Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրճի ապարատների գործունեության համար վճարը 7500-ից դարձել է 40.000 դրամ. անհատ ձեռներեցները բողոքում են

Հունվար 15,2025 15:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սուրճի ապարատների գործունեությամբ զբաղվող անհատ ձեռներեցներն (ԱՁ) այսօր բողոքի ցույց են անցկացրել ԱԺ շենքի դիմաց: Նրանք դժգոհում են բացօթյա առեւտրի համար նախատեսված վճարների նոր սահմանաչափերի վերաբերյալ ավագանու որոշումից:

Անհատ ձեռներեց Արտաշես Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2025 թվականի համար ավագանու որոշմամբ՝ վճարը դարձել է ֆիքսված 40.000 դրամ: Մինչդեռ ըստ նրա՝ սուրճի ապարատի տեղադրման համար իրենք մինչ այս որոշումը վճարել են բացօթյա առեւտրի համար սահմանված 7500-10000 դրամ: Այս սակագինն էլ կախված է եղել ապարատի ծավալից. «Ինչու գոտիավորում չկա, մի վարչական շրջանում ապարատը այնպիսի վայրում կարող է լինել, որից օգտվեն սահմանափակ մարդիկ: Մեկ այլ տեղ ապարատ կարող է լինել մարդաշատ վայրերում, հետեւաբար վաճառքը ավելի շատ լինի: Ինչու են բոլորը նույն հարթության մեջ դիտարկում. շատ հարցեր կան»:

Սուրճի ապարատների գործունեությամբ զբաղվողներին հասած տեղեկությունների համաձայն՝ այսօր Ազգային ժողովում լսումներ էին տերմինալների հետ կապված փոփոխությունների հարցով, ԱԺ շենքի դիմաց հավաքվել էին՝ հույսով, որ իրենք էլ իրենց խնդիրներից խոսելու հնարավորություն կունենան. «Հայտ ենք ներկայացրել, ստացել ենք հրավեր: Փորձենք, եթե մեր խնդիրները կներառեն այսօրվա լսումներին, մասնակցենք: Եթե՝ չէ, կարող է առանձին լսումներ կազմակերպեն: Ավագանու որոշման մեջ ներառված ոլորտները տարբեր են՝ սուրճի ապարատներ, տերմինալներ, բանկոմատներ»:

Օրեր առաջ էլ սուրճի ապարատների գործունեությամբ զբաղվողները բողոքի ցույց էին կազմակերպել Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց, այնտեղից նրանց վստահեցրել են, որ կդիտարկեն իրենց բարձրաձայնած հարցերը, կքննարկեն:

«Ոլորտի կարգավորման հետ կապված շատ հարցեր կան, մենք էլ ենք շահագրգռված, որ դա լինի: Մենք ուզում ենք համագործակցել ու մեր լուման ունենալ այդ փոփոխություններում»,- ասաց Հովհաննիսյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031