Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 15-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Մշակութային ժառանգության ասիական դաշինք» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
2023 թվականի ապրիլի 25-ին ընդունված կանոնադրությունը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Դաշինքը ստեղծվել է 2021 թվականին: Այն կամավոր մասնակցության, հավասարության, փոխադարձ հարգանքի եւ շահի սկզբունքների հիման վրա ասիական երկրների կողմից ստեղծված միջկառավարական համագործակցության մեխանիզմ է, որն ուղղված է Մշակութային ժառանգության պահպանության ասիական նախաձեռնության իրականացմանը: Նպատակն է զարգացնել մշակութային ժառանգության պահպանման եւ օգտագործման կարողությունները, ինչպես նաեւ համակարգել մշակութային ժառանգության երկարաժամկետ պահպանությունն ամբողջ Ասիայում:
«Դաշինքը կոչված է աջակցելու համատեղ նախագծերի իրականացմանն Ասիայում մշակութային ժառանգության պահպանման եւ կառավարման ոլորտներում»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը: Նա նշել է, որ դաշինքի աշխատանքները կազմակերպվում են համաժողովների, ֆորումների եւ մշակութային ժառանգության ոլորտում տարբեր միջոցառումների տեսքով, մասնագիտական վերապատրաստման եւ կարողությունների զարգացմանն ուղղված համագործակցության խթանման միջոցով:
Կարդացեք նաև
«Ակնկալվում է, որ Մշակութային ժառանգության ասիական դաշինքը նոր հարթակ կդառնա լավագույն փորձի փոխանակման համար, ինչպես նաեւ կնպաստի հայկական մշակութային ժառանգության հանրահռչակմանը»,- ասել է հիմնական զեկուցողը՝ առաջարկելով կողմ քվեարկել նախագծին:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
ԱԺ