Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Դինքի սպանության մեղադրյալի դեմ նոր մեղադրանքը հանվել է վաղեմության ժամկետի պատճառով

Հունվար 16,2025 09:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ստամբուլ, հունվարի 15, 2025 – Թուրքիայի իշխանությունները չպետք է դադարեցնեն իրենց ջանքերը՝ գտնելու այն անձանց, ովքեր կազմակերպել են լրագրող Հրանտ Դինքի սպանությունը, հայտարարել է Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ)։

Հունվարի 9-ին Ստամբուլի դատարանը որոշում ընդունեց Դինքի 2007 թ. սպանության շուրջ բազմաթիվ դատավարություններից վերջինի վերաբերյալ։ Դինքը՝ երկլեզու թուրք-հայկական Agos շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը, ստացել էր բազմաթիվ մահվան սպառնալիքներ ազգայնական թուրքերից, ովքեր իր քննադատական հրապարակումները, որոնց համար նա դատապարտվել էր «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեղադրանքով, համարում էին դավաճանություն։ Նրա սպանությունը ցնցեց երկիրը։

Վերջին դատավարության ընթացքում, որը սկսվել էր 2023 թ., 15 ամբաստանյալներ մեղադրվում էին կապ ունենալու վերջերս մահացած, աքսորված քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ։ Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են ահաբեկչական կազմակերպության, որը նրանք անվանում են «ՖԵՏՕ»՝ ղեկավարելու և 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձի համար։ Պաշտոնյաները պնդում են, որ Գյուլենին աջակցող անձինք դեր են խաղացել Դինքի սպանության մեջ։

Նույն օրը՝ հունվարի 9-ին, Ստամբուլի դատարանում վերաքննության ենթարկվեցին սպանության գործով որոշ ամբաստանյալների դատավճիռները, որոնք կայացվել էին 2021 թ., և գործի քննությունը շարունակվելու է փետրվարի 7-ին։

«Լրագրող Հրանտ Դինքի այս հրեշավոր սպանությունից հետո անցած 18 տարիների ընթացքում բազմաթիվ դատավարություններն ու վերաքննությունները ազդվել են քաղաքականությամբ և չեն ապահովել արդարություն ու հանգստություն Դինքի ընտանիքի համար»,- ասաց CPJ-ի Թուրքիայի ներկայացուցիչ Օզգյուր Օղրեթը։ «Թուրքիայի իշխանությունները պետք է հաշվի առնեն ընտանիքի փաստաբանների պահանջները, անեն ամեն ինչ դավադրությունը բացահայտելու և այս գրեթե երկու տասնամյակ շարունակվող ամոթը վերջնականապես վերացնելու համար»։

2022 թ. գործի վերաքննության պահանջում, որն այժմ քննարկվում է Վճռաբեկ դատարանում, Դինքի ընտանիքի փաստաբանները նշում են բազմաթիվ առարկություններ՝ կապված գործի հետաքննության և դատավարության ընթացքի հետ, ներառյալ՝ Դինքի հեղինակությունը թուլացնելու փորձեր, ապացույցների անտեսում կամ ոչ պատշաճ հավաքագրում, ինչպես նաև դավադրության հետ կապ ունեցող հնարավոր կասկածյալներին պաշտպանելու կամ չհետաքննելու դեպքեր։

Երկու ամբաստանյալներ դատապարտվել են ցմահ ազատազրկման, իսկ մյուսների հանդեպ ավելի մեղմ մեղադրանքները, ներառյալ՝ «ահաբեկչական կազմակերպությանը օժանդակելու, բայց դրա անդամ չլինելու» մեղադրանքը, որ ներկայացվել էր վերջերս ազատված Օգյուն Սամասթին, հանվել են վաղեմության ժամկետների պատճառով։

Դատարանը հանել է «ահաբեկչական կազմակերպությանը օժանդակելու, բայց դրա անդամ չլինելու» մեղադրանքները նաև Ահմեթ Իսքենդերի, Էրհան Թունջելի, Յասին Հյալեի, Թունջայ Ուզունդալի, Զեյնել Աբիդին Յավուզի և Էրսին Յոլջուի հանդեպ։ Սակայն Ալի Ֆուաթ Յըլմազերը և Ռամազան Աքյյուրեքը դատապարտվել են ցմահ ազատազրկման՝ «սահմանադրական կարգը վերացնելու փորձի» համար։ Ադեմ Սաղլամին մեղադրել են «ահաբեկչական կազմակերպության անդամության» մեջ և դատապարտել 6 տարվա, 10 ամսվա և 15 օրվա ազատազրկման։

CPJ-ը հարցում է ուղարկել Ստամբուլի գլխավոր դատախազին գործի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար, սակայն պատասխան չի ստացել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031