«2024 թվականին 58,5 մլրդ դրամի աջակցություն ենք տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Իսկ առհասարակ երեք աջակցության ծրագրերով, ընդհանուր առմամբ, տրամադրել ենք շուրջ 89 մլրդ 370մ մլն դրամի աջակցություն»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նա հիշեցրեց, որ այս ձմռան ընթացքում ֆինանսական աջակցություն կստանան Արցախից բռնի տեղահանված բոլոր անձինք, իսկ ապրիլ ամիսից աջակցությունն ավելի թիրախային կդառնա։ «Սրա նպատակը աշխատանքն ու զբաղվածությունը խթանելն է, ինչպես նաեւ բնակապահովության ծրագիր ուղղորդելը»,- ասաց նախարարը։
Նարեկ Մկրտչյանը հավելեց․ «Պետք է ուրախությամբ փաստեմ, որ տարեվերջին արդեն ակտիվություն սկսվեց բնակապահովման ծրագրի շուրջ, եւ 440 ընտանիք արդեն իսկ ստացել է հավաստագիր, որով մեր հայրենակիցներն արդեն կարող են սկսել իրենց տների կառուցումը, բնակարանների ձեռքբերումը։ Մեր բոլոր ծրագրերի մասով մենք հընթացս ունեցել ենք լավարկումների, փոփոխությունների անհրաժեշտություն եւ գրեթե միշտ վերադարձել ենք կրկին այդ նախագծերին, որը բնական գործընթաց է»։
Նշենք, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է դրել արցախցիների համար նախատեսված բնակապահովման ծրագրում փոփոխություններ կատարելու նախագիծ։
Նախարարը նշեց, որ այսօրվա դրությամբ շուրջ 25 հազար արցախցիներ համարվում են զբաղված։ Մի մասը պետական աջակցության ծրագրերով են ընդունվել աշխատանքի, բայց նրանց մեծ մասն ինքնուրույն են աշխատանք գտել։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ