Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք Ջալալ Հարությունյանի խոսքերը ձեւափոխված են հասել կապավորներին․ շարունակվում է ՊԲ նախկին հրամանատարի դատավարությունը

Հունվար 15,2025 15:00

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ հունվարի 15-ին շարունակվում է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դատավարությունը։ Այսօր մեղադրյալի պաշտպանական կողմը հանդես է գալիս եզրափակիչ ելույթով։ Մեղադրող եւ տուժող կողմերը միջնորդել են դատարանին մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, իսկ վերջինիս պաշտպանները գտնում են, որ իրենց վստահորդը պետք է արդարացվի։

Ըստ մեղադրանքի՝ գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը զբաղեցնելով ՊԲ հրամանատարի պաշտոնն ու հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման եւ պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով եւ զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ եւ կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսեւորել է անփույթ վերաբերմունք։ Մասնավորապես, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։

Ըստ քրեական գործի՝ «ՑՈՐԻ» զորամասի «Դ20 դիվիզիոնի» վրա հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապ է հաստատում Ջալալ Հարությունյանի տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանի հետ՝ տեղեկացնելով հակառակորդի հարձակման մասին, բայց Ջալալ Հարությունյանը պատասխանել է՝ որ մոտեցողները յուրայիններ են։

«Սույն գործով դատաքննության ժամանակ պարզվեց, որ իրարամերժ ու հակասական տվյալներ են հայտնել կարեւոր հանգամանքի վերաբերյալ։ Նման պայմաններում բարձր է հավանականությունը, որ Գենադի Բաղդասարյանը կարող է Ջալալ Հարությունյանի խոսքը որոշակի ձեւափոխած ներկայացնել կապավորներին, իսկ կապավորներն էլ իրենց հերթին Բաղդասարյանի խոսքը որոշակի ձեւափոխված փոխանցել դիվիզիոնի հրամանատարությանը։ Ավելին, նույնիսկ կապավորների սենյակում կա հավանականություն, որ Գենադի Բաղդասարյանի հետ կապի մեջ գտնվողը անմիջականորեն չի փոխանցել նրա խոսքը, այլ որոշակի ձեւափոխած է վերարտադրել»,-պաշտպանական ճառում նշեցին Ջալալ Հարությունյանի փաստաբանները։

Ի դեպ, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի՝ դատաքննության ընթացքում հարցաքննված մոտ 50 վկայի ցուցմունքներն ամբողջությամբ Ջալալ Հարությունյանի դեմ են եղել։

Այս պահին դատական նիստը շարունակվում է։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031