ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը
Կարդացի հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության «պատմական փաստաթուղթը»․ իրականում այդքան երկար-բարակ գրած և գեղեցիկ փաթեթավորած տեքստի հենց առաջին վանկը խոսում է այն մասին, որ փաստաթղթի հիմնական առանցը հակառուսականությունն է, ինչպես նաև Իրանին ուղղված տողատակային ականները։ Մասնավորապես, այս համագործակցությամբ ԱՄՆ-ն՝ Իրանի հետ կապված, ուղղակիորեն «կապում է» Հայաստանի ձեռքերը․ հիշեցման կարգով ասեմ, որ Իրանի «Հեղափոխության պահապանների կորպուսը» ԱՄՆ-ի կողմից հրապարակվող փաստաթղթերում համարվում է «ահաբեկչական կազմակերպություն»։
Մի մեջբերում հիշյալ փաստաթղթից․ «Պաշտպանության և անվտանգության ոլորտներում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը շահավետ է ինչպես երկու երկրներին, այնպես էլ տարածաշրջանին»։ Այս նախադասության մեջ ամբողջովին ամփոփված է այն իրական դիրքորոշումը, որով Հարավկովկասյան տարածաշրջանում ԱՄՆ-ն փորձելու է դառնալ հեգեմոն, և դա անելու է իր վաղեմի բարեկամի Թուրքիայի ձեռամբ, իսկ փաշինյանական աչքկապոցին ընդամենը ծխածածկույթ է։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ով ծառայում է ոչ հայկական օրակարգին, նախօրեին վերահաստատեց, թե իրականում ով է իր տարածաշրջանային «պարտնյորը»։ Ըստ էության՝ ԱՄՆ-ի տարածաշրջանային հիմնական խաղացողը լինելու է Թուրքիան և հենց նա է «կյանքի կոչելու» այն գաղափարներն ու խոստումները, որոնք «աննախադեպ» փաստաթղթով ամրագրել են հայաստանյան կառավարիչները։
Ի դեպ՝ Նիկոլն իր խոսքում քանիցս ակնարկել է ՀՀ-ում թուրքական ներկայության վերաբերյալ ունեցած լուայլ դիրքորոշումը և, ըստ ամենայնի, առաջիկայում իր խոսույթում այդ մասով առավել լայն բացվածքով տիրաժավորումներ կանի։ Ավելին, չի բացառվում, որ մոտ ժամանակներս, ասենք, հայտարարվի, որ Եվրոատլանտյան դաշինքի որևէ ծրագրի շրջանակում անցկացվում են ՀՀ-ՆԱՏՕ (տվյալ դեպքում Թուրքիա) զորավարժություններ։ Կամ ասենք, մի փուլում հայտարարվի, որ
Թուրքիան հանդիսանում է մեր տարածաշրջանային կարևոր «գործընկերը»։
Իրականում հիշյալ փաստաթղթի մյուս առանցքային կետը, որն ամփոփված է էներգետիկ ոլորտում համագործակցության հատվածում, Հայաստանի ատոմակայանի հարցն է, որի շահագործումն, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ի պարտադրմամբ կդադարեցվի, ենթադրում եմ ինչ-որ նոր խոստման դիմաց։ Դե, իսկ թե ինչ հետևանքներ այն կունենա ՀՀ տնտեսության ու էներգետիկ անվտանգության վրա, թողնում եմ ձեր վառ երևակայությանը։
Եթե անկեղծ՝ մնացածը ձևական ու արարողակարգային բառակույտ է ու դատարկաբանություն, որի մասին լսել ենք մի քանի հազար անգամ՝ «մարդու իրավունքներ, ժողովրդավարության կայացում, ազատ խոսք, կոռուպցիայի դեմ պայքար, արդարադատություն, մշակույթ, կրթություն» և նմանօրինակ այլ լոլոներ։