Միացյալ Նահանգների, Եգիպտոսի և Կատարի ջանքերով Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը զինադադար են հաստատում։
«Ես կարող եմ հայտարարել, որ հասել ենք զինադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնության»։
Այս մասին Սպիտակ տանը տեղեկացրել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը։
«Իմ ջանքերը երբեք չդադարեցին այս արդյունքին հասնելու համար», – ընդգծել է ԱՄՆ նախագահը։ «Մենք չհանձնվեցինք։ Ավելի քան 400 օր տևած տքնաջան աշխատանքից հետո, մենք հաջողություն ենք արձանագրում», – հավելել է Բայդենը։
Կարդացեք նաև
Նա ակնարկել է, որ գործընթացին մասնակցություն է ունեցել նաև հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը։ Կատարի վարչապետն իր հերթին գոհունակություն է հայտնել բանակցություններում Թրամփի ներկայացուցչին։
Ըստ Բայդենի՝ Միջին Արևելքի համար ավելի պայծառ ապագայի հնարավորություն է ստեղծվել։ Նա հույս է հայտնել, որ Թրամփի վարչակարգը կօգտվի այդ հնարավորությունից։
Գազայում պատերազմը սկիզբ էր առել 2023-ի հոկտեմբերի 7-ին, երբ Գազայում իշխանություն հանդիսացող ՀԱՄԱՍ խմբավորումը հարձակվեց Իսրայելի վրա։
Գազայի և պաղեստինյան այլ բնակավայրերում իսրայելական պատասխան գործողությունները, սակայն, շատ ԶԼՄ-ներ, անկախ փորձագետներ և պաղեստինցիներ ցեղասպանություն են որակում։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ