Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքները, թեև մասնակի բավարարվել են, բայց Առուշ Առուշանյանն, այդուհանդրձ, կազատազրկվի, ավելին՝ պատիժը խստացվել է 3 ամսով՝ 1 տարի 8 ամիս ազատազրկման փոխարեն՝ 1 տարի 11 ամիս ազատազրկում։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, այսօր հրապարակել է որոշումը։
Քրեական դատարանի խոսնակ Լիանա Ռաֆաելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատարանը ՀՀ Գլխավոր դատախազության պատիժների և այլ հարկադրանքի միջոցների կիրառման նկատմամբ հսկողության վարչության պետ Լ Չարխիֆալակյանի և դատապարտյալ Առուշ Առուշանյանի պաշտպան Սերգեյ Մարաբյանի հատուկ վերանայման բողոքները բավարարել է մասնակի։ Արդյունքում՝ համակցման կանոններով մասնակիորեն գումարելով՝ դատարանը վերջնական պատիժ է սահմանել 1 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկումը։ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 10 ի որոշումը մնացած մասով թողնվել է անփոփոխ: