ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը հայտնել է, որ Գազայում զինադադարի հաստատման մասին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռքբերված համաձայնությունը երեք փուլ է ենթադրում։
Առաջին փուլի տևողությունը վեց շաբաթ է: Այն ներառում է ամբողջական զինադադարի հաստատում, Գազայի բոլոր բնակավայրերից իսրայելական ուժերի դուրսբերում և ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված մի շարք անձանց ազատ արձակում, այդ թվում՝ կանանց, ծերերի և վիրավորների։ Փոխադարձաբար, Իսրայելն ազատ է արձակելու հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների։ Գազային մեծաքանակ մարդասիրական աջակցություն է մատակարարվելու։
Երկրորդ փուլը նախատեսում է պատերազմի վերջնական ավարտ։ Բայդենը հավաստիացրել է, սակայն, որ անգամ եթե վեց շաբաթ անց պատերազմի ավարտի կոնկրետ դրույթները չհստակեցվեն, ռազմական գործողությունների վերսկսում տեղի չի ունենա։ Երկրորդ փուլի մեկնարկով՝ նախատեսվում են մնացյալ պատանդների, այդ թվում՝ զինվորականների, ազատ արձակումը և Գազայից իսրայելական ուժերի ամբողջական դուրսբերումը։ Ժամանակավոր զինադադարն, այսպիսով, կդառնա մշտական։
Երրորդ փուլի ժամանակ կվերադարձվեն զոհվածների մասունքները և Գազայի վերակառուցման խոշոր ծրագիր կմեկնարկի։
Կարդացեք նաև
«Զինադադարն այս պայմաններով հաստատելու համաձայնությունը ես առաջարկել էի անցած գարնանը։ Այսօր Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնեցին դրան», – հայտարարել է Բայդենը, ում պաշտոնավարմանը հինգ օր է մնացել։ Նախագահը հավելել է, որ սա իր ներգրավվմամբ «ամենածանր» բանակցություններից էր։
Գազայում պատերազմը սկիզբ էր առել 2023-ի հոկտեմբերի 7-ին, երբ Գազայում իշխանություն հանդիսացող ՀԱՄԱՍ խմբավորումը հարձակվեց Իսրայելի վրա։
Գազայի և պաղեստինյան այլ բնակավայրերում իսրայելական պատասխան գործողությունները, սակայն, շատ ԶԼՄ-ներ, անկախ փորձագետներ և պաղեստինցիներ ցեղասպանություն են որակում։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ