Լրահոս
Օրվա լրահոսը

«Անապահովության համակարգի շահառուներին աշխատանք ենք առաջարկելու, եթե հրաժարվեն, դուրս կմնա համակարգից»․ Նարեկ Մկրտչյան

Հունվար 15,2025 13:29

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ անապահովության գնահատման նոր համակարգին։ «Անապահովության գնահատման դիմումները մենք ընկալելու ենք որպես աշխատանքի անցնելու հայտադիմում եւ սկսելու ենք նրանց առաջարկել աշխատանք։ Եվ զբաղվածության ռազմավարությունն այս առումով շատ կարեւոր է։ Քաղաքացիների՝ շարունակական աշխատանքից հրաժարվելը մենք դիտարկելու ենք որպես եկամտի աղբյուր ունենալու դրսեւորում։ Եվ մի նոր համակարգ ենք ներդնում՝ վերագրումների համակարգը, այսինքն՝ մեր քաղաքացիներին մենք համարելու ենք, որ իրենք առնվազն պարենային զամբյուղի չափով եկամուտ ունեն, եթե հրաժարվում են աշխատել։ Եվ այդ վերագրումները աճեցնելով՝ հասցնելու ենք սպառողական զամբյուղին ու իրենց համակարգից դուրս հանելուն»,- ասաց նախարարը։

Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ որպես ցուցիչ վերցրել են անապահովության սահմանային շեմը։ Իսկ անապահովության սահմանային շեմը համարվում է պարենային զամբյուղը, որն այս պահին 34 581 դրամ է։ Կատարվելու է կարիքների գնահատում, եւ այդ կարիքների գնահատման արդյունքում՝ ընտանեկան եւ սոցիալական նպաստների փոխարեն ներդրվելու է անապահովության նպաստ։ Այդ նպաստը ստանալու իրավունք են ունենալու մարդիկ, ովքեր գնահատվել են 4 աստիճան աղքատության ցուցիչով՝ ծայրահեղ անապահով, չափավոր անապահով, միջին անապահով, անապահով։

«Դրանից կախված՝ մենք ընտանիքներին առաջարկելու ենք աջակցության փաթեթ, դա կարող է լինել եւ դրամական աջակցություն, եւ կրթական, եւ կոմունալ, եւ առողջապահական արտոնություններ։ Գործող համակարգում նպաստի միջին չափը 33 350 դրամ է, նոր համակարգում միջին չափը կբարձրանա՝ կազմելով 49 330 դրամ։ Նպաստառուները նույնպես անկանխիկ վճարումներից հետվերադարձի ծրագրի շահառուներ են, այսինքն՝ եթե մենք սրան գումարում ենք նաեւ քեշբեքից ստացված արդյունքը, ապա միջինում նպաստի չափը լրացուցիչ կավելանա 5900 դրամով։ Այսինքն՝ անապահովության համակարգի ամբողջական ներդրման դեպքում միջին նպաստը կարող է կազմել մինչեւ 55 հազար դրամ։ Բայց նաեւ բոլոր այն մարդիկ ովքեր աշխատունակ են, ոչ մի սահմանափակող գործոն չկա, մենք ուղղակի իրենց հետ փորձելու ենք աշխատել՝ զբաղվածություն ապահովելով, հակառակ դեպքում նրանք չպետք է լինեն պետական այս աջակցության ծրագրի շահառու»,- նշեց նա։

Վերջին տվյալներով, ըստ Նարեկ Մկրտչյանի, նպաստառու ընտանիքների թիվը կազմում է 30 հազար։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031