Երբ ամփոփ եւ ավարտուն մտքեր արտահայտելու անընդունակ եւ հաճախ հայոց այբուբենը չիմացող օգտատերերն իրենց հայհոյախառն «աշխարհաքաղաքական վերլուծություններն» են անում, եւ այդ կցկտուր «մտքերից» կարելի է հասկանալ, որ «ռուսը վատն է», իսկ «ամերիկացին՝ լավը», ես հիշում եմ Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչ Շարիկովին: Ավելի ճիշտ՝ շանը, որը դեռեւս մինչեւ վերջ մարդ չէր դարձել, բայց արդեն ինչ-որ տառեր էր արտասանում, եւ այդ տառերի կույտի մեջ լսվում էր «абырвалг»-ը: Պրոֆեսոր Պրեոբրաժենսկին եւ նրա օգնական Բարմենտալը երկար մտածում էին, թե ինչ է նշանակում տառերի այդ համակցությունը, մինչեւ որ գլխի չընկան, որ կիսաշուն-կիսամարդը թարսուշիտակ կարդում է «Главрыба»-ն՝ այն ցուցանակը, որն աչքի էր ընկնում իր «կեցավայրի» մոտ: Այդպես էլ մեր պարզամիտ օգտատերերը սոցցանցերում ինչ-որ «գերիշխող» կարծիքների «պատառիկներ» են տեսել եւ հիմա իրենց պարտքն են համարում՝ սեփական «հեղինակավոր կարծիքն» արտահայտել:
«Ով է լավը, ով է վատը» հարցն իրականում որեւէ իմաստ չունի: Թե՛ Ռուսաստանին, թե՛ ԱՄՆ-ին, թե՛ այլ համաշխարհային կենտրոններին կարելի է մեղադրել, որ պատերազմի, Արցախի շրջափակման եւ հայաթափման, ինչպես նաեւ Հայաստանի վրա հարձակվելու ժամանակ մեզ մենակ էին թողել: Բայց մյուս կողմից՝ կարելի է ասել, որ մեզ օգնելը չէր բխում իրենց ազգային շահերից, եւ, հակառակը, այդ շահերը թելադրում էին Ադրբեջանի կողքին կանգնելը:
Նախորդ իշխանության, ինչպես նաեւ մինչեւ 2020 թվականը՝ ներկայիս իշխանության, այդ թվում՝ ռազմական վերնախավի ֆունդամենտալ սխալն էր Ռուսաստանի հետ չափից դուրս մեծ հույսեր կապելը, հենց այդ «ռուսասեր» նարատիվն էլ մատուցվում էր «շարիկովներին», որոնք էլ դա կրկնում էին: Հետո եկավ հիասթափությունը, եւ նույն զանգվածին սկսեց մատուցվել «ռսի դավաճանության» պատումը: Հիմա մենք այս փուլում ենք:
Բայց դա վերջին փուլը չի. հիմա բոլոր հույսերն ԱՄՆ-ի եւ ընդհանրապես Արեւմուտքի հետ կապելու շրջանն է: Բայց այդ հույսերը նույնպես, բնականաբար, չեն արդարանալու: Պարզ է, որ դրան կհաջորդի հերթական հիասթափությունը, եւ հասարակությանը կմատուցվի ճիշտ հակառակ նարատիվը՝ «սրիկա Արեւմուտքի» մասին: Եվ մի կասկածեք՝ նույն «Շարիկովները» դա մեծագույն հաճույքով կրկնելու են:
Կարդացեք նաև
Հետեւություն. պետք չէ քաղաքականություն կառուցել՝ «Շարիկովների» ծափահարությունները կորզելու հաշվարկով:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարում՝ «Շան սիրտը» ստեղծագործության Ալեքսանդրա Պավլովայի նկարազարդումներից
Լավ ու վատ գոյություն չունի։ Գոյություն ունի մարդկային տեսակ,Լևոն Տեր Պետրոսյանը իր համակիրներն ունի, Դոգը իր համակիրները, Ծառուկյանը իր համակիրները,Նիկոլը իր համակիրները,Վազգեն Մանուկյանը’ իր։ Ով ա իրենցից լավը? Ոչ ոք էլ լավը չի,տեսակի հարց է։ Մեկի սրտով է,որ առաջնորդը կիրթ և մեծահոգի լինի,մյուսն ուզում է դիկտատոր, և այլն։ Մենք միշտ եղել ենք արևմուտքի և արևելքի արանքում, երբեք չենք կողմնորոշվել թե ով ենք մենք,ինչ արժեքների կրող ենք։ Հիմա էլ չգիտենք։ Մեկը գիր ու գիտություն է ուզում,մյուսը’ սև մերսեդես։