Ինչպես հասկանալ, թե որ ցանկապատն է անիմաստ
Հայր ու որդի քայլում են դաշտով եւ տեսնում են ցանկապատ: «Բացարձակապես չեմ հասկանում, թե ինչի համար է այդ ցանկապատը, ուզում եմ այն քանդել»,-ասում է որդին: Բայց հայրը կանգնեցնում է նրան ու առաջարկում է հարցին մոտենալ հակառակ տեսանկյունից. «Քանդիր այդ ցանկապատը միայն այն դեպքում, երբ դու կհասկանաս, թե ինչի համար է այն սարքած, ցանկապատերը հենց այնպես չեն բուսնում: Երբ համոզվես, որ կա՛մ նպատակն է անիմաստ, կա՛մ այդ ցանկապատը չի ծառայում իր նպատակին, քանդի՛ր: Այնպես որ, գնա տուն եւ մտածիր»:
Մոտավորապես այսպես է 20-րդ դարի առաջին կեսի գրող եւ կաթոլիկ մտածող Չեսթերտոնը հորդորում շրջահայաց լինել՝ կտրուկ բարեփոխումներ անցկացնելիս: Սկզբունքն ընդունված է անվանել «Չեսթերտոնի ցանկապատ»: Իրականում կարող է լինել երկու տարբերակ. 1/ այդ «ցանկապատն» անձնապես ձեզ է խանգարում, եւ այն «անիմաստ» անվանելով, դուք անձնական շահագրգռվածություն ունեք: 2/ Ցանկապատը ձեզ բացարձակապես չի խանգարում, բայց, վերացնելով այն, դուք անկեղծորեն կարծում եք, որ վերականգնում եք համաշխարհային ներդաշնակությունը:
Առաջին դեպքն առանձնապես հետաքրքիր չի. մարդիկ իրենց գործողությունները հիմնավորելու համար ասում են բաներ, որին իրենք էլ չեն հավատում: Օրինակ, պնդում են, որ այսինչ բանն իրենց համար լուրջ սպառնալիք է: Այդպես, Պուտինն ասում էր, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է հարձակվել Ռուսաստանի վրա, եւ այդ պատճառով էլ նա պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ:
Կարդացեք նաև
Մեզ հետաքրքիր է երկրորդ դեպքը, երբ կա անկեղծության այս կամ այն աստիճանը, երբ որոշում է ընդունվել բարեփոխել այս կամ այն ոլորտը, եւ դրան խոչընդոտում է, ենթադրենք, հասարակության կամ չինովնիկների հետամնացությունը: Կամ, օրինակ, երբ աշխարհի մասին ձեր պատկերացումները հիմնված են այն կանխավարկածի վրա, որ բոլոր լրագրողները ծախված են եւ գրում են պատվերով, եւ դուք ամբողջ ուժով դիմադրում եք այն փաստերին, որոնք չեն տեղավորվում այդ պատկերի մեջ:
Ի դեպ, այդպես է նաեւ գիտական հետազոտություններում, երբ հայտնաբերվում են փաստեր, որոնք հակասում են կուռ թվացող վարկածին: «Ավելի վատ՝ փաստերի համար», – ասում էր Հեգելը: Մյուս կողմից՝ գիտության եւ որեւէ այլ ոլորտում առաջընթացը ենթադրում է «ցանկապատերի վերացում», բայց այնպիսի «ցանկապատերի», որոնց վերաբերյալ, խորը վերլուծությունից հետո, կա վստահություն, որ դրանք «անիմաստ» են:
Մարդկությանը ժամանակ առ ժամանակ թվում է, որ այդպիսի ցանկապատեր են ընտանիքը, ազգը, կրոնը, սեռական ինքնությունը եւ այլ նման բաներ: Չեսթերտոնի հոդվածի պաթոսն, ի դեպ, վերաբերում էր կրոնին, որն իր ժամանակակից եվրոպացիները հերթական անգամ համարեցին «ավելորդ եւ անիմաստ»: Ինձ թվում է, այդ անհիմն ինքնավստահությունը եւ դրանից բխող համոզմունքը, թե իբր հնարավոր է «սեկուլյար հումանիզմ», բերեց Առաջին, այնուհետեւ` Երկրորդ աշխարհամարտերին, իսկ դրանց արանքում այդ «սեկուլյար հումանիստները» չնկատեցին նացիզմի վտանգը:
Մեզ՝ հայաստանցիներիս, համաշխարհային հովերը, հասկանալի պատճառներով, սովորաբար փոքր-ինչ ուշացումով են հասնում, եւ մասամբ դրանով է, հավանաբար, պայմանավորված, որ մենք որոշ ժամանակ չափից դուրս տարված էինք այդ «հովերով»: Կոնկրետ այս ժամանակահատվածում մեզ թվում է, թե որքան քիչ լինեն վերեւում նշված «անիմաստ ցանկապատերն», այնքան՝ լավ:
Մինչդեռ ցանկացած համոզմունք, մեծ հաշվով, ցանկապատ է: Եվ, հետեւաբար, ճիշտ նույնպիսի «ցանկապատ» է պաշտոնապես խրախուսվող «ստամոքսային գաղափարախոսությունը»: Պարզապես հիշեցնեմ, որ բարոյական շեղում չունեցող որեւէ մարդ չի ասում՝ «ես պատրաստ եմ իմ կյանքը տալ հանուն իմ ստամոքսի»: Այստեղից կարելի է դատողություններ անել այդ «ցանկապատի» կարեւորության մասին:
…Եվրոպայում անցած տարվա ամենակարեւոր իրադարձություններից էր դեկտեմբերի 7-ին Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացումը: Իսկ մեզ համար նաեւ՝ դրանից առաջ, սեպտեմբերին Մայր Տաճարի վերաօծման արարողությունը: Պարզապես մենք մինչեւ վերջ դեռ չենք հասկացել այդ իրադարձությունների իմաստը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.01.2025