ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ԱՄՆ-ի հետ Հայաստանի ստորագրած փաստաթղթի բովանդակային էության մասին լրատվամիջոցներին ասաց. «Այդ փաստաթուղթը որակի ուղղություններով ներկայացնում է հնարավորությունների որոշակի սահմանափակումներով դաշտ, որի պայմաններով Հայաստանն ու Միացյալ Նահանգները կարող են իրենց հարաբերությունները խորացնել: Եթե սա տեղի ունենար նորմալ վիճակներում եւ նորմալ իշխանությունների պայմաններում, ապա կարելի էր բովանդակային առումով ամբողջության մեջ գնահատել սրա հնարավոր շահերը, որը կարող էր ստանալ Հայաստանի Հանրապետությունը եւ մոտավորապես հասկանալ, թե ինչքանով է բխում տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական տեսանկյունից: Բայց տպավորություն է, որ Հայաստանի իշխանություններին եւ Հայաստանում տարբեր երկրների շահեր ներկայացնող խմբերին պետք էր մի թուղթ, որը պետք է նրանց հնարավորություն տար հիմնավորելու հակառուսական քաղաքականությունը կամ Ռուսաստանի հետ ասոցացվող տարբեր կառույցներից Հայաստանի դուրս գալու պրոցեսը:
Նաեւ Ռուսաստանից հնչող հայտարարությունների ֆոնին շատ ակնհայտ է դառնում, որ այդ փաստաթուղթը ոչ թե քննարկվում էր բովանդակային առումով կամ Հայաստանի քաղաքացիների բարեկեցության, պաշտպանվածության տեսանկյունից, այլ ավելի շատ դարձել է շահարկումների առարկա Արեւմուտք-Ռուսաստան փոխհարաբերություններում: Դա պատահական չի եղել: Դա բխում է Հայաստանի արտաքին քաղաքականության առանձնահատկություններից, որտեղ խնդիրները դրված են ոչ թե քաղաքական հաշվարկների հիմքի վրա, այլ խնդիրները բացառապես քննարկվում են տարբեր երկրների դիմակայություններին Հայաստանի մասնակցության առումով:
Կոնկրետ պաշտպանվածության տեսանկյունից այն դրույթները, որոնք ներառված եւ որոշակի առումով թվարկված էին քաղաքական եւ ռազմական ոլորտում խորհրդատվության, ռազմական կրթության եւ ուսուցման մասով, դրանք որոշակի ծավալով նախկին տարիներին եւ նախորդ իշխանությունների ժամանակահատվածում իրականացվել են: Այդ թվում նաեւ Հայաստանի տարբեր ռազմական մասնագետների, սպաների, փորձագետների՝ նաեւ Միացյալ Նահանգներ այցերով, կրթական տարբեր ծրագրերի մասնակցությամբ:
Ինչ նշված է ՀՀ սահմաններին որոշակի աշխատանքի առումով, դրանք դեռեւս որեւէ բան չեն ասում ոչ փորձագիտական եւ ոչ էլ հասարակության լայն խմբերին: Հստակ չէ, թե այդ աշխատանքն ինչ բնույթ է կրելու, ինչ խորություն եւ ինչ հետեւանքներ է ունենալու: Սահմանապահներին աջակցությունը մի բան է, առհասարակ անվտանգության առումով առաջնագծում աշխատանքների իրականացումը կարող է լրիվ այլ բան լինել: Օրինակ, սահմանապահ ծառայության մասով ԱՄՆ-ը նախորդ տասնամյակում բավականին մեծ աջակցություն եւ սատարում է ցուցադրել ԱԱԾ սահմանապահ զորքերի եւ սպառազինության, տարբեր սարքավորումների վերազինելու, սահմանային հատվածում տարբեր անցակետերում մեր հնարավորությունների եւ կարողությունների զարգացման առումով: Այսինքն, եթե քննարկում ենք Հայաստանի պաշտպանական ոլորտում համագործակցությամբ, ապա դա տարբեր դրսեւորումները այլ փաստաթղթերով կարգավորվել եւ իրականացվել են: Խորությունը այս փաստաթղթով որեւէ կերպ կարգավորված չէ:
Կարդացեք նաև
Այս փաստաթուղթը կնքվել է ամերիկյան հեռացող վարչակազմի պայմաններում: Ու դեռեւս պարզ չէ, թե հաջորդ վարչակազմը ինչ մոտեցում կունենա, այս փաստաթուղթը ինչպիսի իրացում կստանա Հայաստանի Հանրապետության համար»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ