Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր քաղաքացիների հետ քննարկում անցկացրեց հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման հարցով։
Լրագրողների հետ զրույցում Հայկ Մարությանն ասաց, որ սակագնի թանկացման դեմ պայքարի հետագա քայլերը կորոշեն քաղաքացիների հետ քննարկումներ անցկացնելուց հետո։
«Եվ քաղաքացիները, եւ մենք լիահույս ենք, որ, այնուամենայնիվ, քաղաքային իշխանությունները խելքները գլուխները կհավաքեն, կհասկանան, որ իրենց որոշումը ժողովրդի դեմ է ուղղված։ Բայց ազդանշաններն այն են, որ կարծես թե փետրվարի մեկից, այնուամենայնիվ, ուզում են թանկացնել քաղաքային տրանսպորտը։ Բնականաբար, սա անընդունելի է թե մեզ համար, թե ժողովրդի, եւ մենք պետք է պայքարենք, կանգ չենք առնելու։ Իրոք անհավանական պայմաններ են ստեղծվում մարդկանց համար»,- ասաց Մարությանը։
Հարցին, թե պայքարի ի՞նչ մեթոդներ կկիրառվեն, Հայկ Մարությանը պատասխանեց․ «Բնականաբար, խոսքը գնալու է բոյկոտի մասին, ուղղակի բոյկոտի տարբեր ձեւեր կան։ Մենք պետք է հասկանանք, թե բոյկոտի որ ձեւն ենք նախընտրելու՝ ուսանողները կարող են դասադուլ անել, կարող է մարդկանց կողմից լինել գործադուլ, մյուս բոյկոտի ձեւը՝ ընդհանրապես չօգտվել տրանսպորտից, մտնել տրանսպորտ, վճարել 100 դրամ, անցնել առաջ։ Այստեղ մեծ դեր կունենա մարդկանց բոյկոտը, եթե քաղաքացիները համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենալու»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ Հայկ Մարությանը հարցադրում էր արել, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ քննարկվե՞լ է այս թանկացումների հարցը, եւ նա ի՞նչ կարծիք ունի։ Հայկ Մարությանն այսօր ասաց, որ Փաշինյանից չեն ստացել պատասխան։ «Ամբողջ հանրությունը սպասում է այդ պատասխանին, մենք ուզում ենք տեսնել՝ իրենց կուսակցության ղեկավարը, կառավարության ղեկավարը պետք է արտահայտի իր վերաբերմունքն այս ամենին, որովհետեւ սա կոնկրետ հարվածում է հենց այն սոցիալական խմբերին, ում միջոցով, ում խոստում տալով՝ ինքը եկել է իշխանության։ 2018 թվականին ինքը հենց սոցիալական անարդարության դեմ պայքարի ալիքի վրա եկավ եւ դարձավ երկրի ղեկավար։ Այդ հարցը ես հիմա էլ եմ տալիս՝ պարոն Փաշինյան, ձեզ հարց եմ տալիս, դուք պայքարում էիք սոցիալական անարդարության դեմ, հիմա այս որոշումն ամենաուժեղը խփում է հենց այն մարդկանց, ում համար դուք պայքարում էիք։ Իսկ հիմա լրիվ հակառակն է տեղի ունենում, ընդ որում, մենք տեսնում ենք, թե ինչպես են ձեր կուսակցական ընկերներն ուղղակի մեջ-մեջ անում պետական եւ համայնքային բյուջեն»,- նշեց Մարությանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ