«Հարցին, արդյոք մենք գո՞հ ենք բնակապահովման ծրագրի այս արդյունքից, թե՞ ոչ, բնականաբար կպատասխանեմ՝ արդյունքից գոհ չենք, որ քիչ թվով մարդիկ են դիմում։ Բայց ձեր հարցին՝ արդյոք մենք հետքայլ անելո՞ւ ենք քաղաքացիության հարցից, ասում ենք, որ՝ ոչ, հետքայլ չենք անելու»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով հարցին, որ արցախցիների մեծ մասը դժգոհում են, որ բնակապահովման ծրագրի շահառու դառնալու համար իրենցից պահանջում են ՀՀ քաղաքացիություն ստանալ։
Նարեկ Մկրտչյանն ասաց, որ ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրից օգտվելու համար շարունակվելու է պարտադիր պահանջ մնալ ՀՀ քաղաքացի դառնալը։ «Հետեւաբար, պետք է եւս մեկ անգամ կոչ անեմ մեր հայրենակիցներին՝ դառնալ քաղաքացի, ապա՝ դառնալ մեր ծրագրի շահառու, ներառվել եւ անցնել զարգացման ճանապարհով»,- ասաց նա։
Նշենք, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է դրել արցախցիների համար նախատեսված բնակապահովման ծրագրում փոփոխություններ կատարելու նախագիծ։
Նարեկ Մկրտչյանն ասաց, որ եթե անհրաժեշտություն լինի, էլի կվերանայեն աջակցության ծրագրերը։ «Արդեն շրջանառության մեջ ենք դրել ծրագրի լավարկված տարբերակը, գնողականությունն ենք փորձում մեծացնել, համայնքների շրջանակն ենք մեծացնում, հողամաս ձեռք բերելու հնարավորությունն ենք մեծացնում»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ