները «շնչավորվել են» եւ տեղ գտել տաճարի բակում։ Ղեւոնդը քարեղեն իր կերպարով համապատասխանում է պատմականին, իր մեջ խտացված է ուժ, կորով, եռանդ, որգեշունչ կոչ հայրենասեր զինվորներին։ Ու այդ ամենին գումարած՝ քարեղեն լուսապսակը։ Իզուր չէ, որ ժողովուրդը նրան տվել է «Ավարայրի արծիվ» պատվանունը։ Արձանի մեջ հեղինակը մարմնավորել է հերոսի արծվային հասակը, կարծես հենց այդ պահին էլ կոչ է անում, քարոզում հանուն հայրենիքի, հանուն հավատի նետվել մարտի։ Նա Վարդան Մամիկոնյանի հավատարիմ զինակիցն է, մի ձեռքում սուրն է, մյուսում՝ խաչը։ Քանդակագործը նրբանկատ է մոտեցել իր քարեղեն հերոսներին, որ չի անտեսվել ոչ մի դետալ։ Քանդականախշերը ասեղնագործ աշխատանք են հիշեցնում։

Գասպար Ղարիբյանի քարեղեն գործերը կգնան դարեր, նրա աստվածատուր շնորհը փառաբանելով՝ ներշնչանք կդառնա գալիք սերունդների ստեղծագործությունների համար։

Ես հավատքով լցված խորին,

Ուխտավոր եմ խաչքարերի,

Ակնածանքով խոնարհվում եմ

Խաչի առաջ ու կերտողի։

Երբ նայում են քանդակագործի քարեղեն հարստությանը, համոզվում եմ, որ նա ապրելով օտար երկրում, մնացել է իսկական հայ, հայապաշտ, ազգասեր, իր հավատքի, իր արվեստի հավերժ նվիրյալ։

Վատիկանի թանգարանին նվիրված «Սուրբ Գրիգոր Լուսավորչի տանջանքը» քանդակը հետաքրքիր հորինվածք է։ Գրիգոր Լուսավորիչը հավատքի համար զոհվող մարդու սխրագործություն է։ Քանդակի պատկերը հայ գեղջկական մի խրճիթի դարպասից գլխիվայր կախված է սբ. Գրիգորը՝ նմանությամբ Պետրոս առաքյալի, որ մերժեց խաչվել իր պաշտած Տիրոջ նման, որովհետեւ արժանի չէր համարում նմանվել խաչված Քրիստոսին։ Քանդակի բարձրագույն գագաթն է Արագած լեռը՝ ամպերի կուտակումից հառնած, որի կատարին՝ Լուսավորչի Կանթեղը սիմվոլիկ իր արտահայտությունն է գտել դարպասի վերեւում պահապան թառած արծվի կերպով՝ քրիստոնեության խաչը կրծքին։ Խաչի բացվածքից թափանցում է հավատքի լույսը։ Կիսաբաց դռան վրա առինքնում է լինելիության «Է»-ն։ Հավատքի լուսավոր խաչի ներքո լատինատառ գրված է՝ «Վասն Քրիստոսի»:

Գ. Ղարիբյանի արվեստի գլուխգործոցներին բարի երթ դեպի դարեր։

Նաթելա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Արարատի մարզ, գ. Բյուրավան

Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի

«Առավոտ» օրաթերթ
15.01.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031