Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. Էլինար Վարդանյան

Հունվար 15,2025 11:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեկ  բարձրացրած հարկերի դեմ բողոքում էին ոսկու շուկայի աշխատակիցները։ Առաջիկայում կտեսնենք բողոքի դուրս եկած նոր խմբեր։ Վստահ եմ, սրանով պրոցեսը չի սահմանափակվելու։ Գրեթե մեկ տարի առաջ  զգուշացնում էի, որ քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն,  և առաջիկայում նոր հնարքների են դիմելու, նոր աճպարարություններ են անելու բյուջեն համալրելու համար։ Եվ այդ ծանրությունն իր ուսերին զգալու է ՀՀ քաղաքացին։

Լավ ապրելու գավառական բանաձևը՝ շատ վաստակել, շատ ծախսել այս դեպքում այլ կերպ է  գործելու։ ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է։

Առաջիկայում համառ ու համբերատար ոլորտ առ ոլորտ կանդրադառնամ ՀՀ քաղաքացու համար լրացուցիչ բեռ ստեղծող հարկային պարտավորություններին և հնարավոր փոփոխություններին։

Այսօր՝  նոտարական, փաստաբանական, իրավաբանական և հաշվապահական ծառայությունների ընդհանուր հարկման դաշտ տեղափոխելու հետևանքով քաղաքացու համար ստեղծվող բեռին։

-2025թ. հունվարի 1-ից նոտարական և փաստաբանական ծառայությունները մինչև 2024թ սեպտեմբեր 5 տոկոս, իսկ սեպտեմբերից 10 տոկոս շրջհարկի փոխարեն դարձել են գրեթե 38 տոկոս։ Արդյունքում, մոտավոր հաշվարկներով փաստաբանական ծառայությունները թանկանալու են կամ արդեն թանկացել են գրեթե 40 տոկոսով։ Այս փոփոխությունների ծանրությունը յուրաքանչյուր տարի կրելու է շուրջ 200000 քաղաքացի։ Ամեն տարի դատարան մուտք է արվում շուրջ 190-200 հազար գործ։

Ավելին, փաստաբանները լուրջ խնդրի առջև են կանգնել անվճար փաստաբանական ծառայություններ մատուցելու հարցում։ Բազմաթիվ փաստաբաններ արդեն իսկ հանդես են եկել հայտարարություններով, որ 2025թ. այլևս չեն կարողանալու անվճար օգնել քաղաքացիներին։ Շղթայաբար ծանրաբեռնվելու է Հանրային պաշտպանի գրասենյակը։

Կա մեկ այլ, ավելի վատ ճանապարհ՝ մինչ այս պահը «սպիտակով» ծառայություն մատուցողները պայմանավորվելու են ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների հետ և հաջորդ տարի գումարի մեծ մասը ստանալու են կանխիկ /սևով/։

-Իրավական ակտերի նախագծերի միասնական e-draft.am կայքում տեղադրված է կառավարության որոշման նախագիծը, որտեղ վերանայվում են նոտարական ծառայությունների արժեքները։ Ծառայությունների արժեքը թանկանում է գրեթե կրկնակի։ Օրինակ՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերը առաջին հերթի ժառանգների համար 5-7 հազարի փոխարեն դառնում է 10-15 հազար։ Սրան իհարկե ավելանում է պետական տուրքը։ Ժառանգության իրավունքի վկայագրի համար առաջին հերթի ժառանգները 1-2 միավորի դեպքում կվճարեն 10-15 հազար՝ նախկին 3-5 հազարի փոխարեն։ Կրկին չմոռանանք ավելացնել պետական տուրքը։ Այս թանկացումները յուրաքանչյուր տարի, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, վերաբերելու է շուրջ 1 միլիոն քաղաքացու։

Արդարացի լինելու համար, սակայն պետք է նշել, որ առանց այս փոփոխությունների նոտարական գրասենյակներից շատերը փակման վտանգի տակ կլինեին։ Օրինակ մարզերում տարեկան ընդամենը մի քանի տասնյակ գործարք անող նոտարական գրասենյակները պարզապես չեն կարող աշխատել այդպիսի բարձր հարկերի պայմաններում։

-Հուլիսի 1-ից իրենց ծառայությունների արժեքը կվերանայեն նաև հաշվապահական և իրավաբանական ծառայություններ մատուցողները։

Այնպես որ սիրելի հայրենակիցներ, դուք կարող եք շատ աշխատել, միգուցե նաև շատ վաստակել, բայց ծախսելու եք շատ ավելի շատ, և այնպես չէ, որ լավ եք ապրելու։

Էլինար Վարդանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031