Նախագծի ընդունումը թույլ կտա կատարելու պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ դրանց զբաղեցրած հողատարածքների ու պահպանական գոտիների կարգավիճակի հստակեցում: Արդյունքում հնարավոր կլինի նույնականացնել եւ հստակեցնել հուշարձանների, դրանց տարածքների եւ պահպանական գոտիների զբաղեցրած տարածքների մակերեսները, դրանք արտացոլել կադաստրային քարտեզում: Այս մասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 15-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Նախատեսվում է գույքի եւ դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվություն տրամադրելիս ներառել նաեւ հուշարձանների, դրանց տարածքների, պահպանական գոտիների առկայության վերաբերյալ տվյալներ, ինչպես նաեւ ստացված պատկերի հիման վրա մշակել անհրաժեշտ չափորոշիչներ՝ հուշարձանի տարածքի կամ պահպանական գոտու նկատմամբ պետական գրանցում կատարելու գործընթացում՝ ապահովելով հողային ռեսուրսների օպտիմալ կառավարումն ու օգտագործումը, հողօգտագործման արդյունավետության բարձրացումը:
Հանձնաժողովը փաթեթին դրական եզրակացություն է տվել: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:
ԱԺ