Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան ԵՄ-ին միանալու գործընթաց սկսելու Երևանի որոշումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ

Հունվար 15,2025 15:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մոսկվան Եվրոպական միությանը միանալու գործընթաց սկսելու Երեւանի որոշումը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու սկիզբ. ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Նրանք (Հայաստան) ասում են, որ չեն ծրագրում լքել ԵԱՏՄ-ն: Բայց ինչո՞վ է առանձնահատուկ ներկա իրավիճակը: Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձենալու մասին խոսակցություններ վաղուց կային, քննարկումներ կային, բայց 2025 թվականի հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը՝ աջակցելով ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին, իրավական առումով էական քայլ ձեռնարկեց: Այստեղ է իրավիճակի յուրահատկությունը: Սա Հայաստանի կառավարության որոշումն էր, և մենք դա համարում ենք ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ», –  ​​նշել է Օվերչուկը։

«Ցավոք, արդեն անցյալ տարի մենք տեսանք, որ ԵՄ-ին անդամակցելու քննարկումների ազդեցության տակ ռուսական բիզնեսն ավելի զգուշավոր դարձավ Հայաստանի հետ տնտեսական կապերի հետագա պահպանման և զարգացման հարցում», – ասել է ՌԴ փոխվարչապետը և հավելել. «մի շարք ոլորտների գործարար գործունեությունը սկսեց դադարել»:

Ըստ Օվերչուկի՝ ԵՄ-ի հետ Հայաստանի առևտուրը մի քանի անգամ ավելի քիչ է, քան ԵԱՏՄ-ի հետ, Եվրամիության հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը նվազում է:

«Եկել է 11 ամսվա թարմ վիճակագրություն. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է 11,6 միլիարդ դոլար, ԵԱՏՄ-ի հետ՝ մոտ 12 միլիարդ դոլար: Միևնույն ժամանակ, ԵՄ-ի հետ Հայաստանի առևտուրը մի քանի անգամ քիչ է և նվազում է։ Սա մի բան է, որի մասին ասում են տնտեսությունն ու իրականությունը»,- նշել է Օվերչուկը:

«Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը նախաձեռնողները հիանալի հասկանում են, որ ԵՄ-ին անդամակցելը շատ հիպոթետիկ բան է, և, իհարկե, չեն ցանկանում կորցնել իրենց ունեցած տնտեսական օգուտներն ու առավելությունները՝ որպես ԵԱՏՄ անդամ երկիր»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։

Օվերչուկի խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելը անհամատեղելի է երկրի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու հետ։

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին բանաձեւի նախագծին, իսկ այժմ խորհրդարանը կքննարկի այն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա «չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը բառիս բուն իմաստով, քանի որ այս հարցի վերաբերյալ որոշում կարող է կայացվել միայն հանրաքվեի միջոցով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031