Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն 10 տխուր լուր Ալիևի համար Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ իր նկրտումների մասով. Ստյոպա Սաֆարյան

Հունվար 15,2025 23:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության փաստաթուղթը բավական հստակ սահմանում է կողմերի ընդհանուր շահերը, մտադրությունները․ նպատակները և համագործակցության հիմքերը․․․

Դրանցից հատկապես առանձնացնեմ հետևյալները, որպեսզի պարզ դառնա կոնկրետ Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության մասով ամերիկյան կողմի հանձնառությունները ու դրանց շրջանակը

1․ Միմյանց ինքնիշխանության,  անկախության,  և տարածքային ամբողջականության աջակցությունը երկկողմ հարաբերությունների հիմքն է:

Ուշադրություն դարձրեք՝ բանալի բառը “հարաբերությունների հիմքն” է։ Տխուր լուր-1 Ալիևի համար․․․

4․ Ուժեղ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը, որն ի զորու է պաշտպանել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը՝ առանցքային է տարածաշրջանային տևական անվտանգության և բարգավաճման համար։

“Իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը պաշտպանելն” ու այդպիսի պաշտպանունակությամբ Հայաստանը ԱՄՆ ճանաչում է “տարածաշրջանային տևական անվտանգության և բարգավաճման․․․” Միաժամանակ տխուր լուր-2, Տխուր լուր-3, Տխուր լուր-4, Տխուր լուր -5  Ադրբեջանի համար, որովհետև 2) ԱՄՆ այդ նպատակի համար կարող է ու կբացի նաև սպառազինության մատակարարման ճանապարհը ոչ միայն իրենից, այլ արևմտյան այլ երկրներից, 3) ուժեղ և դիմադրունակ պաշտպանական բանակ ունենալը համարում է Հայաստանի քաղաքական լեգիտիմ իրավունքը, 4) բացառում է Հայաստանին կապիտուլացնելու հեռանկարը, 5) դեմ է արտահայտվում տարածքաշրջանում քաղաքական քարտեզի փոփոխությանը և նոր պատերազմին․ նպատակներ, որոնք, ճիշտ հակառակը, իր առջև դրել է Ալիևը․․․

Ոչ զարմանալիորեն, վերջին՝ քաղաքական քարտեզի վերաձևում թույլ չտալու շահի առումով համընկնում են ԱՄՆ և Իրանի շահերը․․․ Բայց սա Իրանի ու ԱՄՆ միակ շահային ընդհանրությունը չէ․․․

Այդ նպատակով 3-րդ բաժնի բաժնի 1․ կետով ամրագրվել է․

1․ Հաշվի առնելով համաշխարհային խաղաղության և կայունության սպառնալիքների տևականությունը՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ընդլայնել իրենց պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը, այդ թվում՝ առաջիկա տարվա ընթացքում նախաձեռնելով երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ, և մասնագիտական ռազմական ուսուցման միջոցով՝ աջակցել Հայաստանի զինված ուժերին:

Ինչպես չասես՝ Տխուր լուր – 6 Ալիևի համար, ով ուզում էր կանխել Հայաստանին Հնդկաստանի, Ֆրանսիայի ռազմատեխնիկական աջակցությունը, իսկ աշխարհի թիվ մեկ տերությունը դրա ճիշտ հակառակ ընթացքն է խորացնում նաև իր մասով․․․

7․ Արժանապատիվ և հարատև խաղաղությունը հիմնարար է Հարավային Կովկասի առավել կայուն և բարեկեցիկ ապագայի համար: Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, այդ թվում՝ սահմանազատման գործընթացին՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա:

ԱՄՆ իր օրակարգ է բերում 1991թ․ Ալմա-Աթիի հռչակագրով Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատմանը, բացառելով Ալիևի կողմից “ուժային կամ այլ տեսակի սահմանազատման ստեղծագործական” տարբերակը։ Ալիևը գործընթացը սառեցրել է հաշվարկով, որ ԱՄն-ում նախագահափոխությունը թույլ կտա զրոյացնել Բայդենի վարչակազմի օրոք սահմանազատման ու խաղաղության համաձայնագրի համար համաձայնեցված սկզբունքներից․․․ Ավելին է, քան ասել տխուր լուր- 7 Ալիևի համար։ Բոլոր գործոնները խոսում են նրա մասին, որ այս համաձայնագրի ստորագրումը բացառված է, որ համաձայնեցված չլինի մի քանի օրից լիազորություններ ստանձնող Թրամփի վարչակազմի հետ․․․

8․ Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝  հիմնվելով երկրների ինքնիշխանության և իրավազորության վրա։

ԱՄՆ ևս մեկ կետով է մխում Ալիևի ճակատին․ պետք է բացվեն տարածաշրջանի բոլոր ճանապարհները, բայց ոչ թե այն ճանապարհը, որը պետք է Ադրբեջանին, ու պետք է բացվեն արդեն իսկ համաձայնեցված սկզբունքներով, որոնք չեն կարող շրջանցել Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը։ Տխուր լուր-8 Ալիևի համար․ ԱՄՆ դիրքորոշման մակարդակով չի ընդունում ու չի գնում Ալիևի “Զանգեզուրի միջանցքը”։

9․ Հաշվի առնելով, որ ապրանքների և մարդկանց տեղաշարժը երկրի սահմաններից դուրս հանգեցնում է հարևանների միջև փոխկախվածության և փոխշահավետ հարաբերությունների, Միացյալ Նահանգները նաև նպատակադրվում է շարունակել խրախուսել Հայաստանի և նրա հարևանների միջև հարաբերությունների կարգավորումը:

Տխուր լուր 9 ալիևի համար․ անհնար է 9-րդ կետի ներքո չտեսնել հայ-թուրքական սահմանը բացելու հարցում ԱՄՆ պահպանվող շահագրգռությունը։  Սա ավելի ակնհայտ է դառնում մեկ այլ բաժնի հետևյալ կետից։

5․ Հաշվի առնելով Հայաստանի՝ դեպի ծով ելք չունենալը, և համաշխարհային առևտրային շուկաներին սահմանափակ հասանելիության պատճառով առաջացած բազմաշերտ մարտահրավերները,  Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են խորացնել hամագործակցությունն՝ ուղղված Հայաստանի ինտեգրմանը առավել լայն տարածաշրջանային տրանսպորտային ցանցերին և կապակցման նախաձեռնություններին, մասնավորապես՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի` ամուր քաղաքական աջակցության և դրա խթանման միջոցով:

Տխուր լուր – 10 Ալիևի համար։ Թերևս սա նշանակում է, որ ԱՄՆ ոչ միայն քաղաքական լեգիտիմություն է տալիս Հնդկաստանից Իրանով դեպի Հայաստան, ապա Վրաստան և Սև ծովով դեպի Եվրոպա գնացող տրանսպորտային միջանցքին, այլև Հայաստանին ցանկանում է հայ-թուրքական սահմանի բացումով միացնել Միջին միջանցքին։

Իհարկե, կասեք՝ սա թղթի վրա է։ Կհամաձայնեմ։ Չէ որ քաղաքականության մեջ ընդհանուր նպատակները նախ ամրագրվում են թղթի վրա, և դրանից հետո աշխատում մեխանիզմների ու երաշխիքների վրա։ Բա ռազմավարական գործընկերության հանձնաժողովն ինչո՞ւ է ստեղծվել․․․ Հենց դրա համար․․․

Ստյոպա Սաֆարյան

ՄԱՀՀԻ հիմնադիր և տնօրեն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031