Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղային ոլորտը պիտի առողջապահության նախարարությունը երևի կարգավորի, որ անձինք հոգեկան շեղում չունենան»․ Սերգեյ Բագրատյան

Հունվար 15,2025 13:19

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին և կից օրենսդրական փաթեթի նախագիծը և նշեց․ «Ֆինանսների նախարարությունը մշակում և իրականացնում է խաղային գործի ոլորտներում կառավարության քաղաքականությունը։ Ներկայումս խաղային ոլորտի կարգավորման ապահովումը կատարում է լիազոր մարմին հանդիսացող ՀՀ ֆինանսների նախարարության կողմից։ Խաղային ոլորտն առավելապես առնչվում է տնտեսության այլ ոլորտների հետ, դա տնտեսության ոլորտ է, առաջարկում ենք նշված օրենքների լիազոր մարմին սահմանել էկոնոմիկայի նախարարությանը, իսկ նրան վերապահված գործունեության հիմնական ոլորտը՝ պետություն-մասնավոր զարգացման ոլորտը տեղափոխել ֆինանսների նախարարություն»։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը այս առիթով նշեց․ «Պետության-մասնավոր գործընկերության տեղափոխումը ֆինանսների նախարարությունից միարժեք ճիշտ է, համամիտ ենք։ Բայց խնդրում եմ՝ հիմնավորեք՝ ի՞նչ հիմքով է խաղային ոլորտը Ձեր ղեկավարած նախարարությունից տեղափոխվում էկոնոմիկայի նախարարության տիրույթ»։

Նախարարն արձագանքեց․ «Ֆինանսների նախարարության գործառույթները հիմնականում վերաբերում են ՀՀ հանրային ֆինանսների կառավարման ոլորտին․ ֆիսկալ կառավարման նպատակ ունի։ Քանի որ խաղային ոլորտը տնտեսական ոլորտ է, ոլորտի զարգացման քաղաքականություն պետք է մշակվի, հայեցակարգ լինի՝ այդ ոլորտը ոնց պետք է զարգանա, դրա զարգացումը ոնց է համադրվում այլ ոլորտների զարգացման հետ։ Սա առավելապես տնտեսության ոլորտի զարգացման քաղաքականության կոմպոնենտ է պարունակում։ Կարծում եմ, որ այս ոլորտը նույնպես այլ ոլորտների հետ միասին, որոնք կարգավորվում են էկոնոմիկայի նախարարության կողմից, իրենք ավելի մեծ կարողություններ ու գիտելիքներ ունեն այս գործն ավելի որակով անելու համար»։

Սերգեյ Բագրատյանն արձագանքեց․ «Խաղային ոլորտը տնտեսության ճյուղ համարելը ճիշտն ասած չափազանցված է, իսկ նախարարության իմաստով, թե ովքեր են կոմպետենտ խաղային ոլորտի կարգավորման իմաստով, երևի ամենաշատը առողջապահության նախարարությունը պետք է կարգավորի, որ խաղային ոլորտի մասնակիցներից շատերը հոգեկան շեղվածություն չունենան։ Այդտեղ ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարությունների հավասար տրամաբանություն կա։ Հարկային եկամուտների գեներացման մասով ֆինանսների նախարարությունն անելիք ունի և զուտ ոլորտի կարգավորման համար նաև էկոնոմիկայի նախարարությունն անելիք ունի։ Այնպես որ, եթե համատեղ որոշում ունեք, կարող ենք համաձայնել որոշման հետ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031