«Ես այդ հարցին հռետորական հարցով կպատասխանեմ՝ այդ միջոցներն ի՞նչ ենք արել՝ վարձակալության ենք տվե՞լ, ծախե՞լ ենք, հարևանների՞ն ենք տվել, մեր գրպա՞նն ենք դրել։ Հայտարարությունները պետք է հիմք ունենան»,- ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարություններին, թե պատերազմի ընթացքում մեր ամենահզոր զինատեսակները չեն օգտագործվել, այսպես արձագանքեց ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա նշեց, որ եթե լինեն կոնկրետ հայտարարություններ՝ կոնկրետ զինատեսակներով և այլն, կարող է հարցում կատարել և պատասխանել․ «Չնայած պատերազմի ժամանակ ՊՆ նախարարը ես չեմ եղել, ԳՇ պետն էլ գործողը ԳՇ պետը չի եղել։ Չգիտեմ՝ ձեր ասած դիվիզիոնները, որոնք պատերազմի ժամանակ չեն օգտագործվել։ Ես չեմ լսել ՀՀ երրորդ նախագահին, դրա համար իրեն չեմ արձագանքում»։
Հարցին՝ ինքն իրեն պարտված նախարար զգո՞ւմ է պատերազմից հետո, Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ «Պատերազմի հետևանքներից խուսափել չենք կարող։ Կարող ենք միշտ հայտարարել, որ ՀՀ բանակը տարածաշրջանի ամենահզորն է, դրանից իրականությունը կփոխվի՞, թե՝ ոչ։ Կուզե՞ք՝ հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա։ Ուզում եմ, որ հողից հեռու չգնանք, էներգիան հողից ստանանք, եթե թերացել ենք, թույլ ենք եղել, խնդիրներ ենք ունեցել, մենք մեզ պիտի խոստովանենք։ 44-օրյա պատերազմի արդյունքները պարզ ու հստակ են։ Այսօր ՀՀ կառավարությունը խոսում է ապագայի մասին, իրական Հայաստանի մասին և տարածաշրջանում խաղաղություն կերտելու մասին»;
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ