Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնաթիռի կործանումն ու Պուտին-Ալիեւ հարաբերությունները

Հունվար 15,2025 12:00

Ալիեւը Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների սրացման հրապարակային ֆոնն ապահովեց

Դեկտեմբերի 25-ին Ղազախստանի տարածքում կործանվեց Ադրբեջանից Չեչնիա ուղեւորվող մարդատար ինքնաթիռը, որում եղել էին` Ղազախստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Ղրղըզստանի քաղաքացիներ։ Ուղեւորների մեծ մասը, սակայն, Ադրբեջանի քաղաքացիներ են։

Նախ ռուսաստանյան լրատվականները տեղեկություն տարածեցին այն մասին, թե ինքնաթիռը բախվել է թռչունների երամի, ինչն էլ, իբր, դարձել է կործանման պատճառ, որոնց հետ բախումից հետո պայթել է ինքնաթիռի թթվածին ապահովող համակարգը, որի հետեւանքով մարդիկ սկսել են կորցնել գիտակցությունը, եւ ինքնաթիռի հրամանատարը որոշել է վթարային վայրէջք կատարել այլընտրանքային՝ ղազախական «Ակտաու» օդանավակայանում եւ արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել, սակայն չի կարողացել հասնել օդանավակայան եւ կործանվել է մոտ երեք կիլոմետր հեռավորության վրա։

Այդ օրը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ինքնաթիռը Ռուսաստանի օդային տարածքում էր, երբ նրան զեկուցել էին ավիավթարի մասին, նա ընդհատել էր այցը Սանկտ Պետերբուրգ, որտեղ պետք է մասնակցեր ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, եւ վերադարձել էր Բաքու: Նույն օրը նա խորհրդակցություն էր անցկացրել ու նշել, որ վթարի պատճառներն իրենց հայտնի չեն, թեեւ տարբեր վարկածներ կան. «Գործը պետք է ամբողջությամբ հետաքննվի։ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել, եւ, բնականաբար, Ադրբեջանի հանրությունը պարբերաբար կտեղեկացվի ինչպես հանձնաժողովի աշխատանքի արդյունքների, այնպես էլ քրեական գործի ընթացքի մասին»։

Ինքնաթիռի կործանումից մի քանի ժամ անց, սակայն, ինքնաթիռի կործանման նախնական վարկածն ուղղակի հօդս ցնդեց: Համացանցը հեղեղվեց լուսանկարներով եւ տեսանյութերով, որոնցում ինքնաթիռի վրա երեւում էին բազմաթիվ անցքեր, դրանք բեկորների հետքերի կամ զենիթային հրթիռի վնասող տարրերի հետեւանքի մասին էին վկայում։ Անմիջապես տեղեկություններ շրջանառվեցին, որ «հենց այդպիսի տեսք ունի հակաօդային պաշտպանության համակարգի շահագործման հետեւանքով հասցված վնասը»։

Այնուհետեւ Ադրբեջանի կառավարության աղբյուրը Euronews-ին հայտնել էր, որ «Ադրբեջանի ավիաուղիների» օդանավի կործանման պատճառը եղել է ռուսական «երկիր-օդ» հրթիռը։ Աղբյուրը լրատվամիջոցին պատմել է, որ վնասված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել ռուսական օդանավակայաններում։ Նախաքննության տվյալները հաստատել են, որ Գրոզնիի վրայով ռուսական հրթիռն Ակտաուում ողբերգության պատճառ է դարձել։ Մեկնաբանելով ինքնաթիռի կործանումը, Սպիտակ տունը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը տեսել է ապացույցներ, որոնք վկայում են ռուսական ՀՕՊ-ի կողմից հարվածի հնարավորության մասին։

Ադրբեջանի կառավարության աղբյուրները լրատվամիջոցին նաեւ հայտնել էին, որ վնասված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել ռուսական օդանավակայաններում՝ չնայած վթարային վայրէջքի մասին օդաչուների խնդրանքին։ Նրանց հրահանգվել է թռչել Կասպից ծովով դեպի Ղազախստանի Ակտաուի ուղղությամբ։ Այս տարօրինակ հրահանգն էլ այլ կասկածների տեղիք տվեց, որ ըստ ամենայնի, օդաչուներին ուղղորդել էին` հույս ունենալով, որ ինքնաթիռը կկործանվի ծովում, բոլոր գաղտնիքները այդպես կմնան չբացահայտված: Իսկ ինքնաթիռը հասել էր գրեթե Ակտաու, եւ ուղեւորների մի մասն էլ ողջ էր մնացել:

Ապա, տեղեկություններ ստացվեցին այն մասին, որ օդանավի GPS նավիգացիոն համակարգերը խլացված են եղել ծովի վրայով թռիչքի ամբողջ ընթացքում։ Այսինքն՝ ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիի օդանավակայանում՝ մարտական անօդաչու թռչող սարքերի «խլացումների» գործողության արդյունքում, այլ ոչ թե եղանակային պայմանների պատճառով, ինչպես ավելի վաղ հայտնել էին։

Այնուհետեւ նշվում էր, որ ինքնաթիռը կարող էր խոցվել Չեչնիայի Նաուրսկի շրջանի վրա՝ Գրոզնիի օդանավակայանից 18 կիլոմետր հյուսիս, հյուսիս-արեւմուտք՝ 2,4 հազար մետր բարձրության վրա։ Բաց աղբյուրներից ստացված տվյալները ցույց են տալիս, որ այնտեղ տեղակայված են մի շարք զորամասեր, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության ուժեր։ Հենց այս տեղեկությունների ֆոնին Չեչնիան աջակցություն հայտնեց Ադրբեջանին, որից, սակայն, Ադրբեջանը հրաժարվեց:

Ուշագրավ էր, որ այդ օրերին հայտնի դարձավ, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «Չեչնիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» մեդալ էր շնորհել իր եղբորորդուն՝ Խամզաթին: Խամզաթ Կադիրովը Չեչնիայի անվտանգության խորհրդի քարտուղարն է, նա դեկտեմբերի 25-ի առավոտյան սոցիալական ցանցերում գրել էր, որ Չեչնիայում բոլոր ԱԹՍ-ները խոցվել են։ Չեչենական ընդդիմադիր NIYSO տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ «կՈվՓՌՐՖ-հ1» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգն աշխատում էր Գրոզնիում հենց այն ժամանակ, երբ Ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր։

Բաքվից առաջին պաշտոնական արձագանքը լրատվամիջոցներում այսպես մատուցվեց. Ադրբեջանը պահանջում է ճանաչել ինքնաթիռի կործանման փաստը, ներողություն խնդրել եւ վճարել համապատասխան փոխհատուցում, լրատվամիջոցներին հաղորդել էին Ադրբեջանի նախագահի աշխատակազմից։

Ռուսական մամուլում` եղանակային պայմաններով պայմանավորված, կամ թռչունների երամին բախվելու ինքնաթիռի կործանման վարկածների տարածումից որոշ ժամանակ անց Ռուսաստանի նախագահի խոսնակը նախ նշեց, որ ռուսական կողմը կսպասի հետաքննության վերջնական արդյունքներին. «Սխալ կլինի հետաքննության եզրակացություններից առաջ ինչ-որ վարկածներ առաջ քաշել, եւ մենք, իհարկե, դա չենք կարող անել, եւ ոչ ոք չպետք է անի»,-ասել էր Դմիտրի Պեսկովը։

Իսկ ադրբեջանական լրատվականներում արդեն նման վերնագրերով լուրեր սկսեցին հրապարակվել՝ «Կրեմլը հրաժարվել է ընդունել իր մեղավորությունը ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանման համար», վկայաբերում էին Պեսկովի ավելի ուշ արած մեկնաբանությունը. «Ավելացնելու ոչինչ չունեմ։ Այս ավիացիոն միջադեպի վերաբերյալ կատարվում է հետաքննություն, եւ մինչ հետաքննության արդյունքներով արված եզրակացությունները, մենք չենք համարում մեզ իրավասու որեւէ գնահատական տալ։ Կան ավիացիոն իշխանություններ, որոնք լիազորված են զբաղվելու այս հարցով, եւ ցանկացած տեղեկատվություն կարող է ստացվել միայն նրանցից»։

Ինչպե՞ս կազդի այս «միջադեպը» ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա, այս հարցն էր, որ ինքնաթիռի կործանումից ժամեր անց արդեն հեղեղել էր համացանցը:

Իհարկե, շատերն էին կանխատեսում, որ 2020թ. նոյեմբերի 9-ին տեղի ունեցածից հետո, Պուտինն ու Ալիեւը կարող են բավարարվել «ներողություն հայցով»: Հիշեցնենք, որ 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի օդային տարածքում խոցվեց ռուսական Մի-24 ռազմական ուղղաթիռը: Այն կործանվել էր Երասխավան գյուղից ոչ հեռու: Բաքուն հաստատեց, որ ռուսական օդանավը խոցվել էր ադրբեջանական կողմից: Այնուհետեւ ադրբեջանական կողմը ներողություն էր հայցել «ողբերգական միջադեպի կապակցությամբ» եւ հավաստիացրել, թե «պատահական բնույթի» միջադեպը ուղղված չէ ընդդեմ ռուսական կողմի։ Բաքուն նաեւ համապատասխան դրամական փոխհատուցման պատրաստակամություն էր հայտնել։ Ռուսական կողմն էլ բավարարվեց այդքանով` ընդունեցին «ներողությունը» եւ ամեն ինչ մոռացվեց:

Իսկ ահա ադրբեջանական ինքնաթիռի կործանման համար Բաքվից անմիջապես պահանջեցին, որպեսզի ռուսական կողմը ներողություն խնդրի ադրբեջանական ինքնաթիռի կործանման համար: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն առաջիններից էր, որ հայտարարեց, որ ինքնաթիռը խոցվել է Ռուսաստանի տարածքում՝ Գրոզնիի երկնքում, եւ դա հերքելը անհնար է: Նրա խոսքով՝ Ռուսաստանում որոշ մարդիկ որոշակի քայլեր են ձեռնարկում մեդիայում, որպեսզի թաքցնեն հետքերը, սակայն, Մուսաբեկովի կարծիքով, դրա փոխարեն ռուսական կողմը պետք է համապատասխան արձագանքի իրավիճակին եւ ներողություն խնդրի։

Ուշագրավ էր Ղազախստանի պահվածքը, որ հետագայում Ադրբեջանում իրապես «եղբայրական» երկրի կեցվածք որակեցին: Ինքնաթիռի կործանումից արդեն 3 օր անց Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարեց հանրապետությունում ավիացիոն անվտանգության վիճակի ուշադիր ուսումնասիրության անհրաժեշտության մասին։ «Նախագահը նշել է տեղեկատվական սադրանքների եւ կեղծիքների կանխարգելման կարեւորությունը: Բացի այդ, նա նշել է ողջ երկրում ավիացիոն անվտանգության վիճակի ուշադիր ուսումնասիրության անհրաժեշտությունը»,-ասվում էր հաղորդագրության մեջ։

Դեկտեմբերի 28-ին Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Տոկաեւի հետ։ Նույն օրն ավելի ուշ արդեն հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահը ներողություն է խնդրել Ադրբեջանի առաջնորդից տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ՝ փաստացի ընդունելով, որ ողբերգական միջադեպի ժամանակ տարածքում ռուսական ՀՕՊ համակարգեր են աշխատել։ Այդ մասին Վլադիմիր Պուտինը հայտնել է Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել Կրեմլի նախաձեռնությամբ։ «Նշվել է, որ ադրբեջանական մարդատար ինքնաթիռը բազմիցս փորձել է վայրէջք կատարել Գրոզնիի օդանավակայանում։ Այդ պահին Գրոզնին, Մոզդոկը եւ Վլադիկավկազը հարձակման են ենթարկվել ուկրաինական մարտական անօդաչու թռչող սարքերի կողմից, եւ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել այդ հարձակումները»,- հայտարարեց Կրեմլը։

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Իլհամ Ալիեւը նշել է, որ ինքնաթիռը, գտնվելով Ռուսաստանի օդային տարածքում, ենթարկվել է արտաքին ֆիզիկական եւ տեխնիկական ազդեցության եւ ամբողջությամբ կորցրել է կառավարումը, ուղարկվել է Ակտաու քաղաք եւ «կարողացել է արտակարգ վայրէջք կատարել միայն օդաչուների քաջության ու պրոֆեսիոնալիզմի շնորհիվ»։ Նա ընդգծել է, որ ինքնաթիռի կմախքի վրա բազմաթիվ անցքեր են եղել, ուղեւորներն ու անձնակազմի անդամները դեռ օդում գտնվելիս վիրավորվել են օտար մասնիկներից, որոնք հայտնվել են ինքնաթիռի ներսում, եւ որ ողջ մնացած բորտուղեկցորդների եւ ուղեւորների ցուցմունքները հաստատում են արտաքին ֆիզիկական եւ տեխնիկական ազդեցության փաստը։

Դեկտեմբերի 29-ին Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները եւս մեկ հեռախոսազրույց էին ունեցել։ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիեւը շարունակել են քննարկել «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման հետ կապված հարցեր։

Նկատենք, որ ադրբեջանական ինքնաթիռի կործանումից մի քանի ժամ անց Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին X-ում ցավակցել էր նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրելով. «Առօրյա կյանքով ապրող մարդկանց պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չպատճառել»։

Այսպիսով, Ալիեւը ինքնաթիռի կործանումից հետո գոնե հրապարակայնորեն Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների սրման ֆոն ապահովեց: Սակայն քչերն են հավատում, որ գործնականում այդ հարաբերություններում լրջագույն խնդիրներ կառաջանան, որոնք կարող են իրապես կասկածի տակ դնել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունը, կամ` վնաս հասցնել դրանց:

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 14.01.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031