Հայաստանյան ներքաղաքական դաշտի իշխանական և ընդդիմադիր ուժերը հաճախ են իրար մեղադրում պետական հանցագործությունների մեջ, սակայն այդ հայտարարությունները մնում են անհետևանք և իրենց հաճախականության պատճառով հանրության կողմից լուրջ չեն ընդունվում։ Ըստ իս, նման մեղադրանքները պետք է կամ ապացուցվեն կամ հերքվեն։
Իհարկե, ավելի հաճախ պետական հանցագործությունների մեջ մեղադրվում է հենց իշխանական Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը իր առաջնորդով, սակայն փոխադարձ ու համարժեք մեղադրանքներն էլ իրենց շատ սպասեցնել չեն տալիս։
Հետևելով առողջ ընդդիմադիր հատվածի հայտարարություններին՝ պարզ է դառնում, որ բոլորի մոտ կա մեկ ընդհանուր համոզում առ այն, որ ներկայիս իշխանությունների գոյության ամեն մի օրը սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության համար։ Ընդհուպ Հայաստանը Արցախի ճակատագրին արժանանալու վտանգի մասին է հայտարարվում։ Այս համոզվածության ֆոնին շատ տրամաբանական հարց է առաջանում թե ինչո՞ւ պետք է սպասել հաջորդ հերթական ընտրություններին և ինչո՞ւ չպետք է ձեռնամուխ լինել արտահերթ ընտրությունների կազմակերպմանը։ Չեմ կարող իմ առջև ամբիցիոզ նպատակ դնել ու ցույց տալ դրա իրականացման ճանապարհը, բայց վստահաբար կարող եմ ասել, որ դրա ճանապարհը կա և դրա իրականացնելու հնարավորությունը ունեցող ռեսուրսները նույնպես առկա են։
Բնականաբար, լավագույն տարբերակը կլիներ, եթե իշխանությունները նախաձեռնեին արտահերթ ընտրությունները, սակայն այդ տարբերակը հնարավոր լինելով հանդերձ, քիչ հավանական է դիտվում։ Ընդդիմությունը գիտակցում է, որ միայնակ իշխանափոխության հասնելը իրատեսական չէ նույնիսկ իշխանությունների ներկա ցածր վարկանիշի առկայության պարագայում։ Ուրեմն ի՞նչն է խանգարում ընդդիմությանը միավորվելու համար։ Կարծում եմ, այս գործում ամենամեծ, սակայն հաղթահարելի խոչընդոտը շարունակում է մնալ կասկածամտությունն ու անվստահությունը մեկը մյուսի հանդեպ։
Կարդացեք նաև
Անհրաժեշտ է, որպեսզի որևէ ուժ կամ անհատ նախաձեռնի հատկապես առողջ ընդդիմադիր հատվածի փոխհամագործակցության մթնոլորտի բարելավման գործընթաց, որից հետո ինքնաբերաբար ի հայտ կգա միասնական առաջնորդ ունենալու գաղափարը և արտահերթ ընտրություններ կազմակերպելու գործընթացը հաջողությամբ իրականություն կդառնա, ինչը և կհանգեցնի իշխանափոխության։ Իշխանությունները որքան հնարավոր է հենց իրենք իրենց ձեռքով են իջեցրել իրենց վարկանիշը, մնում է ասեն «խնդրում ենք եկեք վերցրեք իշխանությունը, մենք հոգնել ենք արդեն»։ Ավելի բարենպաստ պայմաններ չեն ստեղծվելու։
Չեմ կարծում, որ ընդդիմության առաջնորդները գիտակցում են ներկա ժամանակների ռազմա-քաղաքական բարդությունները, և այդ պատճառով չեն շտապում իշխանության գալ ու պատասխանատվություն վերցնել իրենց վրա։ Եթե դա այդպես է, ուրեմն ոչ միայն արտահերթ ընտրություններ չեն լինի, այլ հերթականին էլ ոչ մի իրական ընդդիմադիր ուժ հաջողություններ չի գրանցի։ Ազնիվ չէ մտածել, որ իշխանությունների ամեն մի օրը արհավիրք է բերում Հայաստանին և միևնույն ժամանակ պարզ հերթապահ քննադատությամբ զբաղվել։ Եթե ընդդիմությունը իսկապես իշխանափոխության է ձգտում, ապա արտահերթ ընտրություններին այլընտրանք չկա։ Այլընտրանքը ներկայիս իրական ընդդիմության ջախջախիչ պարտությունը կլինի 2026 թվականի հերթական ընտրություններում։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ