Աննա Սաֆարյանի (ներկայացուցիչ՝ փաստաբան Օֆելյա Հարությունյան) դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել էր 2024 թվականի դեկտեմբերի 27-ին:
Ներկայացնելով թիվ ԵԴ/54523/02/22 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ դիմողը գտնում էր, որ «(…) ՀՀ Աշխատանքային օրենսգրքի` մինչեւ 03.05.2023թ. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-160-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը (մինչեւ 2023թ. հուլիսի 31-ը) գործող խմբագրությամբ «Աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերը» վերտառությամբ 265-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունը հակասում է ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասի, 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, եւ 79-րդ հոդվածի պահանջներին, նշված հոդվածում առկա «անհատական իրավական ակտը»-ից հետո փակագծերում նշված «փաստաթուղթը» բառն անորոշ է, հստակ չէ, ինչի արդյունքում խախտվում են աշխատողների իրավունքները, նշված դրույթին պրակտիկայում տրվող մեկնաբանություններն աշխատողներին հնարավորություն չեն տալիս իրականացնել Սահմանադրությամբ վերապահված իրենց աշխատանքային իրավունքների արդյունավետ պաշտպանությունը՝ դրանով իսկ խախտելով Սահմանադրությամբ ամրագրված որոշակիության սկզբունքը, աշխատանքից անհիմն ազատելու դեպքում՝ դատական պաշտպանության իրավունքը, օրենքների կանխատեսելիության սկզբունքը, կոնկրետ իրավիճակներում իրավունքի հասցեատիրոջ այս կամ այն վարքագիծը կանխորոշելը»:
Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով խնդրել է. «ՀՀ Աշխատանքային օրենսգրքի` մինչեւ 03.05.2023թ. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-160-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը (մինչեւ 2023թ. հուլիսի 31-ը) գործող խմբագրությամբ «Աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերը» վերտառությամբ 265-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունը, մասնավորապես «անհատական իրավական ակտ» եզրույթին հավասարազոր կիրառված «փաստաթուղթը» ձեւակերպման մասով, ճանաչել ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, եւ 79-րդ հոդվածին հակասող եւ անվավեր, իսկ Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ՝ վիճարկվող դրույթը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու դեպքում, որոշել, որ վիճարկվող նորմը Դիմողի նկատմամբ սխալ է մեկնաբանվել եւ կիրառվել»:
Ըստ Դիմողի՝ «(…) օրենսդիրը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածում «անհատական իրավական ակտ» եզրույթին հավասարազոր կիրառելով նաեւ «փաստաթուղթ» տերմինը, ի նկատի է ունեցել, որ անհատական իրավական ակտը աշխատողին պետք է տրամադրվի թղթային կրիչի միջոցով, որի վրա պետք է դրվի աշխատողի ստորագրությունը՝ ի հավաստումն նրա, որ վերջինս իրեն վերաբերող անհատական իրավական ակտը ստացել է գործատուի կողմից. «Նշված հոդվածում փակագծում զետեղված «փաստաթուղթ» տերմինի այլ մեկնաբանություններն անընդունելի են: Ավելին, 2023թ. մայիսի 3-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ, որն ուժի մեջ է մտել 2023թ. հուլիսի 31-ին, հստակեցվել է այս խնդիրը, մասնավորապես, ՀՀ աշխ. օր.-ի 265-րդ հոդվածի 1-ին մասը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ հեռացնելով փակագծում նշված «փաստաթուղթ» տերմինը: Սա եւս վկայում է այն մասին, որ նշված տերմինը հոդվածում թողնելը՝ իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից օրենսդիրը խնդրահարույց է դիտարկել, եւ որպեսզի կանխի դրանից օգտվող գործատուների անբարեխիղճ վարքագիծը, հոդվածը հստակեցրել է՝ թողնելով միայն «անհատական իրավական ակտ» եզրույթը։ Սակայն օրենքի փոփոխությունը չի տարածվում նախկինում ծագած վեճերի նկատմամբ, որի պատճառով դիմողը հայտնվել է շատ բարդ իրավիճակում՝ ստորադաս դատարաններում չստանալով համապատասխան դատական պաշտպանություն՝ հենց վիճարկվող նորմի ոչ հստակ ձեւակերպման պատճառով, որը վերջինիս նկատմամբ կիրառվել է լրիվ այլ մեկնաբանությամբ»:
Կարդացեք նաև
Դիմողը գտնում էր նաեւ, որ քննարկվող հոդվածում փակագծում առկա «փաստաթուղթ» տերմինը իրենից ներկայացնում է անհատական իրավական ակտը միայն փաստաթղթի միջոցով տրամադրելու պահանջ, իսկ փաստաթուղթը պետք է հստակ համապատասխանի անհատական իրավական ակտին ներկայացվող բոլոր պայմաններին եւ բովանդակի դրա բոլոր տարրերը, ինչը տվյալ դեպքում առկա չէ, իսկ ստորադաս դատարանների՝ օրենսդրի կամքին ու նպատակին վերաբերող մյուս բոլոր մեկնաբանություններն անհիմն են:
Երեկ Սահմանադրական դատարանի դատական կազմը տարվա անդրանիկ որոշմամբ մերժեց Աննա Սաֆարյանի անհատական դիմումով գործի քննությունը: ՍԴ-ն փաստեց, որ Վճռաբեկ դատարանը մերժել էր մինչ այդ նրա բողոքը վարույթ ընդունել եւ այս գործով առկա է օրինական ուժի մեջ մտած վճիռ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.01.2025